Նիկոլ Փաշինյանի թիմը շարժվում է նախապես մշակված ծրագրով. վարչապետի քայլերի նկարագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում առկա են ներկայացուցիչներ նաեւ ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, սակայն ակնհայտ է, որ այս կառավարությունը եւ, առհասարակ, այս թիմը շարժվում է կոնկրետ ծրագրով, որն ընդունվել է խորհրդարանում եւ որը կրկնում է հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը:

Հենց այդ ծրագիրն ուսումնասիրելիս արդեն ակնհայտ է դառնում, որ իր վերջին քայլերով Նիկոլ Փաշինյանը կարծես թե առաջ է տանում հենց կուսակցության ծրագիրը, որի մեջ առկա էր մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտում, ընտրութունների կեղծիքներին վերաբերող դրույթներ եւ այլն: Եվ հետաքրքիրն այն է, որ կուսակցության ծրագրով ի սկզբանե էլ ընդունելի է եղել թավշյա հեղափոխության միջոցով հարցերը լուծելու տարբերակը: Մասնավորապես ծրագրի 4.թ. կետում նշված է.

4.թ) ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրը ժողովրդավարության հաստատումն է, համաձայն ձեւակերպման, որ ժողովրդավարությունը իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը: Ժողովրդավարության գործնական կիրառումը, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով, իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից՝ խաղաղ, ընտրական ճանապարհով եւ այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը՝ համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած՝ ժողովրդի ազատ կամարտահայտման: Կուսակցության անդամները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ:

Հենց այս կետն էլ կատարվեց ապրիլին: Դեռ 2017 թվականին եղան խորհրդարանական ընտրություններ, իշխանությունը չփոխվեց, եւ ՔՊ-ն միայնակ՝ առանց դաշինքի գործընկերների, ընտրեց թավշյա հեղափոխության տարբերակը եւ իրականացրեց դա:

Չնայած հոկտեմբերի 27-ի դեպքերի առնչությամբ դեռ քայլեր չենք տեսնում, սակայն թե՛ դա, թե՛ մարտի 1-ի դեպքերի բացահայտումը եւս ամրագրված են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում:

3.դ) առանց ժամկետների սահմանափակման հետամուտ լինել 2008թ. Մարտի 1-ի սպանությունների եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ամբողջական, ինչպես նաեւ հանրային հնչեղություն ունեցող բոլոր հանցագործությունների բացահայտմանը:

Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո հենց Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ այդ կետի իրականացմանը: Եվ այսօրվա դրությամբ՝ 100 օր անց, արդեն իսկ մարտի 1-ի գործով կա 4 մեղադրյալ, որոնք բոլորն էլ դեռեւս ազատության մեջ են: Նրանք են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Հաջորդը, որը վարչապետ դառնալու առաջին օրվանից քարոզում է Նիկոլ Փաշինյանը, տնտեսական ազատ դաշտի առաջացումն է, երբ նրա խոսքով` ոչ ոք այլեւս չի կարող որեւէ այլ անձի բիզնեսի մեջ փայ մտնել: Ազատ տնտեսական դաշտի եւ մրցակցության մասին դրույթները եւս եղել են ՔՊ ծրագրի հիմնադրույթներից:

4.դ.3 Առաջնային խնդիր է տնտեսական մրցակցության համար իրական պայմաններ ստեղծելը. անհրաժեշտ է ձեւավորել օրենսդրական եւ գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձեւավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, մասնավորապես՝ նոսր բնակեցված մարզերի, սահմանամերձ տարածաշրջանների եւ ընդհանրապես Հայաստանի բնակչության թվի աճը:

Հաջորդ դրույթը, որն ամրագրված է ՔՊ ծրագրում եւ պարբերաբար բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանը, անկախ դատական համակարգի կայացումն է: Նա ոչ մեկ անգամ շեշտել է, թե ոչ ոք չպետք է ազդեցություն ունենա դատական համակարգի վրա, դատարաններն ազատ են Հայաստանը շարժվելու է միայն օրենքի շրջանակներում, այլ ոչ թե ինչ որ մեկի զանգով: Ընդ որում, այս մասին վարչապետը պարբերաբար է հիշեցնում:

4.դ. 4) Անկախ դատական համակարգի առանցքային գործառույթը հասարակական-քաղաքական եւ տնտեսական մրցակցության, սեփականության եւ այլ իրավունքների պաշտպանությունն է:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման այն տարբերակը, որը նշում է Նիկոլ Փաշինյանը, դա եւս ամրագրված է եղել ՔՊ ծրագրում: Խոսքն այդ հարցի կարգավորումն է՝ Արցախի բանակցային սեղանին վերադառնալու միջոցով:

4.է) Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:
Ահա այս դրույթների ուսումնասիրությունը եւս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2015 թվականին ընդունված ծրագրի դրույթներով: Նկատենք, որ այս ծրագրային դրույթները հենց այն են, ինչ տարիներ շարունակ ցանկացել է հասարակությունը: Ցանկացել, բայց նախկին իշխանություններից այդպես էլ չի ստացել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս