ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՌ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել են այնտեղի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի տնօրենը եւ պահեստապետը:

2018 թվականի հուլիսի 18-ին Քննչական կոմիտեում ստացվել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ում առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը եւ ըստ քննչական ենթակայության` ուղարկվել ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին: Նույն օրն այն վարույթ է ընդունվել եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հարությունյանը, նախնական համաձայնության գալով նույն ՊՈԱԿ-ի պահեստապետ Վ. Նալբանդյանի հետ, վաճառել են ՊՈԱԿ-ին մատակարարված մսամթերքից 1260 կգ տավարի միսը, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին: Բացի այդ, այս տարվա հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է նաեւ նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3569 լիտր կաթը, որից գոյացած գումարը կրկին չի մուտքագրվել կազմակերպության հաշվեհամարին: Նախնական տվյալներով` կատարված հափշտակության հետեւանքով պատճառված վնասը կազմում է 3 մլն 69 հազար 940 դրամ: Այս տարվա հուլիսի 19-ին Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը եւ պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալվել են: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 18-ին գրել էր, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Հայտնել էինք, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում եւ աղմկահարույց բացահայտումներ են արել: Պետք է նշել, որ ամենեւին զարմանալի չէ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գործող տուն-ինտերնատում հայտնաբերվեցին չարաշահումներ: Հայտնի է, որ մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել Սոցապնախարարությանն առնչվող հնարավոր խնդիրներին եւ հնարավոր չարաշահումներին: Ավելին` անգամ նախկին իշխանությունների օրոք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում ահռելի չարաշահումներ էին հայտնաբերվել:
Օրինակ` Մարտի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հերթական չարաշահումներն են հայտնաբերվել Սոցապնախարարության ենթակայության տակ գործող «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում: Քրեական գործի շրջանակում հափշտակություն կատարելու մեղադրանք էր առաջադրվել 4 անձի այն բանի համար, որ տուն-ինտերնատում առկա ազատ հաստիքներում ձեւականորեն ձեւակերպվել էին տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չէին ներկայացել, սակայն հաշվարկվել եւ նրանց անվամբ փոխանցվել էին աշխատավարձեր: Դրանք կանխիկացվել եւ տնօրինվել էին այլ անձանց կողմից: Ավելի վաղ եւս «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում չարաշահումներ են բացահայտվել. նախորդ տարվա հունվարին էլ նույն ՊՈԱԿ-ում բացահայտվել էր, որ հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, եւ իբր նրանց համար բյուջեից ավելի քան 8.4 մլն դրամ սննդամթերքի ծախս է կատարվել:
Այդ բացահայտումների համատեքստում մշտապես շոշափվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի այն ժամանակվա նախարար ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի անունը: Բայց արի ու տես, որ նա պաշտոնանկ եղավ միայն Թավշյա հեղափոխությունից հետո: Նրան պաշտոնանկ արեցին ոչ թե պատժելու համար, այլ որ նախկին նախարարին նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ տեսնել իր թիմում: Հնարավոր չարաշահումների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին Արտեմ Ասատրյանը դեռեւս նախարար եղած ժամանակ մշտապես խուսափում էր պատասխանել: Սակայն այժմ, երբ բացահայտվեց նախարարության ենթակայության ներքո գործող հաստատությունում առկա խնդիրը, չի բացառվում, որ բացահայտումների շղթան տանի դեպի նախկին նախարարը:
Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` թե արդյոք Արտեմ Ասատրյանին պատկանող բիզնեսներում ստուգումներ արվելու են կամ հենց նախարարության ներսում հնարավոր չարաշահումները բացահայտելու ուղղությամբ, նշեց. «Մենք հսկողական գործառույթներ իրականացնում ենք այն կազմակերպություններում կամ հարկ վճարողների մոտ, որոնց մեր ներքին ռիսկային համակարգերը բնորոշել են այդպիսին: Մենք ոչ թե գնում ենք բաժնետիրոջ կամ տիրոջ անունից ելնելով հարկ վճարողի նկատմամբ վարչարարություն իրականացնելու, այլ հարկ վճարողի վարքագծի քննարկման եւ ուսումնասիրության արդյունքում իրականացնում ենք վարչարարություն: Եթե դրա արդյունքում պարզվում է, որ այդ հարկ վճարողը բաժնեմասնակցությամբ ինչ-որ մեկին է պատկանում, մենք նաեւ քննարկում ենք, թե այդ ինչ-որ մեկն իր գործողություններով կամ անգործությամբ նպաստել է այդ հարկ վճարողի վարքագծին: Սա գործընթաց է: Դուք գալիս եք հնչողությունից, ես գալիս եմ իմ գործառույթներն իրականացնելու գաղափարով»:
Այսքանից հետո թերեւս արձանագրենք, որ նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում չպետք է մոռանա նաեւ Ասատրյանին, նրա օրոք այդ ոլորտում կատարված չարաշահումներն ու յուրացումները, այդ ամենի մեջ նախկին նախարարի մասնակցության եւ պատասխանատվության հարցը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասմիկ Կիրակոսյանը, որ տեւական ժամանակ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի մշակույթի վարչությունը, շուտով կհայտնվի քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատակազմում: Նա, ըստ շրջանառվող լուրերի, կզբաղեցնի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը` հիմնականում զբաղվելով մշակութային խնդիրներով: Այդ քայլով քաղաքապետը նպատակ ունի ամրացնել թիկունքը: Հասմիկ Կիրակոսյանը այն գործիչներից է, որը աշխատել է տարբեր իշխանությունների օրոք: Վերջինս 1996 թվականից եղել է մարզպետարանի մշակույթի բաժնի պետը, իսկ 2009 թվականից մինչ օրս մարզպետի խորհրդական էր:
Հասմիկ Կիրակոսյանը պաշտոնաթող եղավ վերջերս` թավշյա հեղափոխությունից հետո, երբ Շիրակի մարզը սկսեց ղեկավարել Կարեն Սարուխանյանը: Աշխատանքի անցնելուց օրեր անց Հասմիկ Կիրակոսյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Թե ինչ հանգամանքներում, չհստակեցվեց, պարզաբանում տրվեց, որ գործիչը վաստակած հանգստի է անցնում, տարիքն էլ արդեն թոշակային էր:
Սակայն մշակութային գործչի տարիքը չխանգարեց Սամվել Բալասանյանին. թե ինչու է քաղաքապետը նման որոշում կայացրել, չհստակեցվեց: Քաղաքապետարանից հայտնեցին, որ պաշտոնական նշանակում դեռ չի եղել: Հ. Կիրակոսյանը չհերքեց, որ առաջարկ եղել է, եւ հենց այն ժամանակ, երբ թողել է մարզպետարանում իր պաշտոնը. «Ոնց կարող եմ այդ առաջարկը չընդունել, երբ իմ մեջ այդ էներգիան, իներցիան, քաղաքի սերը կա, ես կարո՞ղ եմ տունը նստել, որ նստեի, տունը գրասենյակի կվերածեի ու կսկսեի աշխատել, թեկուզ առանց աշխատավարձի: Մարզպետարանում իմ հաստիքը կրճատվեց, ես դրա համար դուրս եկա: Իսկ Սամվել Բալասանյանը ճիշտ պահին, իմ կյանքի մայրամուտին շատ խոհեմ քայլ արեց»,- ասաց Հասմիկ Կիրակոսյանը:

 

 

ՍՐԲԱԶԱՆՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վատացել է, վերջինս հոսպիտալացվել է Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Սրբազան հայրն իրեն վատ է զգացել վերջին շաբաթների ընթացքում: Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը հիվանդանոց է տեղափոխվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Շիրակի թեմի առաջնորդը խնդիրներ ունի` կապված երիկամների հետ, այժմ բուժում է ստանում, եթե արդյունք չլինի, վերջինս կվիրահատվի: Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդի ինքնազգացողությունը մի քանի տարի առաջ եւս վատացել էր, այն ժամանակ խնդիրը կապված է եղել սրտի հետ, «Գյումրի» բժշկական կենտրոնում Սրբազանի սիրտը ստենտավորել էին:
Առաջիկայում պարզ կդառնա` կվիրահատվի, թե ոչ Շիրակի թեմի առաջնորդը. ապաքինվելուց հետո վերջինս կգնա հանգստի:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Շիրակ

 

 

 

ԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՎԱԽԵՑՐԵԼ

ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ շարունակում է ստուգումներ իրականացնել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:

Ավելին` երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս ԲԿ-ն չբուժված հիվանդների համար գումարներն է ստացել պետությունից, հիվանդները չեն պառկել հիվանդանոց, չեն ստացել բուժօգնություն, բայց պետությունից գումար է գանձվել: Խոսքը մոտ 300 մլն դրամի խախտման մասին է: Ի դեպ, այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ նախարարը այս հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար իր թեկնածուն ունի: Անգամ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ հարկ եղած դեպքում տնօրենին աշխատանքից կազատեն: Բայց հիվանդանոցի անձնակազմը բաց նամակով նախարարին հորդորել էր դադարեցնել հիվանդանոցի դեմ արշավը:
Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, նախարարը հայտարարել է, որ Ձեր ղեկավարած հիվանդանոցը չբուժված հիվանդների համար գումարներ է ստացել պետությունից, հիվանդները չեն պառկել հիվանդանոցում, չեն ստացել բուժօգնություն: Ապա նշել է, որ խոսքը մոտ 300 մլն դրամի խախտման մասին է: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը:
-Հիմա մեզ մոտ ստուգումները շարունակվում են, ավելի քան մեկ ամիս է: Բայց եզրակացությունները մենք գրավոր չունենք, մենք այդ փաստաթղթերը չենք տեսել…
-Այնուամենայնիվ, պարո՛ն Մինասյան, Դուք համաձա՞յն եք այդ հայտարարության հետ…
-Իհարկե ո՛չ… ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Դեռ պետք է այդ ստուգումները շարունակվեն…
-Իսկ 300 մլն դրամի խախտո՞ւմը, որ իբր հատկացվել է, բայց բուժում չի իրականացվել…
-Ստուգումներ իրականացնող հանձնաժողովը պետք է փաստաթուղթ գրի, որ բոլորս տեսնենք, որպեսզի կամ համաձայնենք կամ ոչ: Նրանք չեն ասում, որ հափշտակվել է այդ գումարը: Հանձնաժողովի անդամները ինձ դրա մասին որեւէ բան չեն ասել:
-Պարո՛ն Մինասյան, ի՞նչն է պատճառը, որ ձեր ղեկավարած բուժհաստատությունում է այդ ստուգումները իրականացվում եւ այդպես ձգձգվում… Գուցե պատճառն այն է, որ Դուք նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամի՞ն եք:
-Իհարկե ո՛չ: Յուրաքանչյուր տարի մեզ տրվում է ֆինանսական մեծ հատկացում: Պետությունը մեզ հատկացրել է 5 մլրդ դրամ, որից 4 մլրդ 300 մլն դրամը մենք վճարել ենք որպես աշխատավարձ: Իրենք էլ ստուգում են` մենք աշխատավարձ ենք տվել, թե ոչ: Ճիշտ են անում, թող ստուգեն, որ իրենք էլ հանգիստ լինեն: Պլանային ստուգումներ են: Իմ գործընկերները ստուգում են իրենց հատկացրած խոշոր գումարները:
-Վախենալու ոչինչ չունե՞ք: Արդյոք նպատակայի՞ն են ծախսվել այդ գումարները…
-Ո՛չ, ո՛չ, ես մտավախություններ չունեմ:
-Նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպե՞լ եք: Ինչի՞ մասին եք խոսել նրա հետ:
-Այո՛, հանդիպել եմ: Խոսել ենք ընթացիկ գործերի, նաեւ ստուգումների մասին: Շատ նորմալ հանդիպում էր:
-Տեղեկություններ շրջանառվեցին, որ նախարարը այդ հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար իր թեկնածուն ունի… Այդ մասին խոսե՞լ է Ձեզ հետ հանդիպմանը:
-Նման բան չկա: Անգամ խոսք չի եղել այդ մասին: Եղել է շատ նորմալ աշխատանքային հանդիպում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս