ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Այս խանութի ղեկավարությունը շատ է խնդրում իր հաճախորդներին, որպեսզի խանութում անձնական հարցեր չքննարկեն: Ու հետաքրքիրը տնօրինության խնդրանքի չափն է, թե ինչքան «շաաաատ» են խնդրում հարցեր չքննարկել:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ովքե՞ր կարող են ստանալ ընտանեկան նպաստ: Ո՞ւմ է տրամադրվում ընտանեկան նպաստ:

Մարիետա Հակոբյան (67 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք կարող են ձեռք բերել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 30.01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքները: Հայտնում ենք, որ ընտանեկան նպաստի բազային մասը 16000 դրամ է: 18 տարին չլրացած անդամ չունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը 16000 դրամ է:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության` 2017 թվականի տարեվերջին ընտանեկան եւ սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 100 288, որի 75.1%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 31 350 դրամ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ծննդի գրանցման համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Հեղինե Եփրեմյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է.
1. գրավոր հայտարարություն;
2. ծնողների /ծնողներից մեկի/ եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ,
3. երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր,
4. երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ`
4.1 ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը կամ
4.2 ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ կամ
4.3 ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմից բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում կամ
4.4 բժշկական կազմակերպությունից դուրս եւ առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում ծննդյան մասին սահմանված ձեւի գրավոր հայտարարություն` տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի կողմից, եւ երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանք:
5. վերը նշված փաստաթղթերից բացի նաեւ փոխնակ մոր հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը, եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:




Լրահոս