Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի դասակարգումը ցածր-միջին եկամուտներ ունեցող երկրից բարձր-միջինի, ինչի հետեւանքով Հայաստանը մեխանիկորեն դուրս է մնացել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից: Այս մասին նշել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` մանրամասներ ներկայացնելով ԱՄՆ կատարած այցից:
Ինչպես հայտնի է, դեռ 2004 թվականին ԱՄՆ կոնգրեսը հիմնել էր «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք համեմատաբար ժողովրդավար են: 2006 թվականին կորպորացիայի եւ Հայաստանի կառավարության միջեւ ստորագրվեց աջակցության համաձայնագիրը, որի իրագործումը, սակայն, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների պատճառով մնաց անավարտ:
Հայտնի է, որ դեռեւս 2006 թ. սկիզբ առած հնգամյա ծրագրով նախատեսվում էր շուրջ 235 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին 940 կմ գյուղական ճանապարհների վերականգնման, ինչպես նաեւ ոռոգման համակարգի համար: Սակայն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տասն օր անց կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը նամակ էր հղել, որում ընդգծել էր, թե Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են բացասաբար ազդել ծրագրի շրջանակներում երկրի ֆինանսավորման վրա: Այդպես էլ եղավ. հետընթացը նկատվեց, եւ ծրագիրը վաղաժամկետ դադարեցվեց 2011 թ. աշնանը: Արդյունքում 235 միլիոն դոլարից ծախսվեց 177 միլիոնը: Հայաստանը տեւական ժամանակ չէր կարող «Հազարամյակի մարտահրավներ»-ից որեւէ ծրագիր ակնկալել, որովհետեւ այնտեղ կան չափանիշներ, որոնց Հայաստանը չէր բավարարում: Այդ չափանիշերի մեջ կային ժողովրդավարության հետ կապված գնահատականներ, կոռուպցիայի ինդեքսներ, թափանցիկության եւ այլ ցուցանիշներ։ Իսկ մարտի 1-ի արդյունքում իշխանության եկած ուժը չէր կարող համարվել ժողովրդավար:
2008 թվականից հետո առաջին անգամ 2013 թվականին Հայաստանը համապատասխանեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի չափանիշներին եւ կարող էր դիմել ֆինանսավորում ստանալու համար։ «Հազարամյակի մարտահրավերներից» օգտվելու հնարավորությունը ձախողվեց նաեւ 2013-ին:
Եվ ահա Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն բարձրացրեց Հայաստանի վերաբերյալ որոշումը վերանայելու հարցը, եւ այդ հարցի վերաբերյալ քայլեր փորձեցին ձեռնարկել արդեն Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը: Սակայն հիմա էլ հնարավոր չէ միանգամայն այլ պատճառներով. ՀՀ-ի վիճակը գնահատվում է այնքան լավ, որ այլեւս օգնության կարիք չունի:
Բոլոր երկրների համար առկա է քարտ, որով գնահատվում է երկրի ցուցանիշները: Ընդ որում` այդ ցուցանիշների կազմման համար կորպորացիան օգտվում է տարբեր հեղինակավոր աղբյուրներից (Համաշխարհային բանկ, Freedom House, Արժույթի միջազգային հիմնադրամ եւ այլն): Բանն այն է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ֆինանսավորում է ժողովրդավարական արժեքները հարգող ցածր եկամուտներ ունեցող երկրներին միայն: Մասնավորապես, անհրաժեշտ է, որպեսզի երկրի եկամուտները գնահատվեն «ցածր միջին»-ից ոչ ավել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն լինի 3896 ԱՄՆ դոլարից պակաս:
Համադրելով տվյալները` տեսնում ենք, որ 2016-2017 ֆիսկալ տարում Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3760 դոլար, իսկ օրինակ 2017-2018 ֆիսկալ տարում այդ ցուցանիշը հասավ 4000 դոլարի: Այդ հիմքով Համաշխարհային բանկը «ցածր միջին» եկամտով երկրների ցանկից Հայաստանը տեղափոխեց «բարձր միջին» երկրների ցանկ: Ըստ այդմ` Հայաստանը կրկին դուրս կմնա «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի դրամաշնորհների համար հայտ ներկայացնելու իրավունք ունեցող երկրների ցանկից:
Եվ այստեղ կարծես թե հակասություն է առաջանում` լա՞վ է, որ Հայաստանը դուրս է մնացել այդ ծրագրից, թե՞ վատ: Թերեւս կարծիքները կարող են կիսվել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՆԴԻՊԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ կառավարությունը որոշել է հրաժարվել թերթերի բաժանորդագրումից աշխատակազմի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: Ընդ որում` այդ որոշումը կայացրել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ վերջինս այդ քայլից տեղյակ չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ասուլիսից հետո Փաշինյանն ի՞նչ ընթացք է տվել հարցին: Մեզ հետ զրույցում աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ վարչապետի հետ այդ թեմայով զրույց ունեցել են, եւ նա վերջինիս բացատրել է իր որոշման պատճառները: Ավելին` Աղաջանյանը նշեց, որ շրջաբերական է պատրաստվում եւ ուղարկվելու է աշխատակիցներին, որպեսզի պարզ դառնա` աշխատակիցներն ունեն թերթերի կարիքը, թե ոչ: «Վերջին մի քանի տարվա ունեցած մեր տեղեկատվությամբ` վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանրապես ոչ ոք թերթերից չի օգտվել, եւ սպառում չի եղել: Ես` որպես աշխատակազմի ղեկավար, պատրաստ եմ օպտիմալացնել ծախսերը եւ հաշվի առնելով, որ որեւէ սպառում չի եղել` որոշումը կայացվել է, քանի որ թերթերը եկել են եւ այդպես թարմ գնացել պահեստ: Շրջաբերականի արդյունքներից պարզ կլինի. միգուցե որոշ թերթերի բաժանորդագրությունը պահպանվի, միգուցե բոլորից էլ հրաժարվենք», – նշեց նա:
Նկատենք, սակայն, որ ոչ բոլոր թերթերն են անուշադրության մատնվում: Համենայն դեպս, առաջատար թերթերը, իսկ դրանք ընդամենը մի քանիսն են, այնուամենայնիվ, ընթերցվում են: Ու բացի այդ, կառավարությունում չէր խանգարի սերմանել թերթ ընթերցելու մշակույթը, այլ ոչ թե օրեցօր ավելի ընկղմվել «Ֆեյսբուք»-ի կամ ընդամենը սկանդալային հորինված բամբասանքներ տարածելու համար ստեղծված կայքերի մեջ` լուրջ ընդունելով այնտեղից թելադրված կեղծ օրակարգը: Ինչ-ինչ, բայց առաջատար տպագիր թերթերում կարելի է գտնել այն սթափ միտքը, որ ուրիշ տեղ հաստատ չկա: Եւ վստահ ենք, այս հարցում համակարծիք է նաեւ պարոն Փաշինյանը:
ՌԱԿ-ԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերգո Կառլոս Նահապետյանը 2018 թվականի մարտի 5-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել փոխել Ռամկավար Ազատական կուսակցությանը Կանոնադրության մեջ ամրագրված կուսակցության անվանումը, զինանշանի ու դրոշի նկարագրությունը: Ի դեպ, տեղեկացանք, որ գործը նախագահող դատավոր Լիզա Գրիգորյանը հայցը մեկ անգամ հետ վերադարձնելու որոշում է կայացրել, սակայն հայցվոր կողմը չի հանձնվել եւ կրկին դիմել է դատարան, եւ գործով նշանակվել է նախնական դատական նիստ:
ՉԻ ՓՈԽԵԼ
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ես հանդիպեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Ես ծանոթ եմ նրա հետ այն ժամանակից, երբ նա Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպան էր: Մեր դիրքորոշումը հայտնի է, մենք չենք փոխել մեր դիրքորոշումը: Հայտնի է մեր դիրքորոշումը նաեւ Ղարաբաղի վերաբերյալ»,-ասել է Չավուշօղլուն:
ԿՀԱՆԴԻՊԵՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին եւ Էլմար Մամեդյարովին եւս մեկ հանդիպում անցկացնել: «Արտաքին գործերի նախարարների եւս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացվել է համանախագահների կողմից: Հանդիպման վայրի եւ ժամկետների շուրջ վերջնական համաձայնեցումից հետո դրա մասին կտեղեկացնենք»,- ասել է Բալայանը: Նշենք, որ Մամեդյարովը հայտարարել էր, որ սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է հանդիպում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ: Ի դեպ, Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մայմեդյարովն ասել է, որ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: «Մենք պատրաստ ենք հանդիպման»,-հայտարարել է Մամեդյարովը: Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպմանը, Մամեդյարովի խոսքով` այժմ նման քննարկումներ չեն ընթանում: «Հայկական կողմը ժամանակ է խնդրել բանակցային գործընթացին ծանոթանալու համար»,-նշել է նա:
ՈՒՍԱԴԻՐՆԵՐ
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 11 աշխատակիցներ առաջին սպայական ուսադիրներ են ստացել ոստիկանության պետից: Նրանք աչքի են ընկել բարեխիղճ եւ սրտացավ ծառայությամբ: Վալերի Օսիպյանի հրամանով` նրանք ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում: «Մենք կոչված ենք ծառայելու հասարակությանը եւ պետք է մեր առաքելությունն իրականացնենք հավուր պատշաճի»,- ընգծել է ոստիկանության պետը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սեւանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետեւանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետեւյալ ախտանշանները` ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես բերանի եւ քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային եւ հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ:
5 ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել: Հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են: Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայումս իրականացվում են գործողություններ պարզելու միջադեպի մանրամասները: