Վահան Բադասյանը վստահ է, որ հասնելու է Բակո Սահակյանի հրաժարականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ընթացքում Արցախի ընդդիմադիր հատվածը բողոքի ցույցեր էր անցկացնում, ինչի արդյունքում իշխանական թեւի որոշ պաշտոնյաներ հրաժարական ներկայացրին: Սակայն բողոքի ցույց իրականացնողները նպատակ ունեն նաեւ Արցախի նախագահի հրաժարականին հասնել: Իսկ ինչպես հայտնի է` 2020 թվականին Արցախում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ, նախաձեռնող խմբի համակարգող Վահան Բադասյանի հետ:

-Պարո՛ն Բադասյան, Դուք «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկ անգամ նշել էիք, որ Արցախի նախագահական ընտրություններից առաջ գործող նախագահ Բակո Սահակյանը պետք է իշխանությունը թողնի: Հիմա ի՞նչ եք կարծում` նա կգնա՞ այդ քայլին եւ ի՞նչ իրավիճակից ելնելով:

-Բակո Սահակյանն, իհարկե, չի գնում այդ քայլին. չի ուզում գնա: Բայց ես համոզված եմ, որ եթե Բակո Սահակյանը մնա մինչեւ 2020 թվականը, ապա վտանգված են լինելու արդար ընտրությունները: Իշխանությունը պետք է կազմակերպի ընտրություններն, այո, բայց այս իշխանության մնալով` երաշխավորված չէ, որ կարող է լինել արդար ընտրություն: Իրենք անպայման ցանկանալու են, որպեսզի լինի իշխանության փոխանցում, այսինքն` վերարտադրություն: Իսկ դրան ժողովուրդը չի համաձայնելու, իսկ եթե չհամաձայնի, պետք է փորձեն ազդել նրա վրա ուղղակիորեն կամ անուղղակիորեն. կա՛մ պետք է ճնշեն, կա՛մ պետք է վախեցնեն` հին մեթոդներով: Այսինքն` արդար, համերաշխ ձեւով չի լինելու ընտրությունը, այլ լինելու է շատ վտանգված:

Իսկ եթե Բակո Սահակյանը հրաժարական տա, եւ նրա փոխարեն լինի ցանկացած որեւէ մեկը, ապա արդեն ավելի մեղմված է լինելու իրավիճակը, եւ հանրության ճնշմամբ դա պետք է լինի: Իսկ այդ ճնշումը եթե եղավ, երաշխավորված է լինելու, որ ընտրությունը դժվար թե կեղծեն: Այս անցման փուլում հանրության ճնշումը պետք է գերիշխող լինի, քան ներկայիս իշխանության ճշնումը հանրության վրա, որ միշտ կա:

-Դուք ուզում եք, որ Ձե՞ր խմբի ներկայացուցիչը դառնա նախագահ:

-Ո՛չ, մեր նախաձեռնող խումբը, մենք իշխանություն չենք ուզում, մենք ուզում ենք, որ լինի ընտրություն: Բայց հարցն այն է, թե ով պետք է լինի նախագահը:

-Իսկ եթե այնպիսի թեկնածու լինի, որը Ձեր խմբի համար կրկին ընդունելի չլինի:

-Մենք ասել ենք, որ պետք է լինի համատեղ թեկնածու` քաղաքական հարթակի եւ իշխանության կողմից համաձայնեցված: Թեկնածու, որի խնդիրը պետք է լինի միայն ու միայն արդար ընտրություն ապահովելը: Ժողովուրդն ում ընտրեց, նա էլ կլինի վստահությամբ ընտրված նախագահը: Մենք նաեւ դեմ ենք, որպեսզի հանրային ճնշմամբ որեւէ մեկը դառնա նախագահ, որովհետեւ այստեղ արդեն ռեալ դաշտ համարյա գոյություն չունի, կան մի քանի ընդդիմադիր անձինք, քանի որ քաղաքական դաշտը Բակո Սահակյանը վերացրել է 2007-2010 թվականների ընթացքում: Քաղաքական դաշտ գոյություն չունի: Իսկ քաղաքական հարթակը վերջին երեք-չորս ամիսների ընթացքում առաջացած ընդդիմադիր խումբն է, որի կազմում բոլորն արցախցիներ են:

-Հնարավո՞ր է` Ձեր նախաձեռնող խմբի նախագահի թեկնածուն հենց Դուք լինեք:

-Ո՛չ, ես չեմ լինի:

-Ցանկություն չունե՞ք:

-Մենք ունենք թեկնածու, բայց ես չեմ:

-Իսկ ո՞վ է այդ թեկնածուն:

-Ես դեռ զերծ եմ մնում անուններ նշելուց, որովհետեւ մեր թեկնածուները շատ են: Մենք պետք է որոշենք, համաձայնեցնենք:

-Իսկ կարո՞ղ է իշխանական թեւից լինել թեկնածու, որը Ձեր խմբի համար ընդունելի լինի:

-Ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց լավ կլինի, որ իշխանության մաս չկազմի այդ թեկնածուն: Ցանկալին դա կլինի: Մենք արդեն փորձ ունենք. հասարակական ճնշմամբ ստիպել ենք հրաժարական տալ ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների, բայց մեզ չի հետաքրքրել, թե ում կնշանակեն իրենք: Ում էլ նշանակել են, իրենց մարդկանց են նշանակել, չէ՞:

Բայց միեւնույն է` այդ համակարգում ահագին բան է փոխվել արդեն. վախի մթնոլորտը վերացել է, ծեծուջարդը վերացել է: Արդեն ամեն մեկն իրեն ձգված է զգում: Դրա համար եմ ասում` կապ չունի, թե ով կլինի թեկնածուն:

-Եվ կարծում եք` հասարակական ճնշմամբ Բակո Սահակյանը կթողնի՞ իշխանությունը:

-Այո՛, այո՛: Մենք դրան պատրաստվում ենք:

-Բանտից ազատ արձակվեց Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Դուք իրեն տեսնո՞ւմ եք որպես նախագահի թեկնածու:

-Ո՛չ: Սամվել Բաբայանն ազգային հերոս է, մենք միշտ պայքարել ենք, որ դադարեցվեն նրա նկատմամբ եղած քրեական հետապնդումները: Ինքը կարող է լինել լավ խորհրդատու, կարող է լինել լավ վետերան, բայց այնպես չի, որ մենք իրեն տեսնում ենք որպես նախագահի թեկնածու: Քաղաքական դաշտում որպես պատգամավոր տեսնում ենք, բայց որպես նախագահի թեկնածու չենք տեսնում: Ինքը հերոս է, պետք է ապրի հերոսի կյանքով:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս