Ինչպես հայտնի է, քաղաքական ուժերն այս օրերին քննարկում են Երեւանի քաղաքապետի իրենց թեկնածուի առաջադրման հարցը: Ամենաինտրիգային իրավիճակը «Ելք» դաշինքի ներսում է, քանի որ դաշինքի ուժերն առանձին-առանձին են քննարկում թեկնածուի հարցը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դաշինքն այլեւս չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գեւորգ Գորգիսյանի հետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյան
-Տիկի՛ն Նազարյան, քաղաքապետի Ձեր թեկնածուի անունը ե՞րբ հայտնի կլինի:
-Մյուս շաբաթ հաստատ:
-Իսկ խնդիրը ո՞րն է, որ ՔՊ վարչության նիստին թեկնածուի հարցով վերջնական որոշման չեկաք: Թեկնածուների առումով խնդիրնե՞ր կան:
-Ո՛չ, որեւէ խնդիր չկա: Պարզապես ժամանակը բավարարեց լսելու թեկնածուներից երկուսին, եւս երկուսին մենք կլսենք կիրակի, եւ դեռ հնարավորություն կա էլի թեկնածուներ ունենալու: Այդ հնարավորությունը սպառված չէ, եւ գուցե լինեն մարդիկ, ովքեր կցանկանան առաջադրվել, եւ մենք իրենց էլ պետք է լսենք:
-Կարծիքներ կան, որ լուրջ չեն վերաբերվի, եթե քաղաքապետի ՔՊ թեկնածուն լինի դերասան Հայկ Մարությանը:
-Ես կարծում եմ, որ բոլոր թեկնածուներն էլ արժանի են, որպեսզի վարչությունն իրենց լուրջ վերաբերվի եւ լսի բոլորի առաջարկները, ծրագրերը:
-Դուք առանձին եք քննարկում քաղաքապետի թեկնածուի հարցը, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններն առանձին: Ընդհանուր թեկնածու ինչո՞ւ չեք առաջադրում:
-Ամեն դեպքում, եթե անգամ դաշինքով էլ հանդես գանք, ամեն կուսակցություն պիտի ունենա իր ցուցակը, այդպես չէ՞: Հիմա քանի դեռ մենք չենք որոշել` միասին, թե առանձին ենք մասնակցում, այդ հարցն էլ է բարդ ասել: Մենք զբաղված ենք մեր կուսակցության ցուցակի ձեւավորմամբ: Վարչությունը նախ պիտի որոշի` ով է քաղաքապետի իր թեկնածուն, հետո ավագանու թեկնածուներին պիտի լսի, հավանություն տա, տեղերը որոշի:
-Իսկ ԼՀ-ից եւ «Հանրապետություն»-ից չե՞ն նշել, որ առանձին պետք է հանդես գան:
-Ես այդպիսի տեղեկություն չունեմ: Նման որոշման մասին չեն հայտնել իրենք: Իսկ եթե որոշենք միասին մասնակցել, մենք մեր կուսակցությունների ցուցակները կհամատեղենք:
-Եթե չհաջողվի դաշինքով մեկ թեկնածու առաջադրել, ստացվում է` «Ելք» դաշինքը կպառակտվի՞:
-Այս պահին «Ելք» դաշինքը կա խորհրդարանում: Իսկ Երեւանի քաղաքապետարանում նոր ավագանի է ձեւավորվելու, եւ կարող է եւ չլինել «Ելք» դաշինքը Երեւանի ավագանիում: Այսինքն` եթե առանձին մասնակցենք, չի լինի դաշինքն ավագանիում: Մենք մեր կուսակցության անունը կպահպանենք:
-«Ծառուկյան» դաշինքից որպես քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի անունն է շրջանառվում, ով բավական փորձառու գործիչ է: Կարծում եք` կա՞ այս պահին համարժեք թեկնածու, ով կարող է մրցակից լինել Զոհրաբյանին:
-Բնականաբար, մենք կարծում ենք, որ այն քաղաքական իրավիճակը, որ հիմա կա, մեզ հնարավորություն կտա ակնկալել մեծամասնություն ավագանիում: Եվ քարոզարշավի ընթացքում էլ մենք կներկայացնենք մեր թիմին, ծրագիրը: Իհարկե, չեմ կարծում` միայն այն հանգամանքը, որ ՔՊ-ն է առաջնորդել իշխանափոխություն, պիտի մեզ հնարավորություն տա, որ հաղթենք Երեւանի ավագանու ընտրություններում: Բայց, ամեն դեպքում, մենք ստացել ենք հանրության վստահությունը, եւ դա պահելու համար անչափ կարեւոր է, որ լինի քաղաքապետի շատ լավ թեկնածու եւ ընդունելի ծրագիր:
-Հիմա ՔՊ-ի համար գերխնդի՞ր է քաղաքապետի ընտրություններում հաղթելը, թե՞ պարտությունից չեք վախենում:
-Մեզ համար շատ կարեւոր է լինելու հաղթանակը, իհարկե: Բայց լինելու է ոչ թե մեր, այլ երեւանցու հաղթանակը: Մեր թիմը ծառայելու է Երեւանի քաղաքացուն:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գեւորգ Գորգիսյան
-Պարո՛ն Գորգիսյան, ե՞րբ պարզ կդառնա, թե ով է քաղաքապետի Ձեր թեկնածուն:
-Ժամկետ չեմ կարող նշել: Շուտով:
-Հանրապետություն կուսակցության հետ համատե՞ղ թեկնածու է լինելու:
-Շուտով ամեն ինչ կհրապարակենք:
-Այն, որ ՔՊ-ից առանձին եք քննարկում թեկնածուի հարց, արդյոք նշանակո՞ւմ է, որ ցանկություն չկա «Ելք» դաշինքով մասնակցելու:
Այս հարցից հետո Գեւորգ Գորգիսյանն անջատեց հեռախոսն ու այլեւս չպատասխանեց մեր զանգերին: Թե ինչու, ինքներդ գուշակեք:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԻՐԱՐ ԴԵՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
Երկրապահ կամավորական միության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիմա լուրջ խնդիրներ են սկսվել տարածքային կառույցներում:
Բանն այն է, որ երեկ Էջմիածնի Մշակույթի տանն էին հավաքվել մեծ թվով ազատամարտիկներ, այդ թվում չգործող ԵԿՄ-ականներ եւ որոշել էին ընտրել ԵԿՄ Էջմիածնի տարածքային կառույցի նոր վարչություն եւ վարչության նախագահի պաշտոնակատար: Սակայն դրան զուգահեռ ԵԿՄ Էջմիածնի տարածքային կառույցի մոտ ազատամարտիկների մեկ այլ թեւ էր գտնվում, ովքեր պնդում էին, թե ԵԿՄ-ի Էջմիածնի տարածքային կառույցի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար արդեն ընտրվել է, եւ որոշումն էլ հաստատվել է ԵԿՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արա Կետիկյանի կողմից, ընդ որում` ցուցադրելով համապատասխան հրամանը:
Ըստ այդ որոշման` Մանվել Գրիգորյանի որդին` Արման Գրիգորյանը, ազատվել է նախագահի պաշտոնից, եւ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են Մաթեւոս Ներսիսյանի վրա: Իսկ ահա մյուս կողմը, ովքեր հավաքվել էին Մշակույթի տանը, դա անօրինական որոշում էին համարում` ասելով, թե Արա Կետիկյանն իրավասու չէ որոշում կայացնել` պնդելով, որ այսպես Մանվել Գրիգորյանի թիմը կրկին վերարատադրվում է:
Իրականում այս պատմությունը խորը արմատներ ունի եւ կապված է այն հանգամանքի հետ, որ ԵԿՄ-ի անդամ չհանդիսացող ազատամարտիկները, ովքեր նեղացած են եղել Մանվել Գրիգորյանից եւ սառեցրել են անդամակցությունը, այժմ չեն ցանկանում այդ պաշտոնում տեսնել Արամ Սարգսյանին, եւ այդ թեւն արդեն իսկ որոշում է կայացրել առաջադրել Արայիկ Խուդավերդյանի` Կոռնիձորի Արայիկի թեկնածությունը: Ընդ որում` նա երեկ իր թիմով նույնպես ներկա էր Մշակույթի տան ազատամարտիկների հավաքին` ասելով, որ Արամ Սարգսյանը չի կարող դառնալ ԵԿՄ նախագահ եւ 12-ից ավելի հասարակական կազմակերպություններ հենց իրեն են տեսնում այդ պաշտոնում:
Եվ քանի մոտենան ԵԿՄ նախագահի ընտրությունները, այսպիսի դեպքերի կհանդիպենք նաեւ ԵԿՄ մյուս տարածքային կառույցներում, քանի որ Խուդավերդյանի թիմն այսպես որոշել է լինել ամենուր` անօրինական համարելով գործող ԵԿՄ-ականների որոշումները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐԸ ՄԱՆՎԵԼ ՉԵՆ
Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ին խուզարկություն էր իրականացվել Արցախի հերոս, նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը` «Մետաքսկոմբինատ»-ում: Նպատակ է եղել Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերել 2016 թ. ապրիլին Հայաստանից եւ արտերկրից ստացված օգնություններ եւ այլ իրեր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, անդրադառնալով կատարվածին, ասել է. «Արցախի մեր կառույցը դրա վերաբերյալ իր գնահատականները հնչեցրել է` նկատի ունենալով, որ Արթուր Աղաբեկյանն Արցախի մեր կառույցին անդամակցող ընկեր է. հաշվի առնելով մեր ապակենտրոն գործունեությունը` մենք ձեռնպահ ենք մնացել մեկնաբանություններ անելուց: Բայց մի բան ակնհայտ է. այդ գործողությունները, որ արվել են, առնվազն մեր տարակուսանքն են հարուցում: Եթե որպես մեղադրյալ եւ որպես կասկածվող ներգրավված չէ անձը, անհասկանալի է խուզարկություն կատարելու հանգամանքը: Կարծում եմ` մենք պիտի անդրադառնանք, որ մեր երկրում բոլորը չէ, որ Մանվել են (գեներալ Մանվել Գրիգորյանին նկատի ունի), եւ բոլորին չէ, որ կարելի է նման ձեւով վերաբերվել: Ի վերջո, կա ապրած կյանք, անցած կենսագրություն: Կարծում եմ, որ այդ ապրած կյանքն ու կենսագրությունն Արթուր Աղաբեկյանի պարագայում այդ առումով որեւէ կասկածի տեղիք չի կարող տալ»,-նշեց Արսեն Համբարձումյանը:
ԹԻԿՆԱՊԱՀԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում երեկ հարցաքննվել է Սերժ Սարգսյանի եղբորոդու թինկապահ Արտեմ Պետրոսյանը: Հարցաքննությունը մասնավորապես եղել է Նարեկ Սարգսյանի եւ նրա թիկնապահ Արտեմ Ասատրյանի կողմից 49-ամյա տղամարդուն առեւանգելու եւ խոշտանգելու դեպքի վերաբերյալ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ Արտեմ Պետրոսյանը 49-մյա Արամի հետ բիզնես է ունեցել, որոշ ժամանակ անց Արամը հրաժարվել է համատեղ գործելուց: Հարցին «խառնվել է» Նարեկը, Արամին առեւանգել են ու խոշտանգել: Նարեկ Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հաստատեց մեր հրապարակած տեղեկությունը` հավելելով, որ նա այսօր ցուցմունք է տվել .«Իմ պաշտպանյալը զանգահարել է Արամին, ասել է, որ նա չգնա Նարեկի հետ հանդիպման, սակայն Արամը, մտածելով, որ բացօթյա սրճարան է, իրեն վատ բան չեն անի, գնացել է: Իմ պաշտպանյալը այդ անձին չի հարվածել, չի ծեծել, պնդել է, որ ամեն ինչ արել է նրան օգնելու, փրկելու համար: Ավելին` հայտնեմ, որ Արտեմ Պետրոսյանը իրավապահներին խնդրել է, պահանջել, հորդորել է, որ եթե իր ու տուժած անձի ցուցմունքների մեջ հակասություն լինի, իրականացնել առերեսում»: