«9 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԵՐԱԶԵԼ ԵՄ ԱՅՍ ԱՄԵՆԻ ՄԱՍԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասան, ռեժիսոր, հաղորդավար Նարբե Պողոսյանը: Նա անդրադարձել է իր վաղեմի երազանքին, որին ձգտել է դեռեւս ինը տարեկանից, եւ տարիներ հետո, Թեհրանից գալով Երեւան, իրականացրել է այն: Նարբեն խոսել է այն մասին, թե ինչին երբեք չէր տրամադրի ժամանակ եւ գումար: Նա նշել է, որ չի հավատում «հորինովի աստվածներին», փոխարենը լսում է իր խղճի ձայնին:

-Նարբե՛, մանուկ ժամանակ Ձեզ ի՞նչ մականուն են տվել:
-Չեմ ունեցել:
-Ավելի շատ սիրում եք նվիրե՞լ, թե՞ նվեր ստանալ:
-Նվիրել. տվող տեսակ եմ:
-Երբ դպրոցական էիք, երազում էիք…
-Համարյա այն մասին, ինչ ունեմ հիմա՝ սիրելի աշխատանք եւ ընտանիք:
-Մի բան, որի համար երբեք գումար չեք ծախսի:
-Թմրանյութի եւ խաղատուն այցելելու: Իսկ, առհասարակ, շռայլող չեմ: Բարեբախտաբար, թրեյնինգների եւ հատուկ վարժությունների միջոցով հաղթահարել եմ շռայլելու հիվանդությունը:
-Շարունակեք միտքը. «Լավ ղեկավարը նա է, ով…»
-Ով կարողանում է շատ հանգիստ բոլոր խնդիրները լուծել եւ դժվարությունները հաղթահարել, ոչ թե անիմաստ ցայտնոտի մեջ ընկնել:
-Ֆիլմ, որ դիտել եք տասնյակ անգամներ:
-«Հարսնացուն հյուսիսից»: Այդ ֆիլմում առկա է անկեղծություն, կան մարդկային ջերմ հարաբերություններ, աֆորիզմ դարձած արտահայտություններ:
-Ձեր ետեւից խոսացողներին միայն կասեք…
-«Ապրեք»: Իսկ, առհասարակ, ես այդ մարդկանց չեմ կարեւորում: Բայց ավելի լավ է՝ մարդ ունենա խելացի թշնամի, քան անխելք ընկեր: Շատ դեպքերում առաջինն օգնում է կյանքի ուղի հարթելու համար:
-Եթե որպես բիզնեսմեն որեւէ ոլորտ մուտք գործեիք, ո՞րը կլիներ այն:
-Ես ունեմ ֆիրմային խանութ, այս անգամ արդեն ուժերս կփորձեի ռեստորանային ոլորտում: Շատ եմ սիրում այն, ինձ բիզնեսի այդ տեսակը հաճույք է պատճառում:
-Ի՞նչ կանեիք, եթե լինեիք մեր քաղաքապետը:
-Քաղաքացիների շրջանում կկազմակերպեի հանրային լսումներ:
-Երբեք չեք հավատացել այն մարդկանց, ովքեր…
-Կուրորեն հավատում են աստծուն, անընդհատ խոսում են այդ մասին, բայց իրենց արարքներից հասկանում ես, որ մարդկանց չեն սիրում:
-Մեկ բառով կասե՞ք՝ ինչպիսին եք սիրո հարցում:
-Չափված-ձեւված:
-Ձեր կողքի կինը գիտի, որ…
-Ես ամեն ինչ անում եմ, որ ինքը երջանիկ լինի:
-Աստվածաշնչյան պատվիրան, որը հաճախ եք խախտում:
-Անկեղծ ասած՝ ես հորինովի աստվածներին չեմ հավատում, ես ունեմ խիղճ, դրան եմ հավատում, ես իմ աստծուն եմ հավատում: Այն, ինչ ինձ կամենում եմ, կարող է Ձեզ չկամենամ, որովհետեւ կա նախանձի գործոնը, եւ թող ոչ ոք չժխտի դա, բայց այն, ինչ ինձ երբեք չեմ կամենա, հաստատ Ձեզ էլ չեմ կամենա:
-Կանանց հիմնական սխալն այն է, որ…
-Իրենք առաջնորդվում են էմոցիաներով, ոչ թե բանականությամբ:
-Երբեմն հասկանում եք, որ անզոր եք…
-Աշխատում եմ չթողնել, որ խնդիրներն ինձ այդ աստիճան ճնշեն, ես էլ ինձ անզոր զգամ: Ես համակերպվել եմ, որ դրանք միշտ ուղեկցելու են ինձ, ես էլ հաղթահարելու եմ: Դրանք ինձ չեն խանգարում, հակառակը, ուժ են տալիս:
-Կվարանեք ժամանակ տրամադրել…
-Սպորտին, բայց ամբողջ օրը պայքարում եմ, որ գոնե մի քիչ ժամանակ գտնեմ սպորտով զբաղվելու համար: Հատկապես այն բանից հետո, երբ տեսա, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այդչափ զբաղվածության հետ հասցնում նաեւ մարզվել, ինձ շատ վատ զգացի:
-Կյանքի լավագույն պարգեւը Ձեզ:
-Իմ ընտանիքը: 17 տարեկան էի, երբ միայնակ Թեհրանից եկա Երեւան, 9 տարեկանից երազել եմ այն ամենի մասին, ինչ ստեղծել եմ՝ իմ ընտանիքը, տունը, օջախը: Ինձ համար «չի ստացվի» արտահայտությունը գոյություն չունի. դա հաջողակ մարդու կարգախոս չէ: Պետք է դնել նպատակ եւ մշակել ճիշտ պլաններ դրան հասնելու համար:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Այս օրերին շրջանառվում են Երեւանի քաղաքապետի թեկնածուների անուններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի Երեւանի քաղաքապետի 4 թեկնածու՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյան, դերասան Հայկ Մարության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյան եւ ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյան: «Ժողովուրդ» օրաթերթը մշակույթի գործիչներին հարցրել է՝ արդյոք Հայկ Մարությանին տեսնո՞ւմ են քաղաքապետի պաշտոնում:

Դերասան Սերգեյ Դանիելյանի խոսքով՝ Հայկ Մարությանը առիթ ունեցել է հանդես գալ որպես պրոդյուսեր, եւ նրա ֆիլմերը՝ որպես բիզնես-պլաններ, բավական մեծ հաջողություն են ունեցել. «Աշխարհում ընդունված է, որ արտիստները դառնում են նահանգապետեր, քաղաքապետեր, մինչեւ անգամ նախագահներ: Քաղաքապետը մասնագիտություն չէ. պաշտոն է, որը կարող է ստանձնել յուրաքանչյուր գրագետ եւ բարեխիղճ մարդ, որը քիչ թե շատ հասկանում է բիզնեսից: Մեզ մոտ խնդիրը նորմալ թիմ հավաքելն է: Փաշինյանը չի կարողանում նորմալ թիմ հավաքել, թեեւ ունի անհատներ: Եթե Հայկ Մարությանը կարողանա թիմ հավաքել, կլինի բարեխիղճ քաղաքապետ: Մնացածը ցույց կտա ժամանակը»,-մեկնաբանեց նա:
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ Հայկ Մարությանին չի ճանաչում, նրա մասնակցությամբ որեւէ ֆիլմ, սիթքոմ չի դիտել, փոխարենը լսել է Հանրապետության հրապարակում ունեցած ելույթներից մեկը եւ այնքան էլ չի տպավորվել: Իսկ, առհասարակ, պարոն Բաբայանի կարծիքով՝ նշանակություն չունի՝ քաղաքապետն ինչ մասնագետ է՝ դերասան, թե, օրինակ, բժիշկ: Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը եւս դերասան էր, եւ նրան հաջողվեց լինել նաեւ լավ կառավարիչ. «Այնուամենայնիվ, ապագա քաղաքապետը պետք է շատ լավ ճանաչի քաղաքը. սա շատ կարեւոր է: Լոնդոնում կա տաքսի ծառայություն, որը պատկանում է թագուհուն: Այդ ծառայության վարորդները այդտեղ աշխատանքի անցնելուց առաջ հինգ տարի ամբողջ Լոնդոնում հեծանիվ են վարել՝ քաղաքի ամեն անկյունին ծանոթանալու համար: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե մեր ապագա քաղաքապետն էլ այդ փորձին հետեւի, ճանաչի Երեւանը՝ իր արվարձաններով եւ աղբավայրերով, ունենա Երեւանը զարգացնելու եւ բեռնաթափելու վերաբերյալ հստակ ծրագիր, կիրառի համակարգված, կոնցեպտուալ մոտեցում»,-եզրափակեց պարոն Բաբայանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
Լեւերկուզենի «Բայեր»-ի գերմանացի կիսապաշտպան Քարիմ Բելարաբին ուշագնաց է եղել անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ ընկերական խաղի ժամանակ: Գերմանական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը գիտակցությունը կորցրել է ֆիզիկական հյուծվածության պատճառով: Նա հոսպիտալացվել է եւ անցել բուժզննում: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում, սակայն ֆուտբոլիստը գիշերն անցկացրել է հիվանդանոցում:

 

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵՆԱՄԱՐՏԻՆ
Հուլիսի 28-ին Սոչիում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում ռինգ դուրս կգա նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը: Նա իր նախորդ 6 մենամարտերում հաղթանակի է հասել նոկաուտով: Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 50-ից ավելի մենամարտ: 23-ամյա Գոռ Երիցյանը պատմել է, թե ինչպես է ընթանում նախապատրաստությունը. «Շատ լավ եմ պատրաստ, Դավիթ Թորոսյանի հետ շատ լավ ենք պատրաստվում առաջիկա մենամարտին: Շատ կարեւոր մենամարտ է սպասվում, մրցակիցս հարավաֆրիկացի փորձառու բռնցքամարտիկ է: Ճիշտ է, տարիքով մեծ է, բայց փորձը եւս մեծ է: Մենք, ամեն դեպքում, շատ լավ պատրաստ ենք: Չեմ տեսնում որեւէ արտառոց բան, որը կարող է մեզ խանգարել: Չեմ մտածում նոկաուտի մասին. ինձ համար կարեւորը հաղթանակի հասնելն է: Իմ մենամարտը լինելու է շոուի վերջին` գլխավոր մենամարտը»,-ասել է Երիցյանը:

 

 

ՄԱՐԶՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Կիլիան Մպաբեի խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Ըստ Դեշամի` ՊՍԺ-ի 19-ամյա հարձակվողն աշխարհի առաջնության ժամանակ ռիսկի է դիմել` մրցակիցներին «ծաղրի» ենթարկելով: «Խաղադաշտում Մբապեն իր գործողություններով երբեմն պարզապես ստորացնում է մրցակիցներին: Նա պետք է զգույշ լինի: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն ծաղրում են, այնպես որ Կիլիանը պետք է ավելի հանգիստ խաղա: Օրինակ` Ուրուգվայի դեմ հանդիպմանը Մբապեն պետք է ավելի զգույշ խաղար, քանի որ մրցակիցը հասկանում էր` լքում է առաջնությունը: Ուրուգվայցիները շատ հանգիստ կարող էին վնասվածք հասցնել նրան՝ զրկելով առաջնության մյուս խաղերին մասնակցելու հնարավորությունից: Մրցակիցներն այդ խաղը կարող են որպես պրովոկացիա ընդունել»,- ասել է Դեշամը:




Լրահոս