«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՆՐԱՆ ԻՄ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Անի Պետրոսյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա բնավորության առանձնահատուկ գծերը, իմացել ենք կյանքի ամենատարբեր իրավիճակների վերաբերյալ նրա պատկերացումների մասին:

-Անի՛, հավատալ ճակատագրի՞ն, թե՞ սեփական ուժերին:
-Ճակատագիրն, ամեն դեպքում, մարդու համար նախատեսում է ինչ-որ բան, բայց ընտրությունը մարդու ձեռքերում է:
-Նույնիսկ ամենադժվար պահերին չեք մոռանում, որ…
-Պետք է մարդ մնալ:
-Շարունակե՛ք միտքը. «Մարդը մենակ է, եթե…»:
-Մարդը միշտ մենակ է:
-Ձեր թիկունքից սովորաբար հարվածում են նրանք, ովքեր…
-Ես աշխատում եմ այդ հարվածները չընդունել: Երբ դիմացինս ինչ-որ վատ բան է անում, փորձում եմ հասկանալ դրդապատճառը եւ հիմնականում ներում եմ այդ մարդուն, որպեսզի չնմանվեմ նրան:
-Լավ ֆիլմը պետք է կարողանա…
-Մարդուն տպավորել, ինչ-որ բան սովորեցնել, մոտիվացնել, դեպի ճշմարտություն տանել:
-Ժամանակահատված, որը չեք ուզում հիշել կամ վերապրել:
-Ես, ընդհանրապես, երբեք չեմ ուզում անցյալ վերադառնալ: Այն, ինչ ապրել եմ, արդեն ապրել եմ: Ինձ հետաքրքիր է, թե ինչ է լինելու ապագայում:
-Շարունակեք միտքը՝ «Եթե Ձեզ թվում է, որ ամեն ինչ կորած է…»
-Ուրեմն Ձեզ սխալ է թվում. միշտ էլ կարելի է ինչ-որ ելքեր գտնել: Բացի այդ, եթե ինչ-որ բան չի ստացվել, նշանակում է՝ ճիշտ ուղղությամբ չես գնացել, կամ շատ չես հավատացել ցանկությանը: Եթե ինչ-որ բան շատ ես ուզում, չպետք է անընդհատ դրա մասին մտածել, ուղղակի պետք է հավատալ: Դա մի քիչ բարդ է, դրան հասնել է պետք:
-Անիմաստ է ապրել առանց…
-Առանց կյանքը սիրելու, միշտ դժգոհ: Այն, ինչ ունես, պետք է քեզ համար մեծ պարգեւ համարես, որովհետեւ մյուսները դա չունեն:
-Դուք ո՞ւմ որպես ընկեր կընտրեիք՝ սրամիտ, բայց ոչ խորը, թե՞ խորը, բայց ոչ սրամիտ մարդու:
-Երկուսին էլ, մեկը մյուսին կլրացնեին: Ես իմ ընկերներին սիրում եմ այնպիսին, ինչպիսին նրանք կան:
-Երբ ասում են մանկություն, միանգամից հիշում եք…
-Գյումրու մեր տան տոնածառի կարմիր, կլոր խաղալիքը: Երբ փոքր էի, ինձ թվում էր՝ այն շատ մեծ է: Հետո, երբ մեծացա, հին արկղերը փորփրելիս գտա այն եւ տեսա, որ խաղալիքն իրականում շատ փոքր է, բայց, չգիտես ինչու, ինձ հսկա էր թվացել (ծիծաղում է):
-Ի՞նչ խոստովանություն կանեք մեկին, ում ծանոթ եք դպրոցական տարիներից:
-Իմ առաջին դասղեկին կասեմ շնորհակալություն իմ կյանքը փրկելու համար: 1988-ի երկրաշարժի ժամանակ ես դպրոցական էի, հերթական դասի ժամանակ մեր դասղեկն անընդհատ հետաձգում էր դպրոցի մյուս կորպուս տեղափոխվելու պրոցեսը: Եվ եթե նա այդպես չաներ, մեր դասարանից ոչ ոք ողջ չէր մնա. այդ կորպուսից ոչ ոք չէր փրկվել: Իսկ երբ երկրաշարժը եղավ, նա նույնիսկ իր երեխաների մոտ չվազեց, մինչեւ որ իր սաներից ամեն մեկին չհասցրեց իր ծնողին:
-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:
-Միշտ վախեցել եմ անորոշությունից:
-Երեխաներ ունենալ կյանքում հետք թողնելո՞ւ համար, թե՞ որ վաղը Ձեզ ջուր տվող լինի:
-Երեխա պետք է ունենալ գիտակցական տարիքում: Չեմ հարգում այն մարդկանց, որոնք երեխային ունենում են, որ վաղը իրենց ջուր տվող լինի: Դա էգոիստ մարդու մոտեցում է: Բացի այդ, մարդ կա՝ 6-7 երեխա ունի, բայց իրեն ջուր տվող չունի: Այնպես որ, ամեն բան հարաբերական է: Երեխա ունենալով՝ պետք է հասկանաս, որ լույս աշխարհ ես բերում մեկին, որին թողնում ես այս կյանքի դառնություններն ու քաղցրությունները:
-Հայաստանում Ձեզ համար ամենատեսարժան վայրը:
-Գյումրի:
-Նախընտրում եք հանգստանալ այնտեղ…
-Որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչի:
-Ձեր կողքի տղամարդը պետք է իմանա, որ Դուք…
-Որ ես ես եմ, իր հետ ապրելու ընթացքում ուրիշ մարդ չեմ դառնալու:
-Քչերը գիտեն, որ Դուք նաեւ…
-Գրում եմ, երբեմն սցենարներ եմ հեղինակում, շատերին եմ օգնել:
-Մարդուն հասկանալու համար պետք է…
-Փորձում եմ ոչ ոքի չքննադատել, եթե կարող եմ, կօգնեմ:
-Ձեր մեծագույն ձեռքբերումը:
-Իմ ամեն ձեռքբերում մեծ է:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

«ԻՄ ՏԵՍԱԿՈՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՄ»

«Ես եղել եմ թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից մեկը, երգել եմ Հանրապետության հրապարակում, հույս եմ ներշնչել ժողովրդին, փառք Աստծո, այդ հույսերն արդարացել են, սակայն ես իմ տեսակով ընդդիմադիր եմ: Միշտ էլ տեսնում եմ խնդիրներ, որոնք արդիական են բոլոր իշխանությունների օրոք: Արդարության կողմնակից եմ՝ անկախ այն բանից, թե ով կլինի իշխանության գլուխ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Գաբի Գալոյանը, ով, ի դեպ, պարբերաբար բարձրացնում է հանրության խոցելի խմբերի խնդիրները:

Երգչուհու խոսքով՝ որեւէ մեկը չպետք է կորցնի իր սթափությունը. «Ամեն դեպքում, վարչապետի հետ համագործակցության արդյունքում, կարծում եմ, կունենանք այն Հայաստանը, որին այդքան ձգտում ենք: Պարզապես պետք է վստահենք իրար»,-ասաց նա: Մենք հարցրինք՝ երգարվեստում հեղափոխություն անելու կարիք կա՞, թե՞ ոչ. «Ինչ-որ քաոսային վիճակ եմ նկատում մեր երգարվեստում. որակյալ պրոդուկտը չի գնահատվում, դրան չեն ծափահարում: Մարդիկ չեն հասկանում՝ ինչ են ուզում, արտիստներն էլ իրենց հերթին չեն կողմնորոշվում»,- նկատեց Գաբին: Նա տեղեկացրեց, որ ունի մի քանի նոր գործ, մի մասը ժողովրդական երգերի նորովի կատարումներ են, մյուս մասը՝ անձամբ իր համար գրված երգեր: «Նաեւ ունեմ համերգային տուր մի քանի երկրներում՝ Ավստրալիա, Ուրուգվայ, ԱՄՆ եւ այլն: Ամբողջ հաջորդ տարին համերգային շրջագայությունների մեջ եմ լինելու: Ուրախ եմ, որ հրավերները շատ են»,-հավելեց երգչուհին:
Մենք հետաքրքրվեցինք՝ «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, «Հանրային հեռուստաընկերության» ամանորյա ֆիլմում նկարահանված երգչուհին այլ նախագծերից որպես դերասանուհի հանդես գալու հրավերներ արդյոք ունի՞. «Այդ նախագծերում հանդես գալն ինձ համար սիրողական աշխատանք է եղել: Ես մասնագիտությամբ երգչուհի եմ եւ չեմ ուզում դրանից շեղվել: Հավատարիմ եմ իմ սկզբունքին»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս