ԳՈՂԱՑՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կառավարությունը վերջին շրջանում բավականին լուրջ բացահայտումներ է իրականացնում: Ու պետք է արձանագրենք, որ բացահայտված պատմությունները վեր են մարդու երեւակայության սահմաններից: Մասնավորապես, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հարց էր բարձրաձայնել տրանսֆորմատորների գողության մասին, որի դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել:

Գողացված տրանսֆորմատորների
բացահայտումը
Մասնավորապես, 2018 թվականի հուլիսի 10-ին Դավիթ Սանասարյանը հայտնել էր, որ. «Օրինակ` դատախազություն եմ ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված մի գողության դեպք, որը մենք նախաձեռնեցինք, գտանք գողացված տրանսֆորմատոր մեծ արժողությամբ` միլիոնների, որին մասնակցեցին էներգետիկայի նախարարության աշխատակիցները»:
Այս հայտարարությունից հետո կարծես թե տրանսֆորմատորների գողության դեպքը մոռացության մատնվեց: Բայց իրականում տրամսֆորմատորների անհետացման հետեւում բավականին մեծ կոռուպցիոն սխեմա է թաքնված, որի քննությունն էլ վերապահվել է ՀՀ իրավապահներին:
Մանրամասներ տրանսֆորմատորների անհետացումից
Ու մինչ իրավապահ համակարգը տրանսֆորմատորի գողության փաստով քննություն է իրականացնում, «Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ պատմությունից մանրամասներ են հայտնի դարձել:
Այսպիսով, մեզ հասած լուրերի համաձայն` ԲԷՑ-ից «անհետացած» տրանսֆորմատորն իրականում որպես մետաղաջարդոն վաճառվել է մետաղների բիզնեսով զբաղվող «Միկմետալ» ընկերությանը մոտ 200 հազար դրամով: Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` «Միկմետալ» ընկերությունը, որը տրանսֆորմատորը գնել է որպես մետաղաջարդոն, հետագայում այն օգտագործել է արդեն որպես սարք:
Ասել է թե` հայտնի ընկերությանը մոտ 400 միլիոն դրամ արժողությամբ տրանսֆորմատորը մոտ 200 հազար դրամով վաճառել է, եւ անունն էլ դրել են, թե տրանսֆորմատորը չի աշխատում, ուստի այն չնչին գումարով որպես «անպետք իր օտարում ենք»:
Հասկանալի է, որ «Միկմետալին» պետք է եղել թանկարժեք տրանսֆորմատոր, եւ ընկերությունը որպեսզի շատ մեծ գումարներ չվատնի այդ տրանսֆորմատորը ձեռք բերելու համար, գտել է հեշտ տարբերակը` օգտագործելով իր լծակները:
Ծառայության պետը հաստատում է
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկության իսկությունը պարզել հենց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանից հասկանալու համար, թե ինչ փուլում է այս գործը եւ, առհասարակ, միայն այս տրանսֆորմատորի անհետացման դե՞պքն է բացահայտվել, թե՞ այլ դեպքեր եւս կան:
-Պարո՛ն Սանասարյան, ո՞ր փուլում է այս գործը, եւ ո՞ր իրավապահների մոտ է տրանսֆորմատորների գողության դեպքը, առհասարակ սա միա՞կ դեպքն է, թե՞ այլ դեպքեր եւս կան:
-Դատախազությունում է , երկրորդը նոր ենք ուղարկում, քանի որ կարծիք պետք է ստանայինք բարձրավոլտ էլեկտրական ցանցերից, երկրորդն էլ նորից գնում է դատախազություն:
-Մեզ հասած լուրերի համաձայն` բարձրավոլտ էլեկտրական ցանցերից, այսպես ասած, անհետացած տրանսֆորմատորները իրականում որպես մետաղաջարդոն վաճառվել են մետաղների բիզնեսով զբաղվող «Միմկետալ» ընկերությանը մոտ 200 հազար դրամով: Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` «Միկմետալ» ընկերությունը, որը տրանսֆորմատորները գնել է որպես մետաղաջարդոն, հետագայում այն օգտագործել է ոչ թե որպես մետաղաջարդոն, այլ որպես գործող տրանսֆորմատոր: Ասել է թե` հայտնի ընկերությանը մոտ 400 միլիոն դրամ արժողությամբ տրանսֆորմատորը մոտ 200 հազար դրամով վաճառել է, եւ անունն էլ դրել են, թե տրանսֆորմատորը չի աշխատում, ուստի այն չնչին գումարով որպես մետաղաջարդոն վաճառում ենք «Միկմետալ» ընկերությանը:
-Այո՛, այդ գործը արդեն դատախազություն է գնում:
– Այսինքն` «Միկմետալին» են վաճառել որպես մետաղաջորդոն, բայց հետո պարզվե՞լ է, որ դրանք աշխատում են:
-Մանրամասները չեմ կարող հայտնել, բայց…
-Այսինքն` մոտավոր այս պատմությունն է եղե՞լ:
(Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գլխով համաձայնության նշան է անում Ք.Մ):
«Միկմետալը» հերքում է
Տեղեկությունը պարզելու համար դիմեցինք նաեւ «Միկմետալ» ընկերությանը, սակայն այնտեղից հերքեցին` նշելով` իրենք նման տրանսֆորմատոր չեն գնել եւ չունեն:
Հիշեցնենք, որ «Միկմետալ» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխայիլ Հարությունյանին, որը տարիներ շարունակ Հայաստանում մետաղների բիզնեսով զբաղվող, գրեթե մենաշնորհային դիրք ունեցող ընկերություն է: Ի դեպ, Միխայիլ Հարությունյանը ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռին է:
Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերից հայտնեցին, որ սրանսֆորմատորների գողության դեպքը, դատախազությունում իրականացված ուսումնասիրությունների նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու: Ընթացքի լուծման մասին պատշաճ կարգով կտեղեկացնենք:

 

 

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀԻ ՀԱՄԱՐ ԱՍՏՎԱԾ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ մինչ իրավապահները նրան կալանքի տակ են պահում, չկա որեւէ բողոք, տուժած անձը պնդում է եւ Աստված է կանչում, որ Էդուարդ Բաբայանին ազատ արձակեն, չկա տեսագրություն, եւ, ի վերջո, չկա կոնկրետ փաստ, որ էդուարդ Բաբայանը ծեծի է ենթարկել Վյաչեսլավ Հարությունովին:

Հիշեցնեք, որ Վ. Հարությունովի որդին 2012թ. տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն էր եւ Հայաստան չի կարողանում գալ պարտադիր ժամկետային զինծառայության հարցի հետ կապված, որի հետեւանքով հուլիսի 2-ին վերջինիս հայրը մեծ աղմուկ է բարձրացրել Օլիմպավան մարզահամալիրում եւ ավելի ուշ իրավապահներին ասել է, թե իրեն Գագիկ Ծառուկյանի թիկնապահը ծեծել է: Այս ամենի արդյունքում Էդուարդ Բաբայանին կալանավորեցին:
Բաբայանին ձերբակալելուց հետո, սակայն, Վյաչեսլավ Հարությունովը հայտարարեց հակառակը.«Ես ընգա ու դարձա տուժող, խեղճ Էդոն էլ իր երեխեքից 22 օր է կտրված նստած է, ինչի՞ համար` չենք հասկանում: Ես ոչ մի անգամ ո՛չ Էդոյի, ո՛չ Գագոյի անուն չեմ տվել, եթե ինչ-որ մեկը կարող է փաստ բերել, դնել եւ ասի` դու սենց բան ես ասում, ես կծափահարեմ»:
Ասել է թե` տուժող կողմը հերքում է, որ նման բան է եղել: Ավելին` այս իրավիճակում բավականին ուշագրավ հայտարարություն է իրականացնում նաեւ Էդուարդ Բաբայանի փաստաբանը` նշելով, որ տուժողը դատարանում շատ հետաքրքիր փաստեր է ներկայացրել. «Մի մարդու ցուցմունքով անմիջապես Էդուարդ Բաբայանին ձերբակալում են եւ անմիջապես տանում են կալանքի, ավելին ասեմ` տեսակցությունները արգելում են: Ի դեպ, երբ տուժողը ցուցմունք է տալիս, որ Էդուարդ Բաբայանը եւ Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես կապ չունեն իր վնասվածքների հետ, անմիջապես վարույթն իրականացնող մարմնի կողմից հաջորդում է ոստիկանության օպերատիվ գրությունը այն մասին, որ տուժողը զբաղվում է թմրամոլությամբ, եւ դատարանի թույլտվությամբ նրա բնակարանում խուզարկություն են իրականացնում: Սա կարծում եմ, որ ճնշման մի տեսակ է, որով փորձում են տուժողի վրա ներազդել: Բա եթե թմրամոլ է, այդ թմրամոլի ցուցմունքով, այսպես ասած, 22 օր Էդուարդ Բաբայանը ինչի՞ է կալանքի տակ»:
Ի դեպ, Է. Բաբայանի պաշտպանը հայտնել էր` հիվանդանոցում տուժողին ներարկել են պրամադոլ դեղամիջոց, ափիոնի խմբի դեղերին է պատկանում, որից հետո էլ տուժողը ասում է, թե իրեն ծեծի են ենթարկել:
Պաշտպանի ներկայացրած պնդումները, տուժողի հայտարարությունները եւ, ի վերջո, իշխանության հետ մաս կազմող ԲՀԿ ներկայացուցիչների` արդար դատաքննություն իրականացնելու կոչերը իրավիճակ չեն փոխում: Կարելի է ենթադրել, որ Է. Բաբայանը այսօր կալանավորվել է մեկ բանի համար, որ նա համարվում է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը, քանի որ իրավիճակը ցույց է տալիս մեկ բան, որ նա ոչ մի հակաօրինական արարք իրավաբանորեն թույլ չի տվել:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ՀՔԾ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ինչպես արդեն գրել էինք, ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի է պահում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննչական խմբի ղեկավարը Էդիկ Հակոբյանն է, ով նման պատասխանատվություն էր ստանձնել նաեւ «Սասնա ծռերի» գործով: Հակոբյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` հրաժարվել էր որեւէ բան հայտնելուց: Նաեւ լուրեր են շրջանառվում, որ քննչական խմբի ղեկավարը փոխվել է, եւ նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանը:
Իսկ թե ինչու են գաղտնի պահում, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել էր, որ այդ քայլին գնում են անձին ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար. «Ո՛չ Էդիկ Հակոբյանն է, ո՛չ էլ Մուշեղ Բաբայանը:Գաղտնիքի խնդիր չկա, մեր ծառայության քննիչներից մեկն է, ավելորդ ուշադրությունից նրան զերծ պահելու համար անունը չի հրապարակվում»:
Այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն»:
Տարօրինակ է, բայց փաստ, որ հենց Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության օրը ՀՔԾ պետի տեղակալը ազատման դիմում է գրում:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց վերջինիս հետ հասկանալու համար, թե իր ազատումը ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության հետ:
-Պարո՛ն Բաբայան, Ձեր հրաժարականը կապվա՞ծ է եղել այն բանի հետ, որ Դուք հրաժարվել եք հարցաքննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով, ինչի արդյունքում Ձեզ ասել են` դիմում գրե՛ք ազատման մասին:
-Ես որոշել եմ այլ աշխատանքով ծառայել Հայրենիքիս, ազատման դիմումն այլ աշխատանքի տեղափոխվելու նկատառումով եւ բացարձակ իմ կամքով եմ գրել: Որեւէ քրեական գործի կամ որեւէ քննչական գործողության հետ կապված չէ որոշումս:
-Տարօրինակ չէ՞, որ Դուք դիմում եք գրում այն օրը, երբ պետք է հարցաքննեն Ռոբերտ Քոչարյանին:
-Դիմումը վաղուց էր գրած:
-Իսկ եթե գաղտնիք չէ, այլ աշխատանքի եք տեղափոխվել, կասե՞ք` կոնկրետ ուր, մեկ այլ համակա՞րգ եք գնում, թե՞…
-Հիմա դա չեմ կարող ասել, կներեք:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս