«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքում ակտիվ քննարկումները շարունակվում են: Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը դեռ չորոշած` նոր փորձության առջեւ են կանգնել. չեն կարողանում որոշել ինչպես մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին: Եվ եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցվելու մասով դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները դեռ երկար ժամանակ կունենային քննարկումներ անցկացնելու, ապա Տարոն Մարգարյանի հրաժարականը նրանց արագ որոշումներ կայացնելու հրամայականի առջեւ է կանգնեցրել:

Նաեւ դա է պատճառը, որ իրավիճակը սրված է ոչ միայն դաշինքում, այլ հենց կուսակցություններում առանձին-առանձին: Առաջին հերթին խոսքը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որտեղ միանգամից չորս թեկնածու կա` Ալեն Սիմոնյանը, ով ի սկզբանե հայտնի էր քաղաքապետ դառնալու իր հավակնություններով, դերասան Հայկ Մարությանը, ով վերջերս է անդամագրվել այդ կուսակցությանը, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը եւ Սրբուհի Ղազարյանը: Վերջինս այժմ զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը, իրավաբան է, եղել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ:
Հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները վերջերս ավելի հաճախ են հավաքվում եւ քննարկում հենց ավագանու ընտրություններին մասնակցության հարցը: Այդ նիստերից մեկն էլ տեղի է ունենալու այսօր, ընդ որում` չի բացառվում, որ հենց այսօր էլ քվեարկություն տեղի ունենա եւ որոշվի, թե ով է գլխավորելու ավագանու իրենց ցուցակը: Ինչպես նշեցինք, թեկնածուները չորսն են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ վերջնական որոշում է կայացվել նախապատվություն տալ դերասան Հայկ Մարությանին: Այս կուսակցությունում նման հարցերը որոշվում են քվեարկությամբ, եւ կանխատեսումներն առկա են, որ ձայների մեծամասնությունը հենց Մարությանի կողմն է լինելու:
Նշենք, որ մինչ այս որպես քաղաքապետի թեկնածու ակտիվորեն քննարկվում էր նաեւ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի անունը: Ընդ որում` մեզ հայտնի դարձավ, որ կուսակցության վարչության հերթական նիստերից մեկի ժամանակ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը վիճաբանել են, եւ բանը հասել է նույնիսկ հայհոյանքների: Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնականաբար հերքեց տեղեկությունը` ասելով, թե Արարատ Միրզոյանը իր լավ ընկերն է: Միեւնույն ժամանակ վերջինս խուսափեց իր թեկնածությանն ու շանսերին վերաբերող հարցերին պատասխանելուց:
Եվ չնայած դաշինքում եւ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մասնակցության ձեւաչափի հետ կապված վերջնական որոշում առկա չէ, սակայն երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կարծիք է հայտնել, թե ավագանու ցուցակը գլխավորողը պետք է միանշանակ լինի հենց իրենց կուսակցությունից:
Ավագանու անդամ, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը չցանկացավ գնահատական տալ Նազարյանի ասածներին` ընդգծելով, թե դա վերջինիս անձնական կարծիքն է: Միեւնույն ժամանակ նա նշեց, թե մասնակցության ձեւաչափի եւ այլ հարցերի շուրջ քննարկումներն ակտիվորեն շարունակվում են, եւ «Լուսավոր Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին` անկախ ձեւաչափի շուրջ որոշումից: Թեկնածուների անունները չմատնանշելով` Սամսոնյանն ամեն դեպքում չհերքեց, որ իրենց թեկնածուների թվում քննարկվում է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի անունը:
«Հանրապետություն» կուսակցության անդամ, ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս նշեց, որ մասնակցության ձեւաչափի շուրջ քննարկումները ակտիվորեն շարունակվում են եւ, ըստ էության, չբացառեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ չի լինի, եթե դաշինքով մասնակցելու դեպքում ցուցակը գլխավորի հենց ՔՊ-ի թեկնածուն: Ամեն դեպքում Վարդանյանը նշեց, թե իրենց կուսակցությունում տարբեր սցենարներ են քննարկվում` թե՛ առանձին մասնակցության, թե՛ դաշինքով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

«ՉԱՅԿԱ»-ՈՎ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ փոխնախարար Բագրատ Բադալյանը ավտոմեքենաների պակաս չունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրա ավտոպարկի գերակշիռ մասը հիմնականում խորհրդային տարիների արտադրության ավտոմեքենաներն են` «Moskvich 400» «Gaz 12», «Gaz 67», «Gaz 13 Chayka», «Gaz 24», «Toyota Rav 4 2.0», «Moskvich 403», «Zaz 965»: Բացի այս, նա ունի մեկ բնակարան, անհատական բնակելի 3 հատ տուն, անավարտ շինություններ եւ 2 հատ հողամաս: Պաշտոնը ստանձնելիս Բադալյանը հայտարարագրել է 5 մլն 504 հազար դրամի չափով փոխառությունը: Իսկ դրամական միջոցը կազմում է 200 հազար դոլար: Որպես եկամուտ նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 8 մլն 384 հազար դրամ եւ 2270 դոլար: Նաեւ նա մեկ ընկերությունից ստացել է 25 մլն դրամի չափով շահաբաժին: Թե որ ընկերության մասին է խոսքը, պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Հուսանք առաջիկայում փոխնախարարն առիթ կունենա հանրությանը տեղեկացնել այդ մասին:

 

 

ԸՆԴԴԵՄ ՀՅԴ-Ի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ Կոտայքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «ՀՅԴ» կուսակցության գրասենյակի սպորտային դպրոցի` գումարի բռնագանձման պահանջով: Կուսակցությունը ընկերությանը պարտք է եղել 75 հազար դրամ, ինչի բռնագանձման պահանջով «Վեոլիա Ջուր»-ը դատարան է դիմել անցած տարվա հոկտեմբերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 5-ին դատարան ներկայացրած դիմումով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կ. Լըֆեն հրաժարվել է հայցից եւ խնդրել է գործի վարույթը կարճել:

 

 

ՎԱՐՈՒՅԹԻՑ ԿՀԵՌԱՑՎԵ՞Ն
«Սասնա ծռերի» գործով պարագլուխ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունից հետո հնարավոր է որոշում կայացվի քրեական գործով պաշտպաններից ոմանց վարույթից հեռացնելու մասին: Բանն այն է, որ զինված խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը, որ մեղադրվում են ՊՊԾ գունդը գրավելիս ոստիկանների սպանելու եւ բանկոմատ թալանելու մեջ, կապ չունեն դրա հետ: «Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»: Եվ ահա այս հայտարարությունից հետո ամբաստանյալների շահերի միջեւ հակասություն է առաջացել, եւ փաստաբանները, որոնք պաշտպանում են միաժամանակ այս անձանց, հնարավոր է՝ պարզապես վարույթից հեռացվեն: Մեզ հասած լուրերի համաձայն` խոսքը հանրային պաշտպանների մասին է:

 

 

ԽՈՐՀՈՒՐԴ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը զարգացնում է բազմաֆունկցիոնալ օդուժը: Դ. Տոնոյանը անդրադարձել է նաեւ ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման հարցին` ընդգծելով, որ այն կրում է հետեւողական բնույթ` անկախ իշխող քաղաքական ուժից: Ըստ նախարարի` ադրբեջանական զինուժի կուտակումների եւ ակտիվության մասին հաղորդագրությունները ճիշտ են, եւ նման զարգացումներ գրանցվել ու գրանցվում են ոչ միայն արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի երկայնքով` մասնավորապես Նախիջեւանի ուղղությամբ: «Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել հակամարտության ռազմական էսկալացիան իրենց վերահսկողության տակ ունենալու հարցում: Այսինքն` այնպես չի լինելու, որ իրենք սկսեն որեւէ տեղամասում թեկուզ սահմանափակ ծավալի օպերացիա եւ հույս տածեն, որ իրենց խնդրանքով միջնորդ պետությունները կհամոզեն հայկական կողմին դադարեցնել այդ ագրեսիայի պատժման նպատակով ձեռնարկված հակահարձակումը: 2016թ. ապրիլյան ագրեսիայի նման սցենարի կրկնման դեպքում հայկական կողմը կարող է չկարողանալ զերծ մնալ իր տրամադրության տակ եղած ողջ զինանոցը օգտագործելու եւ այդպիսով հակառակորդի սահմանափակ մարտական խնդիրները ավելի վճռական ու ծավալուն ձեւաչափով հակադարձելու «գայթակղությունից»»,- նշել է նախարարը:

 

 

ԿՈՐՈՇՎԻ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիեւի փոխանցմամբ` ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվի համանախագահների առաջարկությունից հետո:Նա նշել է, որ Ադրբեջանն աջակցում է նախկին ֆորմատին` սուբստանտիվ բանակցությունների հիման վրա:Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են հուլիսի 11-ին Բրյուսելում եւ շուրջ չորս ժամ բանակցել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Սա ՀՀ-ում հեղափոխական գործընթացների արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումն էր ադրբեջանցի պաշտոնակցի հետ: Այդ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում կարեւորել են լարվածության թուլացման եւ հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը: Հայտարարության մեջ նշվում էր, որ նախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո:

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդները զրուցել են հեռախոսով ու քննարկել ԵԱՏՄ-ին եւ հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Նշվում է, որ նրանք զրուցել են հեռախոսով: «ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են Եվրասիական տնտեսական համագործակցությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անահիտ Հախումյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ:




Լրահոս