Գողացված կապիտալի վերադարձին շուտ սպասել պե՞տք չէ. մասնագետների դիտարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն օրեր առաջ նամակ է գրել Համաշխարհային բանկին, որը նպատակ ունի Հայաստանից թալանված եւ արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի եւ վերադարձի գործընթաց սկսելու:
Բանն այն է, որ Համաշխարհային բանկի եւ UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք է առկա, որը կոչվում է Stolen Asset Recovery Initiative։ Եվ Համաշխարհային բանկին գրված այս նամակը նպատակ ունի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն ստանալ:
Իսկ ի՞նչ է անելու նշված կազմակերպությունը եւ ինչպե՞ս է հնարավոր գողացված միջոցները հետ բերել: Նախ նշենք, որ The Stolen Asset Recovery Initiative-ը (Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնություն) առաջացել է Համաշխարհային բանկի ու Միացյալ ազգերի կազմակերպության համագործակցության արդյունքում:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը դրական է համարում այս քայլը` նշելով, որ իսկապես կարելի է արդյունքներ ակնկալել: «Այն պետությունները, որոնք բռնում են ժողովրդավարացման ուղին, եւ, ըստ էության, գալիս է լեգիտիմ իշխանություն եւ նման քայլեր է ձեռնարկում, Համաշխարհային բանկն, այո, ունի նման ընթացակարգ, գործընթաց. ծրագիր եւ ակտիվների ետ վերադարձի մեխանիզմ, որը թույլ է տալիս կամ օժանդակում է տվյալ երկրի կառավարությանը` բացահայտել այն ասիմետրիկ ինֆորմացիոն իրավիճակը, որը կապված է տվյալ երկրի կապիտալի արտահոսքի հետ հիմնականում օֆշորային սխեմանեկով, այլ երկրների բանկային, ֆինանսական, բորսայական միջոցներով», – նշեց նա:

Թեեւ փորձագետը ընդհանուր առմամբ դրական է գնահատում նախաձեռնությունը, բայց խորհուրդ չի տալիս Համաշխարհային բանկից արագ արդյունքներ ակնկալել: «Արագ տեղի ունեցող գործընթաց չէ իհարկե, ընթացակարգերը ենթադրում են նախ ուսումնասիրություն այն հիմքերի, որը ներկայացնում է տվյալ երկրի կառավարությունը, եւ բնականաբար ձեւավորվում է որոշակի հանձնախումբ, որը ժամանակի ընթացքում պետք է ուսումնասիրություններ իրականացնի թե՛ տվյալ երկրում, եւ թե՛ այն ենթադրյալ երկրներում եւ համակարգերում, որտեղ կարող են թաքնված կամ ներդրված լինել տվյալ միջոցները: Դրանք կարող են լինել արժեթղթեր, անշարժ գույք, բիզնես, տարբեր տեսակի թանկարժեք օբյեկտներ, մետաղներ` ոսկու ձեւով, ձուլակտորներ եւ այլն», – հավելեց նա:

Միեւյնույն ժամանակ Ատոմ Մարգարյանը նշեց, թե ժամկետները կարող են շատ տարբեր լինել. հնարավոր է արդյունք լինի նույնիսկ վեց ամիս անց, սակայն միեւնույն ժամանակ այդ ամենը կարող է տարիներ ձգվել: Սակայն ընդհանուր առմամբ մասնագետներն արդյունքներ են ակնկալում վեց տարուց ոչ շուտ: «Շատ հնարավոր է, որ դա երկարատեւ գործընթաց լինի: Այո, կարող է երկար ձգվել, դա կախված է նրանից, թե ինչ սխեմաներ են իրականացվել: Ես մեկ օրինակ բերեմ` տրանսֆերային գնագոյացման սխեմաները, որոնք վերաբերում են հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանմանը օֆշորային սխեմաներով եւ, երբ վաճառվում է օֆշորային դրածո ընկերության արտադրանքը անհամեմատ ցածր գնով եւ հետո վերավաճառվում իրական գնորդին: Եվ այս ամբողջ սխեմայի նպատակն իհարկե հարկերից խուսափելն է: Այդ պայմաններում արդեն ժամանակ է պետք այդ ամենը գնահատելու եւ բացահայտելու համար: Այդպիսի գործընթացներ եղել են Վրաստանում, Ուկրաինայում, ասիական երկրներում: Այսինքն` այն երկրներում, որոնք տարիներ շարունակ եղել են կոռուպցիայի, պրեսինգի տակ: Շատ իրատեսական է այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը», – եզրափակեց փորձագետը:
Նշենք, որ գողացված գումարների վերադարձի բազմաթիվ դեպքեր կան: Օրինակ, վերջին 21 տարում Ֆիլիպինները վերականգնել են գողացված եւ հիմնականում Շվեյցարիա տեղափոխված ավելի քան $ 1 մլրդ: 2007թ-ի դրությամբ Պերու վերադարձվել էր ավելի քան $ 174 մլն՝ Շվեյցարիայից, Կայմանյան կղզիներից եւ ԱՄՆ-ից: Շվեյցարիայի իշխանությունների կողմից սառեցվել եւ Նիգերիա է վերադարձվել գողացված $ 700 մլն: 2006 եւ 2007թթ.-ին Բրիտանական եւ Հարավաֆրիկյան իշխանություններն օգնել են Նիգերիային վերականգնել $ 17.7 մլն գումար, որն ապօրինի յուրացվել էր պաշտոնյայի կողմից:

Հավելենք, որ այս առումով հաջողության են հասել այն պետությունները, որոնց հաջողվել է իրավական հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, ուր տարվել է կապիտալը։ Եվ հետաքրքիրն այն է, որ որեւէ մեկն այս պահին հստակ թիվ չի կարող ասել, թե որքան գումար է իրականում ապօրինի դուրս բերվել Հայաստանից եւ յուրացվել: Բայց դրա մասին խոսել են շատ եւ պարբերաբար: Ըստ որոշ տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանից արտահոսել ու այլեւս երբեք երկիր չի վերադարձվել ավելի քան 25 մլրդ դոլար գումար: Հայաստանի համար, ինչպես հասկանալի է, այս թիվն իսկապես ահռելի մասշտաբների է: Հուսանք իշխանություններն այս առումով ռեալ քայլեր կանեն, այլ ոչ թե կբավարարվեն ընդամենը pr-ի նպատակով հայտարարություններ անելով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս