ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիս է հրավիրել: Թեեւ չի լրացել նրա պաշտոնավարման 100 օրը /այսօր 72-րդ օրն է/, բայց Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը փորձելու է ամփոփել իր կառավարման այս ժամանակահատվածը:

Մինչ այդ, սակայն, փորձենք մի փոքր առաջ ընկնել, ու ինքներս ամփոփենք նոր կառավարության աշխատանքները` մեր սեփական դիտարկումներն անելով այս իշխանության ձեռքբերումների ու բաղթողումների մասին:
Հստակ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այսօր առկա է մեծ ոգեւորություն, արդարության վերականգման զգացում, սակայն միեւնույն ժամանակ նկատելի է որոշակի հիասթափություն: Հիմա ամեն ինչ հերթականությամբ եւ փաստերով:
Արդարության վերականգնման զգացումն առաջացավ թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնյաների կամ այլ անձանց շուրջ բացահայտումների արդյունքում: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մերձավորների գործունեության վերաբերյալ բացահայտումներից, հարուցված քրեական գործերից հետո հասարակությունը զգաց եւ հասկացավ, որ այս նոր Հայաստանում տեղ չունեն անօրինականությունները, կոռուպցիան: Ըստ այդմ` բարձրացավ նաեւ վստահությունը իշխանությունների նկատմամբ, դատական համակարգի հանդեպ: Մի հանգամանք, որը վերջին տարիներին ի սպառ բացակայում էր:
Հասարակության մոտ ոգեւորություն առկա էր արդեն համաժողովրդական շարժման ընթացքում, երբ մարդիկ զգացին՝ Հայաստանում հնարավոր է իրավիճակ փոխել, պարզապես դրա համար պետք է միասնականություն եւ մեծ ցանկություն: Ու հասարակությունը կարողացավ հասնել փոփոխությունների` ամենաբարձր օղակից սկսած: Հասարակության ոգեւորությունն է նաեւ այսօր իր հերթին ուժ տալիս իշխանություններին պայքարելու նախկին հոռի երեւույթների դեմ, ու դեռ շատ երկար իշխանությունն իր թիկունքում կզգա հասարակության աջակցությունը, եթե շարունակի հետամուտ լինել իր առաջ դրված նպատակներին` չշեղվելով որդեգրած ուղուց:
Բայց այս ընթացքում եղան նաեւ հիասթափություններ: Եվ որքան էլ ընդունված է համարել, թե նոր կառավարությանը չպետք է քննադատել` թողնելով` հանգիստ աշխատի, միեւնույն է, թերությունները մատնանշելը հենց հօգուտ իրենց է արվում: Ըստ այդմ` որոշակի հիասթափություն եղավ նորանշանակ կադրերի վերաբերյալ: Պետական պաշտոնների հայտնվեցին մարդիկ, որոնց հիմնական արժանիքը համաժողովրդական պայքարի օրերին ցուցաբերած ակտիվությունն էր, նաեւ վարչապետի թիմից կամ կուսակցությունից լինելը:
Գաղտնիք չէ, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը մեծ էներգիա, աշխատասիրություն ունեցող մարդ է, որ կարող է իր առաջ լրջագույն նպատակներ դնել ու նպատակամղված քայլերի արդյունքում հասնել դրանց: Նա կարծես չի հոգնում եւ հետեւողական է ցանկացած հարցում: Ապացույցը այս տարիներն էին, համաժողովրդական շարժման օրերը, պաշտոնավարման այս ամիսները: Բայց արի ու տես, որ նույնը չես կարող ասել նրա թիմի մասին: Ընդ որում` խոսքը ոչ միայն կառավարության կազմում ներգրավված ՀՅԴ-ի կամ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների մասին է, այլ մասամբ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին ու իր թիմին է առնչվում: Ակնհայտ է, որ նրա թիմը չի հասցնում Նիկոլ Փաշինյանի հետեւից, եւ վերջինս մենակ է մնացել պետության ահռելի մարտահրավերների դեմ: Լավագույն դեպքում Փաշինյանի կողքին ընդամենը 1-2 հոգի է, այն էլ ոչ թե կառավարության կողքին են, այլ հենց անձամբ վարչապետի: Եվ հետաքրքիրն այն է, որ նրա կադրերը երբեմն անում են բաներ, որոնց մասին նույնիսկ վարչապետը տեղյակ չի լինում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է իրենց ազգուտակին աշխատանքի տեղավորելուն: Եւ հարց է` Նիկոլ Փաշինյանն այդ մասին գիտի, թե ոչ: Հավանաբար չգիտի: Բայց արդյունքում ստացվում է հետեւյալը. ինչի մեջ նախկին իշխանություններին մեղադրում էին հասարակությունը եւ անձամբ նախկին ընդդիմությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հիմա անում են իրենք:
Բացի այդ, այս օրերին տպավորություն է, որ Հայաստանը կարծես թե վերածվել է գործ տվողների երկրի, քանի որ շատերը փորձում են օգտվել իրավիճակից եւ մաքրել իրենց հին հակառակորդների հետ նախկին տարիներից ունեցած հաշիվները: Բարեբախտաբար, իշխանությունները չեն կորցրել ողջախոհությունը եւ 1930-ականների նման հարցերն առանց «դատ ու դատաստանի» չեն լուծում:
Մեծ հարց է նաեւ տնտեսության ներկայիս իրավիճակն ու հետագան: Ի վերջո, որքան պետք է Նիկոլ Փաշինյանի թիմը բյուջեն լցնի` նախկին իշխանությունների թալանածը ետ բերելով, կոռուպցիոն բացահայտումների հաշվին, բայց եւ անհրաժեշտ են տնտեսության զարգացման ուղղությամբ ռեալ քայլեր: Այսինքն` պետք է տնտեսական լուրջ քաղաքականություն մշակվի եւ իրականացվի: Իսկ դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ տնտեսական ակտիվությունը թուլանում է, առկա են իրենց գործառույթների մասին պատկերացում չունեցող պաշտոնյաներ եւ նաեւ մտահոգիչ ազդակներ գործարար միջավայրից, քանի որ անորոշ ու սպասողական իրավիճակ է: Ի վերջո բոլորին պոտենցիալ հանցագործի աչքերով նայելը վտանգավոր է: Եվ ճիշտ կլիներ, եթե կառավարությունը նման խնդիրներին մեծ ուշադրություն հատկացներ:
Հ.Գ. Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով նախկին լրագրող, իր նախկին գործընկեր խմբագիրների հետ մինչ օրս չի հանդիպել, մինչդեռ իր թիմից շատ բարձրաստիճան պաշտոնյաներ դա արեցին պաշտոնը ստանձնելուց օրեր անց:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆԵՐԿԱ ՉԷՐ
Կառավարության երեկվա նիստին ներկա չէր Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, թեեւ նախօրեին Հայաստանի առաջին Հանրապետության առաջնորդներից Արամ Մանուկյանի արձանի բացմանը նա ակտիվորեն շփվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյո՞ք այսքանից հետո Արեյանը բոյկոտել է կառավարության նիստերը, թե ոչ: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն այս առթիվ նշեց. «Նոր սահմանադրությամբ եթե քաղաքին վերաբերող հարցեր կան, քաղաքապետը կամ պաշտոնակատարը հրավիրվում են, եթե ոչ` ոչ»: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ վարչապետի խոսնակ Արման Եղոյանի հետ: «Կա կառավարության նիստի մասնակիցների հստակ ցանկ: Իսկ քաղաքապետը կամ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրավիրվում են նիստին` ըստ անհրաժեշտության»,-ասաց վարչապետի խոսնակը: Ստացվում է, կառավարության վերջին նիստին Արեյանի անհրաժեշտությունը չի եղել, դրա համար էլ նրան չեն հրավիրել: Ամեն դեպքում, կատարվածը խորհրդանշական էր:

 

 

ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ
Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանը դիմել է գլխավոր դատախազին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նախկին Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին եւ ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանին` մեղադրելով Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, ինչպես նաեւ իր անձին եւ ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մեջ: Ինչպես հայտնի է, Միհրան Մովսիսյանը անցնում էր Հոկտեմբերի 27-ի գործով: Նա որոշ ժամանակ նաեւ կալանքի տակ էր: Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ: «Հորոխպոր տղայա, որը ես ընդհանրապես չեմ էլ տեսել, չեմ էլ ուզում նայեմ, չեմ էլ ուզում հետաքրքրվեմ»,-արձագանքեց Մովսիսյանը` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

 

 

ՆԵՐԿՐՎԱԾԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները մտահոգված են. նրանց խոսքերով` ցեմենտի արտադրությամբ զբաղվող գործարանը կանգնած է փակման վտանգի առաջ: Պատճառն այն է, որ Հայաստան մեծ քանակությամբ ցեմենտ է ներկրվել: Աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ արդյունքում տեղական արտադրանքը չի կարողանում դիմանալ գնային մրցակցությանը: Ներկրվածը ներքին շուկայում վաճառվում է բարձր գնով, իսկ տեղական արտադրության ցեմենտը թանկ է, քանի որ ինքնարժեքը բարձր է: Իսկ գործարանը աշխատում է բարձր գին ունեցող էներգակիրներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատակիցները անգամ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բացի այդ, գործարանի աշխատակիցների հետ հանդիպելու է նաեւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որը «Արարատցեմենտի» սեփականատերն է:

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի` Միացյալ թագավորության Լորդերի պալատը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռումինիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Լյուքսեմբուրգը:

 

 

ԽՈՐՈՒԹՅԱՄԲ
Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պարզվում է` ՀՀ-ում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում: Նրա խոսքով` այս իրավիճակը կառավարությունը պետք է խորությամբ հասկանա եւ քննարկի: «Ես կխնդրեի, որ բոլոր նախարարները իրենց նախարարությունների մասով պարզեն այսպիսի ծրագրերի գոյությունը եւ ցանկը ներկայացնեն ինձ»,-ասել է նա: Ն. Փաշինյանի խոսքով` առնվազն մի քանի նախարարներ նման իրավիճակ հայտնաբերել են: «Այսինքն` վարկային պայմանագիր է ստորագրվել, վարկի իրագործումը չի սկսվել, բայց Հայաստանը վճարումներ է անում: Կամ երկկողմ ու եռակողմ պայմանագիր է ստորագրվել, մյուս կողմն իր պարտավորությունները չի կատարում, բայց Հայաստանը վճարում է տուգանքներ»,-ընդգծել է Ն. Փաշինյանը:

 

 

ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Զորավարժություններին կմասնակցի նաեւ Հայաստանը: Վարժանքների մասնակիցների թվում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Հայաստանը: Զորավարժություններին ներկայացված կլինի ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա: Նշենք, որ անցյալ տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին:

 

 

ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ։ ՀՅԴ հայտարարության մեջ ասված է. «Եկեղեցու «բարենորոգման» կարգախոսներով հանդես եկող խմբի սադրիչ եւ սանձարձակության հասնող պահվածքն ու գործողությունները, ըստ էության, վերածվել են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու նվիրապետի, այլեւ եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բացահայտ ոտնձգության, ինչն ուղղակիորեն հարվածում է հայ ժողովրդի հոգեւոր միասնության համակարգին»։ Միաժամանակ նրանք նշել են. «Հ.Յ. Դաշնակցությունն իր ամբողջական զորակցությունն է հայտնում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն եւ կոչ է անում պատկան մարմիններին` օրենքի շրջանակներում կանխել մեր հոգեւոր եւ ազգային միասնության դեմ ուղղված, իրենց բնույթով աղանդավորական եւ կասկածելի ծագումնաբանությամբ խմբակների սադրիչ գործողությունները»։




Լրահոս