ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՅՔԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱՄՆ հայ համայնքը պառակտված վիճակում է: Դա են փաստում նաեւ ամերիկաբնակ մեր հայրենակիցները: Հատկապես այս շրջանում, երբ ՀՀ սփյուռքի նախարարը պատրաստվում է մեկնել ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման, կրքերն ավելի են թեժացել: Թեեւ նախարարությունից շտապել են պնդել, որ այցը կազմակերպված է մի քանի ուժերի կողմից, սակայն առաջնային օղակում է հայտնվել Դաշնակցությունը:

Լոս Անջելեսի AMGA TV-ի մեկնաբան, «Հայ-ամերիկյան քաղաքացիական աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց. խնդիրն այն է, որ Դաշնակցությունը` որպես սփյուռքյան մի կառույց, փորձ է անում սեփականաշնորհել համաժողովրդական շարժումը: «Եվ օգտագործելով այս այցն ու այլ այցեր` փորձում է ձեռք գցել լծակներ, որոնք չուներ անգամ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Այն, ինչ կատարվում է այսօր, ես կբնորոշեի որպես թավշյա հակահեղափոխություն»,-նշեց մեր զրուցակիցը:
Իսկ ամեն ինչ սկսվել է այն օրերին, երբ Հայաստանում սկիզբ առած շարժումը հասել էր նաեւ ԱՄՆ, որտեղի հայ համայնքն ակտիվորեն ցույցեր էր անցկացնում: Դաշնակցությունը ոչ միայն չի մասնակցել այդ պայքարին, այլեւ ամեն կերպ փորձել է խոչընդոտել դրան: Ամերիկաբնակ Սահակյանը նշում է, որ հայ համայնքում պայքարող մարդիկ մոտ 2 տոկոս են կազմում, սակայն շարժման օրերին ակտիվացել են մնացած 98 տոկոսը: Եվ հայաստանյան զարթոնքը հասել է նաեւ սփյուռք: «Դա սարսափեցրեց բոլոր ավանդական եւ ոչ ավանդական կառույցներին այն առումով, որ եթե սա դառնա շարժում սփյուռքում, բոլոր այն կառույցները, որ տարիներ շարունակ ներկայացվել են որպես հայկական համայնքի շահերը ներկայացնող եւ մասնավորապես` Դաշնակցությունը, քանի որ ամենահզորն է այն. ունեն ֆինանսներ, կապեր, լրատվամիջոցներ եւ այլն, նրանք պարզապես զրո էին այն ուժի դիմաց, որը հավաքվեց Գլենդելի քաղաքապետարանի դիմաց: Այսինքն` ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԱՄՆ իշխանություններն արդեն չեն ընկալելու ՀՅԴ-ին` որպես սփյուռքի շահերը ներկայացնող կառույցի:
Եվ հիմա ինչ է կատարվում. Դաշնակցությունը, որը մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը դեմ էր շարժմանը. անվանում էին կապիկներ, սադրիչներ էին ուղարկում, որպեսզի այդ ցույցերը խափանեն, Ս. Սարգսյանի հրաժարականից հետո անցան ընդհատակ: Եվ հետո որոշ, այսպես ասած, թաքնված դաշնակցականներ ի հայտ եկան եւ միայն մայիսի 8-ին, երբ հաղթանակը վերջնական էր, նրանք միացան շարժմանը: Իսկ այսօր իրենք, օգտագործելով իրենց կապերը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի միջոցով փորձում են բլոկադայի ենթարկել բոլոր քաղաքական ուժերին կամ ակտիվ ուժերին, եւ իշխանության հետ, որպես միակ կապի խողովակ, հանդիսանալ իրենք»,-պնդում է Արթուր Սահակյանը: Նրա խոսքով` Դաշնակցությունը քաղաքական նպատակներ է հետապնդում. նպատակ ունեն, որպեսզի հյուպատոսը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում իրենց ներկայացուցիչները լինեն:
Ներկայում լոսանջելեսաբնակ հայությունը պայքարում է, որպեսզի ՀՅԴ-ի քաղաքական նպատակներն իրականություն չդառնան: «Հայ-ամերիկյան քաղաքացիական աջակցության կենտրոն» ՀԿ նախագահը շեշտում է, որ սփյուռքը Դաշնակցությունը չէ, եւ չպետք է այդպես ընկալել Լոս Անջելեսն ու մյուս հայաբնակ բնակավայրերը: «Դաշնակցությունը վաղուց չի ներկայացնում Լոս Անջելեսի հայ համայնքի շահերը»,-ասում է նա: Իսկ Սփյուռքի նախարարի այցը պետք է կազմակերպեր հյուպատոսարանը, սակայն Սահակյանի խոսքով` հյուպատոսն անգործության է մատնված, ինչից շտապել է օգտվել ՀՅԴ-ն: «Հյուպատոսի դեպքում պետք է ունենալ հզոր անձնավորություն, որը կկարողանա համախմբել բոլոր կառույցներին եւ ոչ թե Դաշնակցությունը համախմբի` օգտագործելով Զարեհ Սինանյանի կապերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ դա ծառայեցնել կուսակցական շահերին»:
Պետք է նշել, որ հանրության մոտ տարիներ շարունակ տպավորություն է եղել, որ ՀՅԴ սփյուռքյան կառույցներն աշխատում են հայ համայնքների շահերի համար: Սակայն ամերիկաբնակ գործիչը պնդում է, որ իրականում վերոնշյալ կուսակցության կառույցներն ամեն ինչ արել են սեփական նեղ անձնական, քաղաքական նպատակներն առաջ տանելու համար: Հատկանշական է, սակայն, որ այս հարցում իրենց աջակցել է նաեւ Հայաստանի նախկին իշխանությունը: Իսկ այժմ եթե ներկայիս իշխանությունն իրապես չծանոթանա սփյուռքում տիրող տրամադրություններին, մասնավորապես` ամերիկաբնակ մեր հայրենակիցների խնդիրներին, կստացվի, որ այժմյան իշխանությունն էլ, կամա, թե ակամա, աջակցում է Դաշնակցության նպատակների իրագործմանը:
Հայտնի է, որ ամեն տարի ԱՄՆ-ում մեծ ֆինանսական միջոցներ են տրամադրվում տարբեր կառույցների, սակայն այդ գումարների մեծ մասը բաժին է հասնում ՀՅԴ-ին: Արթուր Սահակյանի խոսքով` դաշնակցականները միշտ աշխատել են ցանկացած զարթոնք քանդել, որպեսզի միակ կազմակերպված կառույցն իրենք մնան: Ստեղծված իրավիճակում ԱՄՆ հայ համայնքը, մասնավորապես` Լոս Անջելեսի հայությունը, չի պատրաստվում աչք փակել Դաշնակցության կամայականությունների եւ շարժման դրական պտուղները քաղելու դրսեւորումների վրա: Թե ինչ ձեւով, դեռեւս չի բարձրաձայնվելու:
Պետք է արձանագրել, որ երբեւէ այսչափ չի բարձրաձայնվել սփյուռքում առկա խնդիրների մասին: Եվ այժմյան իշխանությունը հնարավորություն ունի թավշյա հեղափոխություն իրականացնելու նաեւ սփյուռքի հայ համայնքներում, որպեսզի Հայաստանի հետ կապն ու համագործակցությունը լինի իրական, արդյունավետ եւ շոշափելի արդյունք տա, իսկ սփյուռքում գործող կառույցները թափանցիկ աշխատեն եւ ձեռք բերած ֆինանսական միջոցները ոչ թե վատնեն, այլ օգտագործեն իրապես համայնքային խնդիրների լուծման համար:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՇՏԱՊՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունը շտապում է հնարավորինս շուտ ավարտել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն ու սեպտեմբերին հասնել դրա` վերջնական տարբերակով ընդունմանը: Գլխավոր խնդիրն այն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս տարի, մասնավորապես` մինչեւ ձմեռ: Սա այն պատճառով, որ թավշյա հեղափոխության շնորհիվ ձեռք բերված վարկանիշն ու քաղաքական առումով հասարակության կողմից ստացված լայն աջակցությունն ամրագրվի, եւ հեղափոխությունը վերջնական հաղթանակի հասցվի: Պետք է նշել, սակայն, որ մյուս կողմից ընտրություններն այս տարի անցկացնելու հեռանկարը նախկին իշխանության` ՀՀԿ-ի համար բոլորովին ցանկալի չէ` օր օրի կատարվող բացահայտումների ֆոնին: Եվ պատահական չէ, որ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ փորձում են ամեն կերպ հետաձգել ԸՕ ընդունումը: Չնայած, եթե անկեղծ լինենք, ՀՀԿ-ի դեմ հասարակական դժգոհությունները հաշվի առնելով` դժվար չէ ենթադրել, որ օրեցօր նրանք կորցնում են ԱԺ-ում հայտնվելու շանսը: Միաժամանակ, եթե նոր իշխանություններն այս տեմպերով շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարը, որոշ ժամանակ անց հնարավոր է՝ ՀՀԿ վերնախավի մեծ մասը լինի պարզապես անազատության մեջ` դժվարացնելով նրանց մասնակցությունն ընտրություններին: Այնպես որ ՀՀԿ-ն ճիշտ կաներ, եթե ի սկզբանե որոշեր չմասնակցել ընտրություններին:

 

 

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷՐ
Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել: Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ: «Ես սա ակնկալում էի: Կարծում եմ, որ ոչ միայն իրավապահների կողմից կատարվող աշխատանքի ուղղությունն է ճիշտ, այլեւ պետք է նշեմ, որ շատ կարճ ժամանակահատվածում ՀՔԾ-ում մեծ ծավալի աշխատանք է կատարվել այս ուղղությամբ: Սպասենք հետագա զարգացումներին»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը:

 

 

ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ երկու քաղաքացի` Նունե Սողոմոնյանը եւ Յուրի Պոպովը, պահանջում են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀԿ-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչել եւ անվավերության հետեւանքներ կիրառել: Վերոնշյալ անձինք կուսակցությանը տարածք են վաճառել, սակայն թավշյա հեղափոխությունից հետո փոշմանել ու պահանջում են պայմանագիրը չեղյալ համարել: Այս գործը քննելու է դատավոր Տաթեւիկ Ստեփանյանը: Սակայն երեկ մեզ հայտնի դարձավ, որ դատարանը ՀՀԿ-ի դեմ ներկայացված հայցը հետ է վերադարձրել: Դատավոր Ստեփանյանը հայցվոր կողմի դիմումի մեջ սխալներ է գտել եւ որոշել է հայցը հետ ուղարկել` հորդորելով այն ուղղել: Կուղղե՞ն վերոնշյալ անձինք եւ կրկին կդիմեն դատարան, թե՞ ոչ, սպասենք զարգացումներին:

 

 

ԿՈՄՊՐՈՄԻՍ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Երեկ` կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: «Ես էլի ուզում եմ պաշտոնապես հայտարարեմ` կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, չի՛ լինելու»,- ասել է նա: Նա անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցին: «Ուզում եմ ասել, որ այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մի զորակոչի սահմաններում, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, եւ ուսումնասիրությունները ամբողջական ընթանալու են: Ընդհանրապես զարմանալի է, որ մեր նման երկրում, այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող է այդ ոլորտում այսպիսի չարաշահումներ տեղի ունենալ պաշտոնատար անձանց կողմից: Սա ուղղակի խայտառակություն է, եւ ես ուզում եմ ասել, որ այդ ոլորտում մենք հետեւողական եւ շարունակական աշխատելու ենք բոլոր չարաշահումները արմատախիլ անելու համար»,-հայտարարել է Փաշինյանը:

 

 

ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակում է կատարել. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա Կարապետյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

 

ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ` ՀՔԾ-ՈՒՄ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը երեկ եղել է Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով հարցաքննության նպատակով: Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի արդյոք քրեական գործում ներգրավվելու որպես մեղադրյալ, Խաչատուրովը պատասխանել է` «ո՛չ»: ՀՔԾ-ի փոխամցմամբ` Խաչատուրովը Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ: Նա 2008թ. մարտի 1-ին զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը: Մարտի 1-ի գործի շրջանակներում հուլիսի 26-ին հարցաքննության է կանչվել նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

 

ՇՈՅԳՈՒԻ ՀՐԱՎԵՐՈՎ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հուլիսի 27-ին կայցելի Մոսկվա: Այցը տեղի կունենա ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով: Այցի շրջանակներում Հասանովը կմասնակցի «Միջազգային ռազմական խաղեր-2018»-ի մրցույթի բացման պաշտոնական արարողությանը:




Լրահոս