ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԱԳՆ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ կռիվ է սկսվել, ու հիմա բանը հասել է դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեորգի Ավետիսյանը 2018 թվականի հուլիսի 23-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը իր թեկնածությունը դիտարկել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնում: Ասել է թե` Ավետիսյանը ցանկացել է ընդգրկվել հյուպատոս դառնալու թեկնածուների ցուցակում, սակայն նրան այդ հնարավորությունը չեն տվել: Այս գործը ՀՀ վարաչական դատարանում քննելու է դատավոր Արգիշտի Ղազարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթն Ավետիսյանի պաշտպան Էդգար Բադեմյանից հետաքրքրվեց, թե ինչն է խնդիրը: Ըստ պաշտպան Բադեմյանի` Գեորգի Ավետիսյանը ՀՀ քաղաքացի է. «Ինքը երկար տարիներ մեքսիկական, չինական մշակույթի հետ կապ ունի եւ բավականին ներդրումներ է արել նրանց մշակույթը մեր երկրում զարգացնելու ուղղությամբ: Արդյունքում, Մեքսիկան էլ առաջարկել է մեր երկրին, որպեսզի դիտարկի նրա թեկնածությունը հյուպատոսի պաշտոնում: Գեորգի Ավետիսյանը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Արտաքին գործերի նախարարությանը, Արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին այլ հարցումներ է անում եւ Ազգային անվտանգության ծառայությանը եւ այլ տեղեր: Մեր ներքին ուսումնասիրությունների արդյունքում գիտենք, որ բավականին դրական պատասխաններ են ստացել անձի վերաբերյալ, այսինքն` որեւէ խոչընդոտ չի եղել իր թեկնածությունը առաջադրելու համար, բայց Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Մեքսիկայի դեսպանությանը, որ, կոպիտ ասած, մերժում է Գեորգի Ավետիսյանի թեկնածության դիտարկումը եւ առաջարկում է Մեքսիկային այլ անձի դիտարկել որպես թեկնածու հյուպատոսի պաշտոնում: Մենք ներքին տեղեկություններով գիտենք, թե ում են առաջարկել որպես թեկնածու Արտաքին գործերի նախարարությունը, սակայն այդ մասին այս պահին ոչինչ չեմ ասի»:
Պաշտպանի խոսքով` այս պատմությունը քավոր-սանիկի պատմությանն է նման. «Գեորգիին մերժել են` անգամ չասելով, թե ինչ հիմքով, բայց, ըստ էության, պատճառ չկա, ախր տվյալ երկիրն է առաջարկում, որ այս անձը լինի ՀՀ-ում Մեքսիկայի հյուպատոս, բայց մեր երկիրը մերժում է: Հիմա մենք դիմել ենք դատարան` ասելով` եթե արտգործնախարարությունը չի հիմնավորում իր մերժումը, որ այս, այս հիմքով է մերժել, ուրեմն պետք է այդ որոշումը վերացվի, եւ պարտավորեցնի ԱԳն-ին` դիտարկի Գեորգիի թեկնածությունը հյուպատոսի թեկնածության հարցում, կամ էլ պետք է հիմնավոր փաստեր ներկայացնի, եւ մեր հայցը մերժեն: Եթե մարդու իրավունքը սահմանափակում է, պետք է լինի հիմնավոր պատճառ, թե չէ ստացվում է հայեցողական մոտեցում կա, այդպես չի կարող լինել, պետական կառավարման մարմինը քմահաճույքով չի կարող նման որոշում կայացնել, այլ պետք է հիմքերը ասեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Եւ հարցին, թե Ավետիսյանի պաշտպան Էդգար Բադեմյանը մեզ հայտնել է, որ որեւէ հիմնավորում ԱԳՆ-ն չի ներկայացրել նրան մերժելու մասով, Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց. «Համաձայն 1963թ. Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հոդված 12-ի` հյուպատոսական հիմնարկի ղեկավարը ստանձնում է իր պարտականությունները, նստավայր պետության կողմից թույլտվությունը էկզեկվատուրան ստանալու հիման վրա: Նստավայր պետությունը պարտավոր չէ հաղորդել Էկզեկվատուրայի տալը մերժելու դրդապատճառները»:

 

 

ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԱՍՏՎԱԾ Է ԿԱՆՉՈՒՄ

Ինչպես գրել էինք, Թաշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեկը մյուսի հետեւից նոր ընթացք է տալիս նախկինում չբացահայտված դեպքերին:

Դեռեւս հունիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազը, ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի, խնդիր է դրել ակտիվացնելու նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է 2009թ.-ի փետրվարի 3-ին` ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում վերելակից դուրս գալուց հետո: Մհերյանի վրա արձակվել էր 8 կրակոց, որոնցից 5-ն էին նրան դիպել:
Փաստի առթիվ դեռ 2009թ.-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի հրազենի կրում: Սպանված փոխոստիկանապետի հայրը` Պետրոս Մհերյանը, մշտապես հայտարարել է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ամեն ինչ արել է իր որդու գործը կոծկելու համար:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ալիկ Սարգսյանի հետ հասկանալու համար, թե նա մտավախություն չունի՞, որ թավշյա հեղափոխությունից հետո կարող է Մհերյանի գործը այլ ընթացք ստանալ, եւ նրան պատասխանատվության կանչեն:
-Պարո՛ն Սարգսյան, խնդիր է դրվել ակտիվացնելու ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքը: Մհերյանի հայրը մշտապես հայտնել է, որ Դուք կարող էիք բացահայտել, բայց չեք արել, հիմա մտավախություն չունե՞ք:
-Չէ՛, որ գործը չի բացահայտվել, արդեն ինքնին պարզ է, որ չկա չբացահայտվող գործ, գոնե քիչ կա, լավ աշխատանքի դեպքում, ճիշտ ուղու վրա դնելու դեպքում գործը կբացահայտվի: Ցավում եմ, որ Մհերյանի գործը չբացահայտվեց, ցավում եմ, բայց ինքը հույս էր կապում նոր ոստիկանապետի հետ, Ազգային անվտանգության ծառայության հետ, տա Աստված, որ մի օր բացահայտվի, ես չեմ պատկերացնում` ինչ մասշտաբի ներողություն պիտի ինձ խնդրի այս ամբողջ տարիներին իմ պատվի հետ խաղալու համար: Ես` որպես ոստիկանապետ, արել եմ ամեն ինչ: Նույնիսկ ասեցի, որ մեր պատվի հարցն է այս գործի բացահայտումը, վերջը փոխոստիկանապետ է: Այդ գործը իմ համար դարձել է մի խարան ամոթ, որ չի բացվել, մնացած բոլոր գործերը իմ օրոք բացահայտվել են:
-Այսինքն` եթե բացահայտվի, դուք մտավախություն չունե՞ք:
-Նմա՞ն եմ ես մի մարդու, որ կարող է կապ ունենալ այդ գործի հետ. ո՞նց կարելի է անմեղ մարդուն մեղադրել
-Ձեզ կոծկելու մեջ են մեղադրում:
-Բացառվում է, եթե այդպիսի մի բան կա, որ ես թաքցրել եմ, չգիտեմ ինքնախարազման բաներ կան չէ, ես գնամ մոստ եւ այլն , մոռացեք դա, տենց բան հնարավոր չէ, սա ընդամենը հերյուրանք է, չիմացող մարդու փրփուրներից կախվելու եւ անմեղ մարդկանց մեղադրելու փորձ է:
-Դուք` որպես նախկին ոստիկանապետ, եթե կանչեն հարցաքննեն, կգնա՞ք, կասե՞ք` ինչը ոնց եք արել:
-Սիրով, սիրով, թող տեսնեմ մի օր այն քննիչի դեմքը, որը ինձ կարա այդ գործի հետ կապված մի հատ հարց տա, ասի բա ինչու դուք, թող տեսնեմ, չկա նման բան, ես կապ չունեմ այս գործի հետ, արել եմ ամեն ինչ, ինչ ինձ ի պաշտոնե տրված է եղել:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ՀՔԾ-Ն ՈՒՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ձեզ ենք ներկայացնում GPartners իրավաբանական ընկերության կողմից մշակված իրավական դիրքորոշումը 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների եւ հատուկ քննչական ծառայության գործողությունների վերաբերյալ. «2008 թվականի մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-736 որոշումը ուժի մեջ է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը, որով հաստատվել էր 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքները: Համաձայն Սահմանադրության եւ գործող օրենքների` Հատուկ քննչական ծառայությունը ունի պարտականություն ճանաչելու եւ կատարելու Սահմանադրական դատարանի որոշումը, քանի որ այն վերջնական է (res judicata սկզբունք) եւ պարտադիր է բոլոր պետական մարմինների նկատմամբ (ergaomnes սկզբունք):
Քրեական գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար պետք է ապացուցել, որ կատարված հանցագործության արդյունքում կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությամբ Սահմանադրությամբ նախատեսված պետական իշխանության կառուցվածքը փոփոխվել է, իշխանության առանձին ինստիտուտները վերացել են եւ դրանց փոխարեն նոր ինստիտուտներ են ստեղծվել:
2008 թվականի փետրվարի 23-ի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը ընդամենը հանդիսանում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ, որով նոր սահմանադրական ինստիտուտ չի ստեղծվել: «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը սահմանում էր, որ զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, եւ որ Զինված ուժերի պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է: Հետազոտության պատրաստման աշխատանքներին մասնակցել են նաեւ մի շարք հրավիրված փորձագետներ: Հարգանքով` GPartners»:

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը` Սարատովի Արտյոմ մականվամբ հայտնի, եւ Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն 41-ամյա Արթուր Ղազարյանը մի խումբ անձանց հետ 2013թ. մարտին Երեւանի բնակիչ 37-ամյա մի տղամարդու առեւանգել են: Պահելով անազատության մեջ եւ բռնություն գործադրելով` տղամարդուն ստիպել են հրաժարվել համասեփականության իրավունքով իրեն պատկանող հացի արտադրամասի 150.000 դոլար արժողությամբ մասնաբաժնից: Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել` մարդու առեւանգման եւ շորթման հատկանիշներով: Գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե հետագա քննության:




Լրահոս