Կոտայքի մարզպետը սեփական գրպանից է հյուրասիրություն կազմակերպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարզպետարաններին ներկայացուցչական ծախսերի համար տարեկան տրամադրվում է մոտ 300.000 դրամ: Դա նախատեսված է թե՛ երկրիներսի, թե՛ օտարերկրյա հյուրերի համար հյուրասիրություն կազմակերպելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ` փորձելով պարզել, թե որքանով է այդ գումարը բավականացնում իրենց` հյուրեր ընդունելիս, եւ ինչ ծախսեր են իրենք կատարում նման դեպքերում:

-Պարո՛ն Պետրոսյան, մարզպետարանին ներկայացուցչական ծախսերի համար որքա՞ն գումար է տրամադրված:

-Մարզպետարանը ներկայացուցչկան ծախսեր` որպես այդպիսին, հիմա չի անում:

-Իսկ եթե ունենում եք հյուրեր, ի՞նչ եք հյուրասիրում եւ ի՞նչ միջոցներով:

-Հյուրասիրություն չենք անում. միայն սուրճ եւ ջուր ենք հյուրասիրում, որը ես իմ անձնական միջոցներով եմ գնում: Մարզպետարանը ներկայացուցչական ծախսերի համար ունի որոշակի բյուջե, բայց ես, իմ նշանակումից ի վեր, այդ բյուջեից չեմ օգտվում:

-Ի՞նչն է պատճառը:

-Պատճառն ուղղակի խնայողություններ անելն է, քանի որ միգուցե տարեվերջին այլ ծախսերի, սոցիալական կամ այլ ոլորտների համար գումար տրամադրելու անհրաժեշտություն լինի: Այսինքն` մենք ներկայացուցչական ծախսերի փոխարեն այլ ծախսեր կկատարենք: Բայց այդ գումարի մի մասն արդեն սպառված էր` մինչեւ իմ նշանակումը, բայց մյուս մասին մենք դեռ ձեռք չենք տվել:

-Հյուրերի համար սեղանին ի՞նչ է դրվում:

-Այս շոգին սառը ջուր է դրվում եւ սուրճ: Դա առավելագույնն է, որ իմ միջոցներով ես գնում եմ:

-Իսկ Ձեզ համար որքանո՞վ է շահեկան, որ Դուք Ձեր գրպանից եք գումար ծախսում:

-Դա չնչին ծախս է: Մենք այդքան ժամանակ չունենք, որ հյուրերի հետ սեղանի շուրջ երկար քննարկումներ անենք:

-Դա չի՞ ազդում Ձեր ընտանեկան բյուջեի վրա:

-Շատ չնչին է անդրադառնում:

-Իսկ դա Ձեր աշխատավարձի՞, թե՞ բիզնեսի հաշվին է:

-Ոչ, ես բիզնես չունեմ: Իմ աշխատավարձի հաշվին է, ինքս աշխատավարձով եմ ապրում:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս