ԻՐԱՆԱԿԱՆ ՑԵՄԵՆՏԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը, ունենալով շինարարության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից ցեմենտի գործարաններ, սկսել է այն ներկրել: Պաշտոնապես ցեմենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են, ինչի արդյունքում լուրջ խնդրի առաջ են կանգնել տեղական արտադրողները:

Ցեմենտի հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրվել է 23 հազար 915 տոննա ցեմենտ: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել է 18 հազար 375 տոննա ցեմենտ: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ վերջին երկու տարիներին է, որ Հայաստան ցեմենտի ներկրման ծավալները ավելացել են: Օրինակ՝ Իրանից 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստան մտել է 6852 տոննա, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 25 հազար 932 տոննա ցեմենտ: Տարբերությունը զգալի է:
Բացի այս, Հայաստան սկսել են ցեմենտ ներկրել նաեւ Վրաստանից: Ըստ ՊԵԿ-ի՝ եթե անցած տարվա առաջին կիսամյակում Հայաստան Վրաստանից ներկրվել է 0.2 տոննա, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 348 տոննա ցեմենտ: Բնականաբար, այս թվերը մինչեւ տարեվերջ փոփոխություն կկրեն: Եթե, իհարկե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջին հերթին հենց այս բալանսը կարգավորի, որպեսզի մեր երկրում ինչ-որ բան արտադրելը դառնա եկամտաբեր: Ստացվում է, որ Հայաստանում ինչ-որ բան արտադրելը եկամտաբեր չէ, ընդհակառակը, ներկրումն է ձեռնտու: Եւ տեղական արտադրանքի արտահանմանը խթանելու փոխարեն ներկրման ծավալներն ենք ավելացնում:
Մինչդեռ նախկինում հայկական ցեմենտն արտահանվել է միայն մեկ երկիր` Վրաստան: Հիմա էլ է արտահանվում, բայց չնչին քանակությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վրաստանում հայկական ցեմենտի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչը խիստ մտահոգիչ է: Պատճառն այն է, որ Վրաստանի ցեմենտի պահանջարկը սկսել է բավարարել ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը: Այսինքն` հայկական արտադրության ցեմենտը վրացական շուկայում չի կարողանում դիմանալ ադրբեջանականի եւ թուրքականի մրցակցությանը:
Մյուս կողմից՝ Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները այս տարվա հինգ ամիսների ընթացքում ավելացել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում նշված ժամանակահատվածում արտադրվել է 169 հազար 400 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա 104 հազար 400 տոննայի դիմաց: Այսինքն` այս տարվա հունվար-մայիս ամիսներին ցեմենտի արտադրության ծավալները 62.3 տոկոսով ավելացել են: Ճիշտ է, այս թվերը ուրախացնող են, բայց մյուս կողմից` ցեմենտ արտադրողները կանգնած են ավելի լուրջ՝ իրացման խնդրի առաջ: Իսկ արտահանելու հնարավորությունները չնչին են:
Նկատենք, որ մեր երկրում շինարարության ոլորտը թեեւ սկսել է շնչել, բայց այնուամենայնիվ շինարարների մեծ մասը նախընտրում է ձեռք բերել էժան իրանական ցեմենտը: Մեկ տոննայի դեպքում գնային տարբերությունը կազմում է ավելի քան 15 հազար դրամ: Սա է պատճառը, որ տեղական արտադրության ցեմենտի իրացման ծավալները կտրուկ նվազել են:
Նշենք, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ում ցեմենտ արտադրում է «Արարատցեմենտ» եւ «Հրազդան» ցեմենտի գործարանները: Ինչպես հայտնի է, «Հրազդան» ցեմենտի գործարանը սեփականատերերի փոփոխությունից հետո (այն ձեռք է բերվել հայտնի գործարար Նիկոլայ Խաչատուրովի կողմից) սկսել է աշխատել վերջին ամիսներին: Բայց չնայած սրան՝ ներկրման ծավալների ավելացման հետեւանքով հնարավոր է, որ գործարանը ժամանակավորապես դադարեցնի իր գործունեությունը: Պատճառը դարձյալ մեծ քանակությամբ ցեմենտի ներկրումն է: «Հրազդան» ցեմենտի գործարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին. «Այդ խնդիրը մեզ մոտ էլ կա: Էժան գնով ցեմենտ է նեկրվում Հայաստան, իսկ մեր արտադրանքն էլ անմրցունակ է դառնում: Մեզ մոտ էներգակիրները թանկ են, սա է պատճառը, որ ապրանքի ինքնարժեքը բարձր է ստացվում: Բայց մեր ընկերության ղեկավարությունը զբաղվում է այս խնդրով, անգամ դիմել ենք ՊԵԿ, կառավարություն»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործարանի աշխատակիցները եւս անհանգստացած են, քանի որ կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ:
Այս խնդրի առաջ կանգնած է նաեւ «Արարատցեմենտ»-ը: Օրեր առաջ գործարանի աշխատողները բաց նամակով դիմել էին սեփականատեր Գագիկ Ծառուկյանին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանց խոսքերով` ցեմենտի արտադրությամբ զբաղվող գործարանը կանգնած է փակման վտանգի առաջ: Աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղական արտադրանքը չի կարողանում դիմանալ գնային մրցակցությանը: Ինչպես հայտնի է, ներկրվածը ներքին շուկայում վաճառվում է բարձր գնով, իսկ տեղական արտադրության ցեմենտը թանկ է, քանի որ ինքնարժեքը բարձր է: Իսկ գործարանը աշխատում է բարձր գին ունեցող էներգակիրներով: Պարզվում է` արդյունաբերական երկու հսկաներն էլ իրենց պահեստներում բավականին զգալի քանակությամբ ցեմենտ ունեն կուտակած, որը այդպես էլ չեն կարողանում իրացնել:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ ժամանակ առաջ ներկրվող ցեմենտի «հսկիչ գինը» բարձրացվել է՝ դառնալով 300 դոլար, ինչի արդյունքում փոքր-ինչ կարողացել է օգտվել ե՛ւ «Հրազդան», ե՛ւ «Արարատցեմենտ» գործարանները: Սակայն այն նորից նվազել է 150 դոլարով: Ի դեպ, տեղեկացնենք, որ կոնկրետ ցեմենտի ներկրման դեպքում երբ հսկիչ գինը բարձր է եղել, այդ ժամանակ երկու գործարանների կոմից ցեմենտի արտադրության ծավալները զգալի աճել են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հուլիսի 13-ին որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրելու մասին: Որոշման հավելվածը, սակայն, մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված չէ, պարզ չէ, թե մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական քանի ծառայող որքան գումարով է պարգեւատրվել, որքան է կազմում պարգեւատրման ընդհանուր գումարը: Տավուշի մարզպետարանի աշխատակիցները պարբերաբար պարգեւատրվում են, դրա վերաբերալ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումներին ի պատասխան` Տավուշի մարզպետարանը 2018թ. մարտի 21-ին պարզաբանում է տվել, որ քաղծառայողների կիսամյակային պարգեւատրումը օրենքի պահանջ է, իսկ չկատարելը կդիտվի որպես օրենքի խախտում, համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր մարմնի համար պարգեւատրման ֆոնդը կազմում է ՀՀ պետբյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը: Տվյալ մարմնում կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից պետական ծառայողի պարգեւատրման չափը հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով պետական ծառայողի անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը: Պետական ծառայողը պարգեւատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, եւ նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս:

 

 

ՓՈՐՁԵԼ Է ԳՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆ
Հուլիսի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Գեւորգ Լեւոնի Չոբանյանի դատավարությունը: Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 4-ին: Գ. Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մայիսի 1-ին` ժամը 09.00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուրի դիմաց գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի կողմից վերահսկվող մարտական դիրքի տարածքով փորձել է հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ մուտք գործել Ադրբեջան: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 34-329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 100-200 հազար դրամի չափով տուգանք կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Գ. Չոբանյանը սահմանապահներին ասել է, որ ինքը ցանկացել է ադրբեջանցիներին թուղթ հանձնել, որն ապացուցում է, որ Ղարաբաղը հայկական տարածք է: Վերին Կարմիրաղբյուրից ստացված տեղեկություններով՝ Գ. Չոբանյանը հոգեկան շեղումներ ունի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Գյումրու «Մոր եվ մանկան ավստրիական» հիվանդանոցում աուդիտ է սկսվել: Գործընթացը մեկնարկել է նախորդ շաբաթվանից՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հրահանգով: Ստուգվելու, դիտարկվելու է հիվանդանոցն ամբողջությամբ, խախտումների առկայության պարագայում էլ գործն ուղարկվելու է դատախազություն:

Դեռ ամիսներ առաջ մարզպետ Սարուխանյանը հերքել էր իր եւ «Մոր եւ մանկան ավստրիական» հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի մեջեւ միջանձնային լարված հարաբերությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը: Սակայն այսօր մարզպետի քայլերն այլ բան են հուշում: Այն, որ աուդիտ է սկսվել, չհերքեց փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, ում վստահված է առողջապահության ոլորտը. «Ներքին աուդիտը իրականացվելու է բոլոր հաստատություններում, որոնք մարզպետարանի ենթակայության տակ են: Ֆինանսական աուդիտ մշտապես իրականացվում է, սակայն ներքին աուդիտ հազվադեպ է իրականացվում սանեպիդի եզրակացությամբ, խնդիրներ, անձնագրեր, հարմարեցում, ամեն ինչ: Բացի ֆինանսականից կարեւոր են հիվանդանոցի պայմանները: Աուդիտից հետո համապատասխան եզրակացություն կլինի: Եթե խախտումներ էլ լինեն, կուղարկվեն դատախազություն»,- նշեց փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը:
Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական» հիվանդանոցում աուդիտը սահմանված է իրականացնել 15-օրյա ժամկետում: Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը վտահեցրեց, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ իրենք աշխատել են օրենքի սահմանում. «Նոր է սկսվել աուդիտը, կարծեմ մարզպետն իրավունք ունի ներքին աուդիտ ուղարկել ցանկացած հիմնարկ, մեր հիվանդանոցն էլ բացառություն չէ: Ես որեւէ անհանգստություն չունեմ, որեւէ խնդիր չունեմ»: Կուրղինյանը իր եւ մարզպետ Սարուխանյանի միջեւ հարաբերությունները որակեց գործնական. «Ես եւ Կարեն Սարուխանյանը ինչպես գործատուն եւ իրեն ենթակա հիմնարկի ղեկավար, մենք նման գործնական հարաբերությունների մեջ ենք: Եթե խնդիրներ հայտնաբերվեն, յուրքանչյուր դրվագին համապատասխան կանդրադառնամ»: Նշենք, որ Աշոտ Կուրղինյանը ՀՅԴ անդամ է:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս