Գալացող հյուրը գոհ կլինի, թե դժգոհ` իրենց գործն է. Շիրակի մարզպետը միայն ջուր է հյուրասիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարզպետարաններին ներկայացուցչական ծախսերի համար տարեկան տրամադրվում է մոտ 300.000 դրամ: Դա նախատեսված է թե՛ երկրիներսի, թե՛ օտարերկրյա հյուրերի համար հյուրասիրություն կազմակերպելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ` փորձելով պարզել, թե որքանով է այդ գումարը բավականացնում իրենց` հյուրեր ընդունելիս, եւ ինչ ծախսեր են իրենք կատարում նման դեպքերում:

-Պարո՛ն Սարուխանյան, ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը բավականացնո՞ւմ է Ձեզ:

-Դա մոտավորապես 300.000 դրամ է կազմում: Բավականին քիչ գումար է: Չնայած նայած ճոխության, թե ով ինչպես է այդ ամենն անում: Օրինակ` ես սովորական ձեւով եմ ծախսում. ջուր եւ այլն: Դա է: Ինչ-որ ավել բաներ չեմ անում. ինչ-որ թույլ է տալիս պետությունը, դա է, առավել ոչինչ:

-Այդ գումարի շրջանակում ինչպիսի՞ն է լինում հյուրասիրությունը:

-Դա արդեն անձնական հարց է: Մարդիկ կան` կարող է շատ մեծ գումարների հյուրասիրություն են ուզում, մեկ ուրիշն էլ կարող է, ցանկանում է հսկայական ծավալների հյուրասիրություն կազմակերպել: Ես չեմ կարող կոնկրետ ասել: Ես իմ դեպքում չեմ նեղվում. պարզ ասեմ Ձեզ: Այն, ինչ որ թույլ է տալիս մեր պետությունը` ես դրանով բավարարվում եմ: Այդ գալացող հյուրը գոհ կլինի, թե դժգոհ, դա արդեն իրենց գործն է:

-Այսինքն` Դուք Ձեր հաշվին հյուրասիրություն չե՞ք անում:

-Եթե ես իմ հաշվին գումարի ավելցուկ ունենամ իմ աշխատավարձի մեջ, պետք եղած ժամանակ կանեմ: Բայց այս պահին չեմ կարծում, որովհետեւ այդ գումարը` աշխատավարձը, այդքան էլ շատ չէ: Ինչ-որ կարող ենք` այդ ենք անում, ավելին ոչինչ: Չկա ոչ մի ճոխություն: Մեզ բյուջե չունենք: Օրինակ` համայնքներում` համայնքապետ, քաղաքապետ, իրենք բյուջե ունեն եւ իրենց բյուջեից կարող են որոշակի գումար հատկացնել ներկայացուցչական եւ այլ ծախսերի համար: Մեզ պետությունն է հատկացնում, եւ բնական է` այդ գումարը քիչ է իրականում: Բայց, դե, էլի լավ է:

-Կցանկանայի՞ք, որ այդ գումարն ավելացվեր:

-Պատկերացրեք, որ այս պահին դա որպես առաջնային խնդիր չեմ տեսնում: Մենք այնքան հարցեր ունենք լուծելու, որ չեմ կարծում` դա առաջնային է:

-Երբ հյուր եք ունենում, միջինում որքա՞ն է արժենում Ձեզ համար ծախսը:

-Ես հյուրընկալել եմ Արգենտինայի դեսպանին, Ճապոնիայի դեսպանին եւ այլոց: Պարզ ասեմ. ոչ մի արարողակարգ չի եղել, ուղղակի գործնական, պաշտոնական հանդիպում է եղել: Այդտեղ մի քանի հատ ջուր է դրվել եւ վերջ: Ճաշկերույթ հո չեմ կազմակերպել:

-Այսինքն` մոտ հինգ հազա՞ր դրամի ծախս է դա եղել:

-Ավելի քիչ: Դա կախված է նրանից, թե ով իրեն ինչ կարող է թույլ տալ եւ ինչ է ուզում:

-Իսկ եղե՞լ է, որ ընթրիք մատուցվի մարզպետարանի հաշվին, կամ ջրից բացի` այլ ծախսեր կատարվեն:

-Ո՛չ: Ես երկու ամսից մի փոքր ավելի է, ինչ մարզպետի պաշտոնում եմ, եւ ոչ մի անգամ նման բան չի եղել, որ այդպես սեղան գցվի, հյուրասիրություն կատարվի:




Լրահոս