ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 20-ին ստորագրած որոշմամբ` Արամ Թամազյանը ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Թամազյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2014 թվականի սեպտեմբերին, 2001-2004 թվականներին եղել է Հայաստանի գլխավոր դատախազը, 2005-2014 թվականներին` գլխավոր դատախազի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթը Արամ Թամազյանի հրաժարականի մասին զրուցեց վերջինիս հետ՝ հասկանալու համար, թե ում հորդորով է գնացել այդ քայլին:
-Պարո՛ն Թամազյան, Ձեզ ո՞վ հորդորեց հրաժարականի դիմում ներկայացնել:
-ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի համաձայն` ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշանակվում է 6 տարի ժամկետով, ես նորանշանակ կոմիտեի նախագահի հետ կարող էի աշխատել ընդամենը 11 ամիս, մինչեւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, որը լրանում էր մյուս տարվա հունիս ամսին: Այդ պատճառով որոշեցի հնարավորություն ընձեռել քննչական կոմիտեի նորանշանակ նախագահին նոր թիմ ձեւավորելու հարցում` նկատի ունենալով, որ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը տասնապատիկ ավելացել է, եւ զգալի խնդիրներ կան, եւ զգալի խնդիրներ են առաջադրվել նույն հաստիքների պարագայում: Գումարած նաեւ սերնդափոխության խնդիրը, ես որոշեցի, որ ինքս դիմում գրեմ եւ խնդրեմ, որ երկրի վարչապետը իմ դիմումի համաձայն ինձ ազատի աշխատանքից:
-Դուք նշեցիք, որ զգալի խնդիրներ կան եւ զգալի խնդիրներ են առաջադրվել, եւ այս պատկերին զուգահեռ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ասում են, որ չնայած իրավիճակին` երանելի ժամանակներ են եկել իրենց համար, իրենք ազատ են: Ինչո՞ւ Դուք հենց այդ զգալի խնդիրների առաջադրման, այս երանելի ժամանակների փուլում դուրս եկաք, ի վերջո, 11 ամիս կար աշխատելու երանելի ժամանակներում:
-Առանձնապես խնդիրներ չեն եղել, բայց քանի որ պետք է նոր թիմ ձեւավորվի, նորից եմ ասում, կարող էի 11 ամիս աշխատել, հետո օրենքը որոշակի սահմանափակում է մտցնում, սա է, ուրիշ խնդիր չկա: Բացի այդ, 43 տարի ես իրավապահ մարմինների համակարգում աշխատում եմ, աշխատել եմ եւ, կարծում եմ, որ բավականին տեւական ժամանակ է 43 տարին, եւ կցանկանայի, որ ցանկացած աշխատող այսքան տեւական ժամանակ ծառայի իր հայրենիքին:
-Իսկ կարո՞ղ է Աղվան Հովսեփյանի առաջ որոշակի պարտավորություն կար, որ Դուք դուրս եկաք:
-Աղվան Հովսեփյանը մեկ ամիս արդեն ազատված է պաշտոնից, նախորդ ամսվանից նա ազատվել է, այնպես որ նա որեւէ առնչություն չունի իմ այս հրաժարական ներկայացնելու հետ, եւ ընդհանրապես ոչ մեկ: Ես օրենքով սահմանված կարգով, պաշտոնավարման դադարեցման հիմքերից մեկը ուրեմն սահմանված տարիքի լրանալն է, որը կարծում եմ, որ արդեն չկար, հաջորդը քաղաքացիությունը կորցնելը, որը չկա եւ այլ հիմքեր, որոնք չկային, եւ պաշտոնավարման դադարեցման հիմքերից մեկը դիմումն է, որից ես օգտվել եմ:
-Իսկ ի՞նչ եք անելու:
-Նախ առաջինը կցանկանամ իրավապահ ոլորտի աշխատողներին՝ նկատի ունենալով, որ կադրերն են որոշում ամեն ինչ` կուզեի, որ համակարգային հաջողություններ արձանագրվեն քննչական կոմիտեում եւ այլ իրավապահ մարմիններում, մասնավորապես դրան հասնելու համար պետք է կադրերի ճիշտ ընտրություն կատարել, իրականացնել կադրային ճիշտ քաղաքականություն: Իսկ ինչ եմ անելու ես, ես դեռ հանգստանալու եմ, շարունակելու եմ իմ գիտամանկավարժական գործունեությունը, գիտեք, որ իրավաբանական գիտությունների դոկտոր եմ, ՀՀ վաստակավոր իրավաբան, դասավանդում եմ Ռուս-հայկական սլավոնական համալսարանում, նաեւ Երեւանի պետական համալսարանում, չգիտեմ` կարող եմ դասաժամերս մի քիչ ավելացնել կամ թողնել նույնը, այնպես որ այս ոլորտում կարող եմ ծառայել մեր մատաղ սերնդի իրավագիտական գիտելիքների բարձրացման գործում:
-Իսկ ի՞նչ կասեք ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահի` Հայկ Գրիգորյանի մասին:
-Ես չեմ ցանկանա գնահատականներ տալ:
-Ինչո՞ւ:
-Գնահատականը կտա ժամանակը, ես պարզապես կցանկանամ, որ հաջողություններ արձանագրվեն համակարգում` անկախ ունեցած հարաբերություններից: Անձնական հարաբերությունները կարող են մի որոշ ընթացքում դրսեւորվել այլ կերպ, մի որոշ ընթացքում այլ կերպ, բոլոր դեպքերում ես ավելի գերադասել եմ պետական շահը, պետության շահը, եւ նման դեպքում համակարգին կցանկանամ միայն լավը, որ համակարգը համալրվի բանիմաց, հայրենասեր, աշխատասեր, եռանդուն, սկզբունքային, նվիրյալ կադրերով, իսկ ղեկավարությունն էլ կատարի իր պարտականությունը համակարգի աշխատողների առջեւ: Ի՞նչ ասեմ. այսքանը:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
105 ԿԳ ՀԵՐՈԻՆԸ ՆՈՐ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՆՈՒՄ
Դեռ 2017թ.-ի նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան:
Հաղորդագրության համաձայն` ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող «DAF» մակնիշի սառնարանային բեռնատարը, որն այնուհետեւ մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է Երեւան` մաքսային պահեստ, որտեղ իրականացվել է տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննում: Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 105 կգ հերոին: Արդյունքում, ԱԱԾ-ն Ֆերդի Օզդեմիրին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, վրացական Օմեր Տրանսպորտ կազմակերպությունում զբաղվելով միջազգային բեռնափոխադրումներով, նշված կազմակերպության անվամբ հաշվառված եւ իր կողմից շահագործվող բեռնատարով եւ դրան ամրակցված կցորդով 2017 թվականի հունիսին Թուրքիայից առանց ՀՀ տարածք մուտք գործելու ԻԻՀ է տեղափոխել կակաոյի փոշի, այնուհետեւ ԻԻՀ-ում գտնվելու ընթացքում նույն բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածի հատուկ հարմարեցված թաքստոցում պահել է թվով 204 բրիկետների մեջ փաթեթավորված, առանձնապես խոշոր չափերով` 101830,16 գրամ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոց տարանցիկ Վրաստան փոխադրելու դիտավորությամբ: Եվ ահա 2017 թվականի հուլիսի 9-ին Մեղրի մաքսակետով մաքսանենգությամբ` թաքցնելով մաքսային հսկողությունից, նշված թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ պետական սահմանով, ինչից հետո այն հայտնաբերվել է: Այս արարքի համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ֆերդի Օզդեմիրիին ազատազրկման դատապարտեց 14 տարի: Սակայն դատարանը ես մեկ այլ որոշում էր կայացրել ԴԱՖմակնիշի NN296VV պետհամարանիշի բեռնատարը եւ դրան ամրակցված VV125W պետհամարանիշի կցորդը բռնագրավել հօգուտ պետության եւ հանձնել ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Տպավորություն է, թե այս պատմությունը հանգուցալուծվեց, սակայն իրականությունն այլ է. Օզդեմիրի պաշտպան Լենա Կարապետյանը հայց է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով, որ դատարանը «Օմեր Տրանսպորտ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի եւ դրան ամրակցված կցորդի վրա դրված կալանքը վերացնի, ավտոմեքենան, կցորդը, բանալիները եւ տեխնիկական անձնագրերը հանձնի վրացական «Օմեր Տրանսպորտ» ՍՊ ընկերությանը: Ասել է թե` մինչ այն կպետականացվի, վրացական կողմը պահանջում է իրեն պատկանող գույքը: Ավելին` վերջինիս պաշտպանը նրա պատիժը մեղմացնելու համար եւս դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: Ի դեպ, մինչ վրացական կողմը իր գույքն է ուզում, ԱԱԾ-ում 105 կգ հերոինի մասով դեռեւս քննություն է ընթանում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրգործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:Ծառայողական քննության նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջեւանի պահպանության բաժնի հաշվապահ Լ. Ա.-ն 2016թ. հունվարի 1-ից 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում իրեն, բաժնի պետին եւ բաժնի այլ աշխատակիցների հավելագրել է օրենքով սահմանված ամսական աշխատավարձի դրույքաչափից ավել գումար, որի արդյունքում բաժնի աշխատակիցներին ընդհանուր առմամբ 38.493.681 ՀՀ դրամ ավել է վճարել: Նախաքննության ընթացքում Լ. Ա.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Դիլիջանի բաժանմունքում իրեն ավել աշխատավարձ է վճարել բաժանմունքի պետի ցուցումով եւ գումարը կանխիկացնելուց հետո այն ամբողջությամբ հանձնել է վերջինիս: Հափշտակված գումարը ծառայողական քննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
ՄՇԱԿՎՈՒՄ Է
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մշակում է լրատվամիջոցների հետ ԲԴԽ-ի եւ դատարանների փոխհարաբերության կանոններ: «Իրավունքի ուժ» իրավապաշտպան կազմակերպությունը, որը մասնակցում է այդ կանոնները վերջնականացնելու աշխատանքներին, մշտադիտարկում է դատարաններում լրագրողների աշխատանքի խոչընդոտման եւ սահմանափակման դեպքերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կանոնների սեւագիր տարբերակը ներկայացնելու բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում եւ լրագրողական կազմակերպություններին նրանցից կարծիքներ եւ առաջարկներ ստանալու նպատակով, որից հետո միայն կանոնները կարող են վերջնականացվել եւ ընդունվել:
ՏՆՕՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթի պայմանները եւ մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Հայտերն ընդունվում են օգոստոսի 1-ից մինչեւ 31-ը: Հիշեցնենք, որ յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: