ԿԱՐԾՈՒՄ ԷԻ` ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԵՐ, ԲԱՅՑ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: 2014 – 2015 թվականի հունվարի 14-ը եղել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: ՀՀ նախագահի 2015 թվականի հունվարի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ՝ հասկանալու, թե իր որ արժանիքի համար ՀՀ վարչապետը նրան նշանակեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ եւ, առհասարակ, ոլորտում առկա հարցերի մասով:
-Պարո՛ն Գրիգորյան, Ձեր ո՞ր արժանիքի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակեց Ձեզ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:
-Ես չեմ կարող ասել, միայն մեկ բան կարող եմ ասել` ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի 20 հոդվածի համաձայն` վարչապետի ներկայացմամբ, կառավարության որոշմամբ նշանակվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:
-Ձեր նշանակումից անմիջապես հետո լսվեց առաջին հրաժարականի մասին, մասնավորապես, Վահագն Հարությունյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Դո՞ւք հորդորեցիք, որ նա հրաժարական տա, կամ վարչապետը, թե՞ նա ինքնակամ ասաց` ես գնում եմ:
-Վահագն Հարությունյանը ազատվելէ սեփական դիմումի համաձայն:
-Իսկ կարո՞ղ է մարտի 1-ի գործով Դուք կամ վարչապետը հորդորեցիք, որ նա հրաժարական տա, ի վերջո հայտնի է, չէ՞, որ նա եղել է մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը եւ շատ տեղեկությունների է տիրապետում:
-Ես իր շարժառիթներով չեմ հետաքրքրվել:
-Դուք 2014 թվականից մինչեւ 2015 թվականի հունվարի 14-ը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ եք եղել: 2015 թվականի հունվարի 14-ի հրամանագրով նշանակվել եք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Հիմա նկատում ենք, որ իրավապահ համակարգը աղմկահարույց բացահայտումներ է իրականացնում պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատման մասով, դեռ ավելին` նախկինում կարճված, կասեցված քրեական գործերին նոր ընթացք է տրվում, Դուք տեղյակ չէի՞ք այս դեպքերից, թե՞ տեղյակ էիք, բայց թույլ չեն տվել` բացահայտեիք, պատասխանատվության կանչեիք:
-Երբեք գործունեության ընթացքում կաշկանդվածություն չեմ ունեցել, յուրաքանչյուր քրեական գործ հարուցվում է կամ նյութերը նախապատրաստվում են քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն, այսինքն` ֆիզիկական անձանց հաղորդումների, իրավապահ այլ մարմիններից ներկայացված հաղորդումների, ԶԼՄ-ների հաղորդումների, նման կաշկանդվածություն չի եղել, ուղղակի պետք է հասկանալ քրեական գործ հարուցելու կամ նյութեր նախապատրաստելու համար պետք են առերեւույթ հիմքեր:
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ այդ հիմքերը առաջացան հենց թավշյա հեղափոխությունից հետո, եւ նախկինում այդ հիմքերը չկային, Դուք դրա պատասխանը չգիտե՞ք: Օրինակ` զորակոչից ազատվածների մի հսկայական շարք բացահայտվեց:
-Կարող եմ ասել, որ շարքը միշտ էլ շատ է եղել, կարող ենք անգամ վիճակագրություն ներկայացնել, խնդիրը հետեւյալում է, որ նման գործերը զինվորական քննչական գլխավոր վարչությունում յուրաքանչյուր կիսամյակը մեկ շուրջ 700 կարգի կա՛մ քննվում է, կա՛մ նյութեր են նախապատրաստվում, նոր քրեական գործեր հարուցվում: Այսինքն` այդ գործերի շրջանակը միշտ էլ շատ է եղել:
-Վարչապետը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ից հրահանգով են իրավապահ ոլորտի ներկայացուցիչները աշխատել: Ձեզ քանի՞ անգամ են զանգել, հրահանգել` ինչպես գործի ընթացք տաք եւ կոնկրետ որ գործերով:
-Ինձ երբեւէ հրահանգ չի եղել, Ձեզ վստահեցնում եմ` նման երեւույթի հետ երբեւիցե չեմ առնչվել:
-Այսինքն` տարիներ շարունակ աշխատելով զինվորական քննչական վարչությունում եւ լուրջ պաշտոններ զբաղեցնելով` երբեւէ մի պաշտոնյայի որդու մասով նրան ծառայությունից կամ պատասխանատվությունից ազատելու մասով ոչ մի գործողություն չե՞ք կատարել:
-Վստահեցնում եմ, եւ եթե նման տեղեկություններ, նույնիսկ խոսակցությունների հիմք կունենաք, անպայման հաղորդում ներկայացրեք ՀՔԾ:
-Աղվան Հովսեփյանը Ձեր նախկին ղեկավարն է, Ձեր նշանակումից հետո փորձեցի՞ք հանդիպել իր հետ, առհասարակ, նա գո՞հ է Ձեր նշանակումով:
-Ո՛չ, ես կարծում էի, որ պարոն Հովսեփյանը ներկայացմանը ներկա կլիներ, բայց…
-Բայց չեկավ, ինչո՞ւ, փորձեցի՞ք հասկանալ:
-Ես տեղյակ չեմ:
-Ի վերջո, Ձեր նախկին ղեկավարի պաշտոնն եք զբաղեցրել, Դուք չփորձեցի՞ք անձամբ հանդիպել:
-Ո՛չ, ինքը ինձ զանգահարել, շնորհավորել է, հանդիպում չի եղել:
-Ի՞նչ տրամադրություն է ՀՀ քննչական կոմիտեում, Ձեզ հետ պատրաստվո՞ւմ են աշխատել, թե՞ արդեն Ձեր սեղանին դիմումներ են ներկայացվել, կամ Դուք եք կադրային ջարդ իրականացնելու:
-Կադրային ջարդ, որպես այդպիսին, երեւույթը անընդունելի է, յուրաքանչյուր քննիչ պրոֆեսիոնալ գնահատվում է իմ կողմից երեք չափանիշով` առաջինը հավատարմությունը իր մասնագիտությանը, պրոֆեսիոնալիզմը եւ անկաշառությունը:
-Ձեզ դիմում ներկայացնողներ կա՞ն, որ չեն ցանկանում Ձեզ հետ աշխատել:
-Գիտե՞ք, Նոր Նորքի բաժնի պետը այն օրը դիմում է ներկայացրել, որ տեղափոխվում է ոստիկանության համակարգ:
-Այսինքն` կոնկրետ մարդիկ պատրաստ են համակարգը փոխել, բայց Ձեզ հետ չաշխատե՞լ:
-ՉԷ՛, 18 տարի ծառայել է ոստիկանության համակարգում, երկու տարի է մնացել թոշակի իրավունք ստանալու համար, եւ այդ երկու տարին լրացնելու, թոշակի իրավունք ձեռք բերելու նպատակով լրացնելուց հետո ակնկալում է նորից վերադառնալ քննչական կոմիտե: Այլ դիմումներ չեմ ստացել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՆՈՐ ԴԱՏԱՐԱՆԻ 22 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու է նոր մարմին` սնանկության դատարանը: Արդեն այս կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել 22 դատավոր սնանկության դատարան տեղափոխվելու խնդրանքով: Հիմա Բարձրագույն դատական խորհուրդը նախատեսում է սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների հետ զրույց կազմակերպել եւ որոշումն ընդունել 2018թ. օգոստոսի 6-ին: Իսկ ովքե՞ր են այն դատավորները, որոնք ցանկանում են դուրս գալ քաղաքացիական գործերով դատավորի պաշտոնից եւ սնանկության գործերով դատարանի դատավոր նշանակվել եւ, առհասարակ, ինչի՞ համար են ցանկանում տեղափոխվել սնանկության գործերով դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգից հասած տեղեկությունների համաձայն` սնանկության գործերով դատարանում աշխատել ցանկացող դատավորները այս քայլին գնում են, քանի որ նորաստեղծ Դատարանում դատավորները թեթեւ ռեժիմով կաշխատեն, ծանրաբեռնված չեն լինի եւ դեռ ավելին` նորաստեղծ դատարան գնացող դատավորները զերծ կմնան դատական համակարգում ինչ- ինչ գայթակղություններից:
Այսպիսով, նորաստեղծ դատարան են ցանկանում տեղափոխվել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանը, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը, ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելոնա Քոչարյանը, նկատենք, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը: Նկատենք, որ նորաստեղծ դատարան տեղափոխվողների մեջ կան նաեւ դատարանի նախկին նախագահներ, մասնավորապես Արմեն Դանիելյանը նախկինում եղել է Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, սակայն դատարանի նախագահի պաշտոնից դուրս գալուց հետո, ըստ էության, չի հաշտվել նոր իրականության հետ եւ ցանկանում է տեղափոխվել նորաստեղծ սնանկության գործերով դատարան:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ուշագրավն այն է, որ անգամ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից եւս ցանկություն են հայտնել նորաստեղծ դատարանի դատավոր դառնալ: Տեղեկացանք, որ խոսքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի մասին է, որը նաեւ ԲԴԽ անդամ է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի փոխանցմամբ` հուլիսի 26-ին նախատեսված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում: «Հուլիսի 26-ի համար ծանուցագիրը տրված է պարոն Քոչարյանին, նախատեսվում է, որ հուլիսի 26-ին պետք է ներկայանա»,-ասել է նա: Ըստ ՀՔԾ պետի` անձերի հետ կապված սահամնափակում չկա, Մարտի 1-ի գործով որպես վկա կարող է հրավիրվել ցանկացած անձ: Նա նշել է, որ չի կարող պատասխանել հարցին` առաջին նախագահն ու Նիկոլ Փաշինյանը կհրավիրվե՞ն հարցաքննության: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի խնդրանքով, ըստ Սասուն Խաչատրյանի, նրա հարցաքննությունը կարող է ձայնագրվել: Իսկ կհրապարակվի, թե ոչ, դա կորոշի վարույթն իրականացնող մարմինը:

 

ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ «Երեւան» հիմնադրամի գործով ստուգումները հասնում են ավարտական փուլին: Նրա խոսքով` այդ գործով ծավալները շատ մեծ են եղել. «Հիշում եք, երբ մեր տղաները հանում էին այդ պարկերը, այդ փաստաթղթերը: Տարոն Մարգարյանն այս փուլում դեռեւս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի»,-ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել. «Ունեցվածքը, որ կա, հայտնի հրապարակումը եղել է, կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը այդ նյութերը փոխանցել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով եւս կլինեն կոնկրետ միջոցառումներ»: Հարցին` հնարավո՞ր է` Տարոն Մարգարյանին կանչեն ԱԱԾ, ու պարզվի, որ նա երկիրը լքել է, Վանեցյանը շատ կարճ պատասխանել է` ո՛չ:

 

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՐՏԵՂ Է
Մոտ 1 ամիս առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը: Նշվում էր, որ Խաչատրյանը գնացել է Ֆրանսիայի Լիոն քաղաք, որտեղ ժամանակին սովորել էր իր տղաներից մեկը: ՀԺ-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի ազգականը հաստատել է, որ Խաչատրյանը տղաների հետ արտերկրում է: Հարցին` ի՞նչ նպատակով, պատասխանել է, որ առողջական խնդիրներ ունի, ստուգման նպատակով է գնացել: Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ գնացել է Ֆրանսիա, Խաչատրյանի ազգականը պատասխանել է` ո՛չ, տարբեր երկրներ է գնում: Տեղեկություններ կան, որ Սուրիկ Խաչատրյանը պարզապես շտապել է լքել Հայաստանը իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար:




Լրահոս