Քննարկվել են «World WiFi» նախագիծը Հայաստանում ներդնելու հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է «Я – предприниматель» ձեռնարկության զարգացման ֆոնդի ներկայացուցիչներին:

Ֆոնդը ներառում է մի շարք տեխնոլոգիական ընկերություններ, որոնք առաջարկում են նորարարական ծառայություններ ՏՏ ոլորտում։ Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները` առանձին անդրադառնալով «World WiFi» նախագծին։

Գաղափարի հեղինակների խոսքով` նախագծի հիմնական էությունն անվճար ինտերնետ հասանելիությունն է ողջ աշխարհում։ Ու քանի որ ցանցն արագընթաց աճում է, ու ներկայում «wifi» ցանց գոյություն ունի ողջ աշխարհում, անհրաժեշտ է պարզապես կազմակերպել դրա բաշխումը։ Սա մի պլատֆորմ է, որի օգնությամբ ցանկացած ինտերնետ օգտագործող, ընկերություն թե անհատ, հնարավորություն ունի իր «wifi» ցրիչից ինտերնետ տրամադրել մոտակայքում գտնվող մարդկանց և դրա դիմաց գումար վաստակել։ Իսկ անվճար ինտերնետից օգտվել ցանկացողները ստիպված կլինեն նախ առաջարկվող գովազդը դիտել։

Հյուրերի պնդմամբ` սա բազմակողմ շահավետ նախագիծ է։ Շահում է թե՛ «wifi» ցրիչի տերը, թե՛ անվճար ինտերնետից օգտվողը և թե՛ գովազդատուն։ Իրենց փորձով համոզվել են, որ նույնիսկ ինտերնետ տրամադրող օպերատորների համար է սա շահավետ։ Պետական մարմինների տեսանկյունից, նրանց խոսքով, այդ նախագծում հետաքրքրականն այն մեծ ծավալի տվյալներն են, որ հավաքվում են ինտերնետ օգտագործողների մասին։

«World WiFi»-ի ներկայացուցիչները նշեցին, որ արդեն իրականացրել են փորձարարական ծրագրեր, որոնք բավական հաջողություններ և դրական արձագանքներ են ունեցել։ Նրանք ցանկություն հայտնեցին Հայաստանում ևս ներդնել իրենց նախագիծը։

Նախարարը պարզաբանող հարցադրումներով ծանոթացավ նախագծի մանրամասներին, ապա խոստացավ, որ կքննարկի հարցը տեղական օպերատորների հետ` հասկանալու համար հնարավոր ռիսկերը մրցակցության առումով, որպեսզի դիտարկումները միակողմանի չլինեն։

Հանդիպման ավարտին հյուրերը նախարարին հրավիրեցին մասնակցելու Պետերբուրգում կայանալիք թվային միջազգային ֆորումին։

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս