«ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԱՎ, ԻՍԿ ԵՍ ՏՈՒՆ ՉՈՒՆԵՑԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասան Արթուր Հակոբյանը: Մենք բացահայտել ենք նրա էությանը բնորոշ գծերը, դերասանը կատարել է նաեւ հետաքրքիր խոստովանություններ: Մեր զրուցակիցը նշել է, թե ինչով է ինքն այսօր հարուստ եւ ինչն է իրեն պակասում: Նա ասել է, թե ինչի համար է զղջում եւ ում է անվերապահորեն վստահում:

-Պարո՛ն Հակոբյան, Ձեր մանկության ամենաջերմ հուշը կապված է…
-Ծննդավայր Գյումրու, մեր բակի հետ: Մեր հարեւանները շատ լավն էին, միասին կարծես մի տուն լինեինք: Հիմա մարդիկ նույնը չեն, շատ տներ վաճառվել են, իրավիճակ է փոխվել:
-Ձեր ամենասիրելի տոնը:
-Ամանորի գիշերը:
-Տնից դուրս գալիս միշտ մոռանում եք Ձեզ հետ վերցնել…
-Միշտ չէ, բայց երբեմն՝ բջջային հեռախոսս:
-Բեմի մարդու համար ամենակարեւոր բանը…
-Աստծո կողմից տրված շնորհն է, տաղանդը: Եթե դա կա, նա կարժանանա նաեւ մարդկանց ծափահարություններին:
-Բնավորության մի գիծ, որը Ձեզ պակասում է, բայց կցանկանայիք դրանով օժտված լինել:
-Համբերատարությունը:
-Փոքր տարիքում ինքնամոռաց սիրահարված էիք…
-Դեռ չորս տարեկանից՝ մանկապարտեզի տարիքից, ունեի սիրած աղջիկ (ծիծաղում է):
-Եթե ոչ Հայաստանում, որտե՞ղ կցանկանայիք ապրել:
-Փարիզն է իմ քաղաքը: Այնտեղ երկու անգամ եղել եմ, դա, իսկապես, ուրիշ աշխարհ է: Ընդ որում` ես ոչ թե Ֆրանսիայի անունն եմ տալիս, այլ միայն Փարիզի: Բնականաբար, առաջնային ինձ հոգեհարազատ է Գյումրին, իսկ Երեւանն իմ սրբությունն է:
-Անվերապահորեն վստահում եք…
-Միայն որդուս: Թող մյուսներն ինձնից չնեղանան:
-Կնախընտրեիք Ձեր մտոհոգություններով կիսվել հոգեբանի՞, թե՞ քահանայի հետ:
-Իմ կյանքում եղել է շատ դժվարին փուլ, որը հաղթահարել եմ հոգեբանի օգնությամբ: Հիմա արդեն կցանկանայի լսել քահանայի խորհուրդները:
-Եթե սպորտի ոլորտում դրսեւորվեիք, կդառնայիք…
-Միանշանակ ֆուտբոլիստ: Փոքրուց խաղացել եմ: Կարծում եմ՝ ֆուտբոլը իմպրովիզացիայի թատրոն է: Բոլոր ժամանակներում երկրպագել եմ Բրազիլիային: Իհարկե, Հայաստանի հավաքականն ինձ համար առանձին միավոր է: Բայց ես անհատի երկրպագու եմ, ոչ թե թիմի:
-Տարիք, որը Ձեզ համար շրջադարձային է եղել:
-Երեսուն տարեկանը. 1992-ին ծնվեց իմ դուստրը, երկու տարի անց էլ՝ որդիս: Նրանց ծնունդն իմ կյանքում իսկապես շրջադարձային է եղել:
-Միայն մի բանի համար եք զղջում, որ…
-Ոչ թե զղջում, այլ ափսոսում եմ: Շատ այդպիսի բաներ կան… Ափսոսում եմ, որ ժամանակն անցավ, իսկ ես տուն չունեցա: Դրանից սարսափելի բան չկա: Շուտով վաթսուն տարեկան կլինեմ…
-Ֆիլմը, որն, ըստ Ձեզ, գերազանցել է սցենարին:
-«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը: Երեւի 160 անգամ դիտել եմ այն:
-Ձեր բնավորության ո՞ր գիծն է, որ մարդիկ տանել չեն կարողանում:
-Իմ բռնկուն բնավորությունը: Ես վայրկենապես եմ բռնկվում, ինչ մտածում եմ, մարդու երեսին միանգամից ասում եմ: Դրա համար շատ եմ տուժել, դա շատերին դուր չի գալիս: Բայց մտածել եմ՝ ավելի լավ է այդ մարդիկ ինձնից լսեն իմ կարծիքը, քան ուրիշների տեղ հասցրածը՝ խեղաթյուրած վիճակով:
-Ռի՞սկ, թե՞ զգուշավորություն:
-Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը. պահն է թելադրում: Եթե, ասենք, ռիսկի ես դիմում եւ մտնում ես փոթորկված օվկիանոս, դա հիմարության նշան է, բայց մեկ այլ պարագայում դա խիզախության նշան կարող է լինել:
-Մարդուն առաջնային դատում եք նրա…
-Խելքով: Խելքը, սովորաբար, ազնվության եւ համեստության նշան է: Իսկ խելոքի անազնիվ տեսակը ամենասարսափելին է:
-Միշտ խուսափել եք այն մարդկանցից, որոնք…
-Երկերեսանի են:
-Կյանքից ես ցանկանում եմ միայն մեկ բան…
-Որ իմ ընտանիքի անդամները առողջ լինեն, որ երեխաներս երջանիկ ապագա ունենան: Ուրիշ բան չեմ ուզում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆ Է»

«Լինելով այս երկրի քաղաքացի, ունենալով շատ բարեկամներ գյուղերում եւ քաղաքներում, իմանալով բոլորի առօրյան՝ ուզում եմ, որ մեր երկրի վիճակն ավելի լավանա, մարդիկ ավելի ներդաշնակ ապրեն, ուրախ լինեն: Սա մեր երկրի համար անցումային շրջան է, եւ ես հույս ունեմ, որ այն մեզ կտանի ավելի լավ վիճակի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Ալլա Լեւոնյանը, ով, ի դեպ, վերջին շուրջ վեց ամիսների ընթացքում հարցազրույցով հանդես չէր եկել:

Երգչուհու խոսքով՝ ամեն Աստծո առավոտ ինքը աղոթում է, որ Հայաստանում խաղաղություն լինի. «Երկրի խաղաղության պահպանման վերաբերյալ մտավախությունը տարիքի հետ ավելի է սրվում, բայց ես միշտ հույսն ու լույսն եմ տեսնում, թե չէ դժվար կլինի ապրել»,-ասաց նա:
Ալլա Լեւոնյանի ստեղծագործական կյանքում այժմ բուռն շրջան չէ, թեեւ վերջերս հյուրախաղերով եղել է Ռուսաստանում, նաեւ բանակցություններ է տանում՝ առաջիկայում այլ երկրներում համերգներով հանդես գալու ուղղությամբ. «Մարդ պետք է հանգիստ լինի նոր էնտուզիազմով գրելու համար: Մեր ստեղծագործողներն էլ նոր բաներ չեն մատուցում՝ չհաշված հեղափոխության ժամանակ գրված երգերը: Ես չեմ կարող որոշել ու գրել: Դրա համար հարկավոր է, որ պահը հասունանա: Իսկ այս պահին բուռն հոգեվիճակում չեմ, չեմ էլ փորձում փնտրտուքների մեջ ընկնել: Ես ինչ-որ բանի ետեւից չեմ վազում, որ հասնեմ: 25 տարի է՝ երգում եմ, ապացուցելու բան էլ չկա: Եթե էմոցիոնալ պոռթկում լինի, անպայման մի նոր գործ կներկայացնեմ հանդիսատեսիս: Փորձում եմ ազնիվ լինել ինքս ինձ եւ լսարանիս հետ»,-շեշտեց երգչուհին:
Ամեն դեպքում, կա մի երգ, որի վրա Ալլան պատրաստվում է աշխատել եւ նույնիսկ տեսահոլովակ ներկայացնել երկրպագուներին. «Երգը հեղինակել է մի կանադահայ, խնդրել է, որ հենց ես կատարեմ այն, չեմ մերժել, քանի որ, ըստ իս, շատ գեղեցիկ ստեղծագործություն է: Ամառն անցնի, հավանաբար կսկսենք աշխատանքներ տանել այդ ուղղությամբ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԿԲԱԺԱՆՎԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ
«Լիվերպուլ»-ը մտադիր է այս ամռանը բաժանվել 7 ֆուտբոլիստներից, որոնք չունեն մշտական խաղային պրակտիկա թիմում: Սպասվում է, որ անգլիական ակումբը կվաճառի բելգիացիներ Դիվոկ Օրիգիին ու Սիմոն Մինյոլեին, անգլիացիներ Դենի Ինգսին եւ Օլուվասեյն Օջոյին, սերբ Լազար Մարկովիչին ու Մարկո Գրուիչին, իսպանացի Պեդրո Չիրիվելիային: Այդ ֆուտբոլիստների վաճառքից «Լիվերպուլ»-ը կարող է ստանալ մոտ 70 միլիոն ֆունտստերլինգ:
Հիշեցնենք, որ այս ամռանը «Լիվերպուլ»-ը 162.4 միլիոն ֆունտ է ծախսել «Ռոմա»-ի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերին, «Մոնակո»-ի բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոյին, գերմանական «Լայպցիգ»-ի կիսապաշտպան Նաբի Կեյտային ու անգլիական «ՍթոքՍիթի»-ի շվեյցարացի վինգեր Ջերդան Շաքիրիին ձեռք բերելու համար:

 

 

ԿՓՈԽԻ ԱԿՈՒՄԲԸ
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հաստատել է լուրերը, որոնց համաձայն` թիմի ավագ Լեոնարդո Բոնուչին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը. «Զրուցել եմ Լեոյի հետ: Պետք է ազնիվ լինել եւ երեւույթներն իրենց անուններով կոչել: Մենք հանդիպել ենք, սակայն ես չեմ ներկայացնում ակումբի դիրքորոշումը, այնպես որ նա դեռ պետք է զրուցի ղեկավարության հետ: Քանի դեռ նա չի լքել մեր հանդերձարանը, ես ցանկանում եմ տեսնել վերջին շրջանի Բոնուչիին` պրոֆեսիոնալի, ով առաջ է մղում թիմին: Որոշումը կայացնելու են նա եւ ղեկավարությունը, բայց ես հույս ունեմ` Լեոն կմնա մեզ հետ: Կարծում եմ` երբ ֆուտբոլիստը հեռանալու մտադրություն է արտահայտում, մարզիչը պետք է փորձի մտափոխել նրան»,- ասել է Գատուզոն:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Լեոնարդո Բոնուչին կարող է վերադառնալ «Յուվենտուս»:

 

 

ԻՐԵՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՉԷ
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ակումբում իր առաջին հաղթանակից հետո հայտնել է, որ թիմի առաջատարների ճակատագիրը կախված չէ իրենից. «Ազարի, Կուրտուայի ու Վիլիանի ապագան կախված է ակումբի ղեկավարությունից: Ինձ համար հաճելի է նման խաղացողներ ունենալը: Ես պետք է միայն սպասեմ: Նույնը վերաբերում է նաեւ Ազարին: Հավատացեք. որ ոչինչ չեմ կարող անել եւ ինձնից ոչինչ կախված չէ»,-ասել է Սարին:
Նշենք, որ Կուրտուայի ու Ազարի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը: Վիլիանին էլ իր կազմում ցանկանում է տեսնել «Բարսելոնան»: Հիշեցնենք, որ «Չելսի»-ում իր առաջին խաղում Սարին հաղթանակի է հասել: Ընկերական խաղում թոշակառուները հաղթել են «Պերտ Գլորիին»:




Լրահոս