ԵԹԵ ՍԱԴՐԱՆՔ Է, ԹՈՂ ՓՆՏՐԻ ՄԵՂԱՎՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան առանց տեղի իշխանություններին եւ բնակիչներին նախազգուշացնելու Շիրակի մարզի Փանիկ գյուղում զորավարժություններ էր անցկացրել: Գյուղացիները խուճապի էին մատնվել: Ավելի ուշ Գյումրիում տեղակայված ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել կատարվածի համար: Սա այն բանից հետո, երբ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հայտնեց, որ հարցը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:

Դեպքի ուսումնասիրությամբ այժմ զբաղվում է Պաշտպանության նախարարությունը, որն էլ կտրամադրի հետագա տեղեկատվությունը: Երեկ դեպքին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով. «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, եւ ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, եւ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, եւ կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն»: Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ռուսական կողմից հավաստիացում են ստացել, որ նման բան այլեւս չի կրկնվի:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ:
-Պարո՛ն Կոլերով, ռուսական 102-րդ ռազմաբազան զորավարժություն անցկացրեց առանց նախապես այդ մասին տեղեկացնելու տեղի իշխանություններին եւ բնակչությանը: ՀՀ ԱԱԾ պետը նշել է, որ դա անփութություն է: Համամի՞տ եք դրան:
-Այն, ինչ ես կարդացել եմ հայկական աղբյուրներում, ստիպում է ինձ մտածել, որ համաձայնություն եւ նախազգուշացում եղել է: Եվ այդ մասին ռուսական կողմն ուղիղ ասում է: Միակ բանը, որ երեւի թե հստակ չի արվել, երթուղու համաձայնեցումն է: Այդ հարցով էլ Պաշտպանության նախարարը խոսել է ե՛ւ դեսպանի, ե՛ւ ռազմաբազայի ղեկավարության հետ: Եվ բոլոր անհրաժեշտ հետեւություններն արվել են: Ինչո՞ւ են այդպես վարվել` ես չգիտեմ: Կարծում եմ, որ հիմա` նոր պայմաններում, երբ նոր կառավարություն է, նոր չինովնիկներ են, ապարատային խնդիր է: Նախկինում խնդիրներ այն հարցով, որ երթուղին համաձայնեցված չէ, ես չեմ հիշում:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ կառավարության նիստին հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունեցել Փանիկ գյուղում, սադրանք է Հայաստանի ինքնիշխանության դեմ:
-Դա տեխնիկական հարց է, տեխնիկական խնդիր է: Բոլոր անհրաժեշտ հետեւություններն արված են: Պետք է հիմա փնտրել, թե ով է մեղավոր, որ համաձայնությունը հստակ չի եղել: Իսկ այն, որ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին: Կտեսնենք, թե ով է այնտեղ գլխավոր սադրիչը:
-Խնդիրն այն է, որ տեղի բնակիչները սարսափի մեջ են եղել, քանի որ չեն իմացել, որ նման բան պետք է տեղի ունենա:
-Անշուշտ, նրանք սարսափի մեջ են եղել, քանի որ ռազմական տեխնիկան հաճելի չէ:
-Ռազմաբազան ներողություն է խնդրել կատարվածի համար: Իսկ ի՞նչ եք կարծում, ՌԴ կողմից պե՞տք է այս հարցով պաշտոնական հայտարարություն լինի:
-Անշուշտ, բոլոր ներողություններն ասված են: Էլ ինչ է պետք անել: Դուք ուզում եք, որ Ձեր առջեւ Պուտինը ներողություն խնդրի: Ներողությունը եղել է բազայի կողմից: Իսկ բազան ո՞ւմ է ներկայացնում, Ռուսաստանի՞ն, թե՞ Աֆրիկային: Ես կարծում եմ, որ դա բավական է: Հատկապես որ քննությունն այն հարցով, թե ինչու է այդ համաձայնությունն այդպես ոչ ճիշտ ստացվել, դեռ չի ավարտվել: Երբ քննությունը կավարտվի, պարզ կլինի, թե որ չինովնիկներն են մեղավոր: Եթե ուզում եք շարունակել այդ կոնֆլիկտը, այդպես էլ ասեք:
-Ինչո՞ւ է մեր ռազմական դաշնակից, ավագ եղբայր Ռուսաստանն անփույթ սադրանք իրականացնում:
-Լսեք, դա սխալմունք է: Եվ մենք գիտենք, որ Գյումրու ռազմաբազայի գոյության պայմանների համաձայն` բոլոր տեղաշարժերը տեղի իշխանությունների հետ խստորեն համաձայնեցվել են նախորդ բոլոր ժամանակներում: Ով է հիմա մեղավոր` պետք է հետաքննել: Պետք է ամբողջական հետաքննություն: Ոչ մի քաղաքականություն այստեղ չկա եւ չի կարող լինել:
-Տեսակետ կա, որ այս դեպքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցի նախազգուշական պատասխանն էր:
-Դա անգամ ծիծաղելի է: Ի՞նչ է, կարծում եք, որ նախազգուշացումներ անելու համար պետք է օգտագործել այդպիսի մանր մեթոդներ: Ի՞նչ է, այլ մեթոդներ չկա՞ն..:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Ինչպես հայտնի է, դեռեւս 2018թ. ապրիլի 10-ին ուժի մեջ էր մտել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը: Իսկ դա նշանակում է, որ պետք է սկսվեր հանձնաժողովի ձեւավորման աշխատանքները: Հայտնի է, որ այդ հանձնաժողովը պետք է փոխարինի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի եզրափակիչ դրույթների համաձայն` օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում անցկացվում է հանձնաժողովի անդամների առաջին մրցույթը: Այս որոշումն ընդունվել է ապրիլի տասին, եւ անցել է արդեն երեք ամիս, սակայն ոչ մի մրցույթ չի հայտարարվել, ընտրություն չի եղել: Ընդ որում` նոր հանձնաժողովը պետք է ունենա 5 անդամ, որոնք նշանակվում են Ազգային ժողովի կողմից:
Եվ այժմ նույնիսկ հայտնի էլ չէ, թե երբ է հայտարարվելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների մրցույթը: Այն կայանալու է մրցութային խորհրդի կողմից, իսկ դրա կազմում պետք է լինեն ՍԴ նախագահի, Պաշտպանի, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի եւ Փաստաբանների պալատի կողմից նշանակված անդամներ:
Ստեղծված իրավիճակն իսկապես հետաքրքիր է. ստացվում է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանն այժմ ղեկավարում է մի կառույց, որի գործունեության ժամկետն ավարտվել է: Ասել է թե` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գոյությունն այլեւս ապօրինի է: Գաղտնիք չէ, որ ստեղծված իրավիճակն առաջին հերթին պայմանավորված է քաղաքական զարգացումներով: Ի վերջո, հենց ապրիլի 10-ից հետո թեժացել էր համաժողովրդական պայքարը, իսկ հետագա զարգացումներից հետո, ինչպես ասում են, հերթը դեռեւս չի հասել էթիկայի հանձնաժողովին: Հաշվի առնելով արձակուրդային շրջանը` այս հարցերին անդրադարձ կլինի միայն սեպտեմբերին, երբ բնականոն կաշխատի նաեւ խորհրդարանը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել եւ ներկայացրել, որ այս կառույցը միլիոնավոր դրամներ է ստանում, անդամներն ահռելի բարձր աշխատավարձեր են ստանում, սակայն աշխատանք, որպես այդպիսին, չենք տեսնում: Եվ ինչպես մյուս կառույցների դեպքում է, թավշյա հեղափոխությունից հետո այս հանձնաժողովում իրար հետեւից բացահայտումներ են արվում` էլ ունեցվածքի եւ գույքի հայտարարագրում թերի տվյալներ հայտարարագրած պաշտոնյաներ, էլ անձինք, ում ընկերությունները մշտապես գնումների գործընթացի հաղթող են դարձել:
Այլ կերպ ասած` չլիներ հեղափոխությունը, այս հանձնաժողովը կշարունակեր ձրիակերի կյանքով ապրելը` հարկատուներիս գրպանից ստանալով միլիոնավոր դրամների աշխատավարձ: Բայց հիմա էլ պարզվում է, այդ կառույցը պարզապես ապօրինի է գործում, կրկին հարկատուներիս հաշվին, չնայած իրենց անգործությանը` ստանալով միլիոնավոր դրամներ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԵՌ ՉԻ ՊԱՐԶԵԼ
Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի եւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կռիվը նոր թափ է ստանում: Ինչպես հայտնի է, Ալիկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ նախկին մարզպետը 2012թ-ին իրենից 60 000 դոլար է պահանջել` սպառնալով նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել: Հովակիմյանն էլ իրավապահներին հայտնել է, թե ոչ միայն Ալիկ Սարգսյանից գումար չի պահանջել, այլեւ ինքն է նրան տվել՝ որպես կաշառք այն ժամանակ, երբ Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնն էր զբաղեցնում: Իսկ գումարը տվել է իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար, սակայն Սարգսյանը խոստումը չի կատարել, գումարն էլ չի վերադարձրել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից փորձեց պարզել, թե արդյոք նա տեղյակ է եղել այս պատմությունից ու փորձել է պարզել իրականությունը: Ի պատասխան` ՀՀ ոստիկանապետը հայտնեց. «Ընդամենը երեկ երեկոյան եմ տեղեկացել խնդրի մասին եւ այն էլ լրահոսից»:

 

 

ԸՆԴԴԵՄ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ
Թավշյա հեղափոխությունից ոգեւորված կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ տարբեր առիթներով, նաեւ ոչ պաշտոնական շրջանակներում հայտարարել է, որ Հայաստանի բոլոր բուհերի ռեկտորները պետք է փոխվեն, քանի որ նրանք ռեժիմի սպասարկուներն են եղել: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա այս շաբաթ օրը հանդիպելու է պետական բուհերի ռեկտորների հետ: Ըստ մեզ հասած լուրերի` շաբաթ օրը նա փորձելու է նաեւ բարձրացնել ռեկտորների փոփոխության հարցը: Ավելին` ըստ որոշ տեղեկությունների` ինքը ներկայիս պետական բուհերի ռեկտորներին փոխարինող թեկնածուներ ունի, հիմնականում երիտասարդներ: Սակայն նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ի պատասխան հայտարարեց, որ այդ տեղեկությունները սուտ են ու կեղծիք:

 

ԴԻՋԵՅԸ
ՀՀ կառավարության աշխատակազմի 30-ամյա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նորանշանակ շատ բարձրաստիճան պաշտոնյաների համեմատ նույնիսկ հարուստ է համարվում: Նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնական հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ ունի մեկ հատ հողամաս, երկու հատ «Nissan S-Trail 2.5 I» եւ «Mazda Demio 1.3» մակնիշի ավտոմեքենաներ: Երիտասարդ պաշտոնյայի դրամական միջոցները կազմում են 1 մլն դրամ, 1115 եվրո: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածում կազմել է 483 հազար 900 դրամ, 800 հազար դրամի չափով ստացած նվերը եւ «այլ եկամուտներ»` 220 հազար դրամ: Նշենք, որ 30-ամյա երիտասարդին մինչեւ նշանակումը քաղաքում շատերը ճանաչում էին որպես Էդո` դիջեյ Ed Ward, որին կարելի էր հանդիպել Երեւանի ժամանցի կենտրոններում:




Լրահոս