ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացում տեղ գտած չարաշահումների եւ հափշտակությունների առնչությամբ: Իսկ այդ ուսումնական կենտրոնը, ինչպես հիշում եք, կառուցվեց 2011թ-ից, երբ ՊԵԿ նախագահը, հետո ՀՀ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր: Իսկ ավելի ճիշտ, այդ ուսումնական կենտրոնը պետական միջոցների հաշվին հենց Գագիկ Խաչատրյանն էր կառուցում այն որպես բարձրակարգ հյուրանոց դարձնելու հեռահար նպատակով:
Ու երեկ ՊԵԿ-ը հանդես է եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասու պաշտոնատար անձինք առանց գնման պայմանագրեր կնքելու, առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով կազմակերպել եւ իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ մի շարք այլ հանցավոր արարքների առկայության վերաբերյալ. խոսքը միլիոնավոր դոլարների յուրացման ու հափշտակման մասին է: Ու հիմա ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում եւ վատնում կատարելու համար:
Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարությունը վերջին տարիների ամենամութ, բայց եւ ամենամեծ կոռուպցիոն գործարքներից մեկը կարելի է համարել: Այդ թեմային մամուլը միշտ անդրադարձել է, բայց ինչպես հիշում եք, «ձայն բարբառոյ անապատի». այդ հրապարակումներն անուշադրության են մատնվել: Իսկ հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, աղմկահարույց փաստեր են բացահայտվում: Նման տեմպերով ընթանալու դեպքում չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հարցաքննվի, միգուցե ձերբակալվի նաեւ Գագիկ Խաչատրյանը:

 

 

ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ կռիվ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեորգի Ավետիսյանը 2018 թվականի հուլիսի 23-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԱԳՆ-ին իր թեկնածությունը դիտարկել ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթին Ավետիսյանի պաշտպան Էդգար Բադեմյանը պատմեց, որ նրան մերժել են անգամ առանց պատճառների մասին տեղյակ պահելու: Ուստի իրենք էլ դիմել են դատարան: Իսկ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հյուպատոսն իր պարտականությունները ստանձնում է՝ նստավայր պետության կողմից թույլտվությունը՝ էկզեկվատուրան, ստանալու հիման վրա: «Նստավայր պետությունը պարտավոր չէ հաղորդել Էկզեկվատուրայի տալը մերժելու դրդապատճառները»,- ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի. պատճառն առողջական վիճակն է: Գրիգորյանն, ինչպես հայտնի է, տառապում է քաղցկեղով, տարին առնվազն մեկ անգամ քիմիաթերապիայի կուրսեր էր ստանում արտերկրում: Բուժման հերթական կուրսը նա պետք է ստանար հունիսի 13-ին, սակայն տեղի է ունեցել ձերբակալությունը: Կալանքի տակ գտնվելու ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը շարունակ վատանում է, եւ այդ հանգամանքն էլ կարող է որոշիչ դեր խաղալ խափանման միջոցը փոխելու հարցում: Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե Գրիգորյանը կյանքի ու մահվան առաջ է կանգնած: «Մարդուն ամեն օր որ տեսնում ես, թվում է, թե նույնը պիտի լինի, բայց ես ամեն օր աչքիս առաջ տեսնում եմ, որ վատանում է առողջական վիճակը»,- ասել է նա:

 

 

Պաշտոնապես պարզ չէ՝ Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի միայնակ, թե «Ելք» դաշինքով: Միայն այն փաստը, որ քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն ներկուսակցական քննարկումներ է անցկացնում, հիմք են տալիս ենթադրելու, որ «Ելք»-ը` որպես դաշինք, ներկայիս տեսքով արդեն չկա: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում չի բացառել ավագանու ընտրություններին ՔՊ-ի առանձին մասնակցելու տարբերակը: «Իսկ Երեւանի քաղաքապետարանում նոր ավագանի է ձեւավորվելու, եւ կարող է եւ չլինել «Ելք» դաշինքը Երեւանի ավագանիում: Այսինքն` եթե առանձին մասնակցենք, չի լինի դաշինքն ավագանիում: Մենք մեր կուսակցության անունը կպահպանենք»,- ասել է նա:

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմը վերջերս նկատելիորեն կոշտացրել է հռետորաբանությունը: Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարել էր, թե 2016թ. ապրիլյան սցենարը կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է զերծ չմնալ զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման գայթակղությունից: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով նախարարի խոսքերին, նախ ասել է, որ Տոնոյանը «շատ ճիշտ է արել»: Այնուհետեւ վարչապետը պնդել է, թե հայկական կողմի գործողությունները պետք է լինեն համարժեք՝ օպերատիվ իրավիճակից բխող, եւ մեր երկրի ազգային անվտանգության շահերից եւ անհրաժեշտություններից բխող: Եւ այս համատեքստում Փաշինյանը շեշտել է. «Մենք կարծում ենք, որ խաղաղ բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարեւոր է, մենք համարում ենք, որ դա հնարավոր է, բայց մենք ասում ենք նաեւ, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի Ադրբեջանը իր գործողություններով եւ իր հռետորաբանությամբ հնարավորություն չի տալիս, խաթարում է խաղաղության մթնոլորտը եւ հնարավորությունը, եւ մենք համարժեք ենք լինելու իրավիճակին: Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը եւ կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք: Եթե այլ ուղղությամբ կգնա, մենք այդ իրավիճակին նույնպես կլինենք համարժեք»:
Փաշինյանն առաջին անգամը չէ, որ հայտարարում է ԼՂ խնդրի լուծման գործում նախ եւ առաջ համապատասխան մթնոլորտ ձեւավորելու անհրաժեշտության մասին` շեշտելով, որ դրանից հետո նոր կարելի է խոսել խնդրի լուծման, փոխզիջումների գնալու հնարավորությունների վերաբերյալ: Ակնհայտ է՝ Փաշինյանի այս խոսքերն առաջին հերթին ուղղված են միջազգային հանրությանը, մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ու գերտերություններին, եւ հետո նոր Ադրբեջանին: Ի վերջո, հենց միջազգային հանրությունը պետք է հետեւողական գտնվի Ադրբեջանին «կարգի հրավիրելու», ռազմական ագրեսիվ հռետորաբանությանը վերջ տալու եւ խաղաղության գնալու մթնոլորտ ձեւավորելու հարցում` ստիպելով այդ երկրին նստել բանակցային սեղան խնդրի լուծման ուղղությամբ իրական քննարկումներ ծավալելու եւ ելքեր գտնելու նպատակով: Միաժամանակ, միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին «զրկի» ագրեսիվ դիրքերից հանդես գալու հնարավորությունից` պարզապես վերջ դնելով նրա սպառազինությունների մրցավազքի մոլուցքին, էմբարգո դնելով զենքի մատակարարմանը: Այնպես որ, հայկական կողմի կեցվածքից առաջինը պետք է հետեւություններ անեն ու քայլերի դիմեն հենց գերտերություններն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:




Լրահոս