ԽՆԱՅՈՒՄ ԵՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը, բայց արի ու տես, որ խնայողություններն անում է տպագիր մամուլի հաշվին: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատել է տեղեկությունները, որ իրենք հրաժարվել են թերթերի բաժանորդագրումից: «Թերթերի բաժանորդագրումներից հրաժարվելը կատարավել է աշխատակազմի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: Հաշվի առնելով հանգամանքը, որ թերթերը չեն սպառվում աշխատակազմում` որոշում է կայացվել հրաժարվել բաժանորդագրումից. սա հիմնականում կապված է թերթերում տպագրվող հոդվածների էլեկտրոնային հասանելիության հետ: Բացի այդ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» շարունակում է ստանալ թերթեր, ի թիվս իր այլ բազմաթիվ գործառույթների կատարում է մամուլի մոնիտորինգ եւ ներկայացնում պաշտոնյաների ուշադրությանը»,- պարզաբանել է նա:
Եթե նման որոշում կայացներ նախկին վարչապետներից որեւէ մեկի ղեկավարած կառավարությունը, մենք չէինք զարմանա, եւ կհամարեինք բնական. ի վերջո այդ պաշտոնյաները միշտ էլ մամուլին որպես հակառակորդ են դիտարկել` չխորշելով անցանկալի լրատվամիջոցների ճանապարհին հարուցել զանազան խոչընդոտներ: Բայց արի ու տես, որ նման որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն դեպքում, երբ վարչապետն ինքը երկար տարիներ եղել է հայաստանյան առաջատար թերթերից մեկի գլխավոր խմբագիրը, եւ լավ գիտի, թե տպագիր մամուլի համար ֆինանսական ինչպիսի լուրջ հարված է բաժանորդագրումից հրաժարվելը: Սա նշանակում է քայլ անել մամուլը սնանկացնելու ուղղությամբ: Ընդ որում` այդպես կառավարությունը չնչին միջոցներ է խնայում: Ինչ վերաբերում է թերթերում տպագրվող հոդվածների էլեկտրոնային հասանելիությանը, ապա շատերն իրենց հրապարակումները տեղադրում են հաջորդ օրը, որպեսզի չխանգարի վաճառքին: Եւ վերջապես, մամուլի մոնիտորինգը եւս չի կարող փոխարինել թերթ ընթերցելուն թեկուզ եւ այն պատճառով, որ մոնիտորինգ իրականացնողն իր պատկերացումների շրջանակներում է ներկայացնում կարդացած հոդվածը, եւ նախկինում նման դեպքերում եղել են նյութերի բովանդակությունը ներկայացնելիս թյուրիմացություններ:
Այնուամենայնիվ հակված ենք մտածելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել այս որոշումից, ու կառավարության աշխատակազմն ինքնագլուխ կերպով է գնացել նման քայլի:

 

 

Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն կոմիտեի աշխատակիցներին ներկայացնելու միջոցառմանը սպասում էր տեսնել նաեւ ՔԿ նախկին պետ Աղվան Հովսեփյանին: «Ես կարծում էի, որ պարոն Հովսեփյանը ներկայացմանը ներկա կլիներ, բայց…»,- ասել է Գրիգորյանը: Իսկ թե ինչու նախկին ղեկավարը ներկա չի գտնվել այդ արարողությանը, ՔԿ պետը պատասխանել է, որ տեղյակ չէ: Ինչպես հայտնի է, Աղվան Հովսեփյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նրա տեղակալ Վահագն Հարությունյանը, որ նախկինում մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն է եղել: Մեր հարցին, թե դուք եք հորդորել, թե ոչ, Գրիգորյանը պատասխանել է. «Վահագն Հարությունյանը ազատվել է սեփական դիմումի համաձայն: Իսկ իր շարժառիթներով ես չեմ հետաքրքրվել»:

 

 

Ռուսական կողմը պնդում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ առանց նախազգուշացնելու զորավարժություններ էին արել հենց բնակելի տարածքում, քաղաքական ենթատեքստ չունի: ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է. « Միակ բանը, որ երեւի թե հստակ չի արվել, երթուղու համաձայնեցումն է: Այդ հարցով էլ Պաշտպանության նախարարը խոսել է ե՛ւ դեսպանի, ե՛ւ ռազմաբազայի ղեկավարության հետ: Եվ բոլոր անհրաժեշտ հետեւություններն արվել են»: Նկատենք, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե տեղի ունեցածը սադրանք է հայ-ռուսական բարեկամության, ինչպես նաեւ ՀՀ ինքնիշխանության դեմ: Կոլերովն այս կապակցությամբ նշել է.«Դա տեխնիկական հարց է, տեխնիկական խնդիր է: Բոլոր անհրաժեշտ հետեւություններն արված են:Իսկ եթե ասում է՝ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին»:

 

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ չի բացառել, որ աշխատանքից կազատի Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է: Նախարարը հայտարարել է, թե նախարարությունը շարունակում է ստուգումները այդ ԲԿ-ում, հայտնաբերել է չարաշահումներ: Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ որեւէ մտահոգություն չունի: «Ստուգումներ իրականացնող հանձնաժողովը պետք է փաստաթուղթ գրի, որ բոլորս տեսնենք, որպեսզի կա՛մ համաձայնենք, կա՛մ ոչ:»,- ասել է նա: Միաժամանակ Մինասյանը չի համաձայնել տեսակետի հետ, որ բժշկական կենտրոնում կատարվող ստուգումների պատճառը Սարգսյանի հետ իր խնամիական կապն է: «Իհարկե, ո՛չ: …Իմ գործընկերները ստուգում են իրենց հատկացրած խոշոր գումարները»,- ասել է նա:

 

 

ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը դեռ նշանակված չէ, բայց քաղաքական ուժերից շատերն արդեն սկսել են մրցավազքը: Իշխանության մաս կազմող կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ փորձում են ամեն գնով ապացուցել, որ հենց իրենք են արժանի գլխավորելու ավագանու ցուցակը: Ու սա փորձում են ապացուցել ոչ այնքան հանրությանը, որքան իրենց կուսակցությունների ղեկավարներին, որոնք այս օրերին դեռեւս լռություն են պահպանում:
Սկզբում խոսվեց, որ ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կարող է գլխավորել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Մինչ մամուլում այդ մասին հրապարակումներից հետո տիկին Զոհրաբյանը փորձում էր սոցիալական ցանցերում հանդես գալ Երեւանի հիմնախնդիրների մասին բարձրաձայնումներով, արագ հրապարակ նետվեց երկրորդ թեկնածուի անունը՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյան: Հասարակությունը դեռ չէր հասցրել քննարկել՝ ԲՀԿ-ի համար երկու թեկնածուներից ով է առավել ընդունելի, երբ պարզ դարձավ, որ այստեղ կա նաեւ երրորդ թեկնածուն: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի կողմնակիցները երեկվանից սկսել են սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածել պատգամավորի նկարը` նշելով, թե կցանկանային քաղաքապետի պաշտոնում տեսնել հենց նրան: Ամեն ինչ ընթանում է հայտնի սցենարով. կողմնակիցների մի մասը տարածում է Էնֆիաջյանի նկարը, մի մասն էլ նկարների տակ ակտիվորեն մեկնաբանություններ գրում՝ փառաբանելով թեկնածուի անգերազանցելի արժանիքները: Չի բացառվում` առաջիկա օրերին ԲՀԿ-ում նոր թեկնածուներ եւս ի հայտ գան. ի վերջո այդ կուսակցությունում ցանկացած երկրորդն իրեն համարում է քաղաքական մեծ գործիչ:
Նման պատկեր է նաեւ ՔՊ-ում. մամուլում իրար հետեւից հայտնվում են ավագանու ցուցակը գլխավորող հավանական թեկնածուների անուններ: Ալեն Սիմոնյանն այս օրերին առանձնահատուկ ակտիվություն է սկսել ցուցաբերել, երեկ էլ սոցիալական ցանցերում հայտարարեց «լավ նորության մասին», այն է՝ ԱԺ-ում չորս օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դնում: Միաժամանակ, որպես թեկնածու քննարկվում է Արարատ Միրզոյանի եւ Հայկ Մարությանի անունը: Կարճ ասած` այստեղ էլ քաղաքապետի թեկնածուների պակաս չկա:
Բայց ամենահետաքրքրականն այն է, որ այս պայքարն ընթանում է կուսակցությունների ղեկավարների քար լռության պայմաններում. քաղաքական ուժերի ղեկավարները դեռեւս չեն շտապում այս հարցում որոշում կայացնել հասկանալի պատճառներով: Բայց երիտասարդներն իրենց ֆեյսբուքյան լայքերով ու մեկնաբանությունների թվով փորձում են ամեն կերպ ապացուցել, որ հենց իրենք են ավագանու ցուցակը գլխավորելու արժանի միակ ու անկրկնելի թեկնածուն:




Լրահոս