ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ՎԱՉՈՅԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ապօրինի հարստացման մեջ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու մասին: Ըստ այդմ` Ղազարյանը կալանքից ազատ կարձակվի 1 մլրդ դրամ գրավը վճարելուց հետո: Երեկվա դրությամբ այդ գումարը վճարված չէր, եւ Ղազարյանը շարունակում է մնալ կալանավայրում: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մոտ օրերս այս հարցը հնարավոր է լուծում ստանա: Ըստ շրջանառվող տեղեկությունների` 1 մլրդ դրամ գումարը Ղազարյանի ազատ արձակման համար տրամադրելու է ռուսաստանաբնակ մեծահարուստ, ԱՄՆ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Ալբերտ Ավդալյանը: Նշենք, որ նախորդ տարի Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունը հրապարակել էր ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ յոթ հայազգի գործարարներ էին ընդգրկվել, վարկանիշի 123-րդ տեղում էր նաեւ Ավդալյանը՝ մոտ 800 մլն դոլար կարողությամբ: Թե ինչո՞ւ է հենց նա վճարելու Ղազարյանի գրավը, ի՞նչ կապ կա նրանց միջեւ, դժվար է միանշանակ ասել. այս թեմայով ընդամենը կարելի է եզրակացություններ անել: «Ժողովուրդ» օրաթերթը լուրերը փորձեց ճշտել նաեւ Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանից, սակայն ապարդյուն. նա չէր պատասխանում մեր բազմաթիվ հեռախոսազանգերին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնել է Իտալիա հանգստի: Միաժամանակ, Եվրոպայում Սարգսյանը նաեւ բուժզննություն է անցնելու: Տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից: Կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց. «Այո՛, երեւի: Ես տեղյակ չեմ, բայց պիտի որ գնար ինչ-որ ստուգման: Գիտեմ, որ կարող է բացակայեր տասն օրով»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Հարցին` արդյո՞ք Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել:

 

 

 

ԱԺ «Ելք» խմբակցության ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ քաղաքացու հետ թավշյա հեղափոխության մասին երկխոսությունը, որ գաղտնի տեսագրվել ու տարածվել էր համացանցում, թանկ է նստել նրա վրա: Հիշեցնենք, Աղազարյանը տեսանյութում ասում է, թե համաժողովրդական շարժումն իլյուզիա էր, եւ որ արվում էր աշխարհի աչքին բարձր երեւալու համար: Պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ այդ թեման քննարկվել է ՔՊ-ում, իրեն բանավոր դիտողություն են արել, թե պետք է նման դեպքերում ավելի զգույշ լինել: Պատգամավորը նաեւ պատմել է, որ այս թեմայով իր հետ խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Փաշինյանն ինձ բառացի ասաց հետեւյալը վարչության նիստի ժամանակ. պարո՛ն Աղազարյան, մենք պետք է հաշվի առնենք, որ առավոտից երեկո գտնվում ենք տեսախցիկների առաջ, ու ես ընդունեցի` որպես ճիշտ դիտողություն»: Ի դեպ, ժամանակին Աղազարյանը ՀՅԴ կարկառուն գործիչներից է եղել, բայց հետո հեռացվել է կուսակցությունից: Մեզ հետ զրույցում նա պնդեց, որ ՔՊ-ից իրեն հեռացնելու հարց չկա:

 

 

 

Երեկ հրաժարական է ներկայացրել քննչական կոմիտեի փոխնախագահ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արամ Թամազյանը: Պատճառը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբուրների, նոր Հայաստանում ստեղծված վիճակն է, երբ Թամազյանը եւս իր ղեկավար Աղվան Հովսեփյանի նման գերադասեց հեռանալ: ՈՒ սա այն դեպքում, երբ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել էր ընդամենը 11 ամիս: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Թամազյանը նշել է. «Ես նորանշանակ կոմիտեի նախագահի հետ կարող էի աշխատել ընդամենը 11 ամիս, մինչեւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, որը լրանում է մյուս տարվա հունիս ամսին: Այդ պատճառով որոշեցի հնարավորություն ընձեռել քննչական կոմիտեի նորանշանակ նախագահին նոր թիմ ձեւավորելու հարցում»: Նա պնդել է, որ որեւէ մեկն իրեն չի հորդորել աշխատանքից ազավելու դիմում գրել, այլ այդ քայլին գնացել է ինքնակամ:

 

 

ՀԱՇՏՎԵԼՈՎ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Երեկ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների մասին:
Թեեւ ՌԴ նախագահը երեկ հեռախոսազրույց ունեցել է նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հետ, սակայն Փաշինյանի հետ զրույցն ուշագրավ էր Հայաստանում վերջին իրադարձությունների համատեքստում: Ինչպես հայտնի է, Փանիկ գյուղում 102-րդ ռուսական ռազմաբազայի անակնկալ զորավարժությունները մեծ աղմուկ հանեցին ու միանշանակ չընդունվեցին Հայաստանում: Ավելին` հարկ եղավ, որպեսզի հայկական կողմը բարձր մակարդակով արձագանքի կատարվածին: Ռուսական կողմն էլ մեկնաբանեց, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, ներողություն խնդրեց կատարվածի համար:
Շատ ավելի ուշագրավ էր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, պատերազմի վերսկսման եւ այդ համատեքստում՝ ՌԴ հնարավոր դերակատարման մասին: ՀՀ վարչապետը մի քանի անգամ շեշտել էր ղարաբաղյան հարցում Ռուսաստանի կարեւորությունը՝ հայտարարելով, թե չի հավատում, որ Մոսկվան թույլ կտա պատերազմ, ավելին՝ ՌԴ-ն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում»,- ասել էր նա:
Ակնհայտ է, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ այս թեմաներին, թեկուզ եւ հպանցիկ` պայմանավորվելով, որ ավելի մանրամասն կխոսեն Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստի շրջանակներում: ՈՒ մինչ երկու երկրների ղեկավարները դեմ առ դեմ կքննարկեն այս թեման, նկատենք՝ վերջին 20 տարում ՌԴ իշխանությունները «սովոր են» եղել տեսնելու լեգիտիմությունից զուրկ, իրենց առաջ մշտապես գլխիկոր խմբի, որի հետ վարվել են, ինչպես ցանկացել են: Բայց այդ ժամանակներն անցյալում են: Ու որքան էլ հայկական կողմի այժմյան դիրքորոշումը ՌԴ-ին կամ այլ երկրի համար ընդունելի չլինի, միեւնույն է, նրանք պարտավոր են հաշվի նստել իրավիճակի հետ, թեկուզ եւ այն պատճառով, որ ՀՀ գործադիր իշխանությունն ունի բացարձակ լեգիտիմություն, ինչպես 1990-ականների սկզբում էր, ուստի իրեն կարող է թույլ տալ անարգել հետապնդել իր սեփական երկրի շահը:




Լրահոս