«ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՍԱՏԱՐ ԿԱՆԳՆԻ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին կայացած «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց 24-ամյա Արենա Զեյնալյանը Թեհրանից: Նա դեկտեմբերին Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթում: Արենան մասնագիտությամբ կենսաբան է, սակայն զբաղվում է ոսկերչական դիզայնով՝ շարունակելով հոր ուղին։ Գեղեցկուհին 12 տարի սովորել է հայկական դպրոցում եւ վարժ տիրապետում է հայերենին։ Մրցույթին մասնակցելու որոշում նա կայացրել է դեռ նախորդ սեպտեմբերին, երբ «Միսս Հայաստան» մրցույթը նոր էր կայացել: «Ժողովուրդ» օրաթերթը Արենայի հետ զրուցել է «Միսս աշխարհ»-ին մասնակցելու կարեւորության, նրա նպատակների եւ գեղեցկության գաղտնիքների մասին։ Արենան շեշտել է, որ կարեւորը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին գեղեցկությունն է։ Նա էական է համարում նաեւ տվյալ երկրի աջակցությունը գեղեցկուհուն։

-Արենա՛, հնարավո՞ր է, որ արդեն մշտական բնակություն հաստատեք Հայաստանում, հատկապես, որ հայրենիքում հաջողությունը ժպտաց Ձեզ։
-Հնարավոր է, ինչո՞ւ ոչ։ Շատ եմ սիրում Երեւանը, իմ հայրենակիցներին։ Միշտ ձգտել եմ արձակուրդներին հայրենիքում լինել։
-Հայ աղջիկները Ձեր աչքերով գեղեցի՞կ են։ Ի՞նչ տպավորություններ ունեք։
-Շատ գեղեցիկ են, նուրբ եւ կանացի։ Ես միշտ եմ ասել այդ մասին, դա նորություն չէ։
-Գեղեցկության մրցույթների մասնակցում եք, որպեսզի ինքներդ Ձեզ եւ շրջապատին ապացուցե՞ք, որ ամենագեղեցիկն եք, թե՞ դա լավ կարիերա անելու հնարավորություն է ընձեռում։ Ո՞րն է հիմնական նպատակը։
-Գիտե՞ք, ապացուցելու բան չկա։ Ամեն աղջիկ էլ, որը մասնակցում է մրցույթի եւ հաղթահարում է որոշակի փուլեր, գիտի, որ արդեն իսկ առանձնանում է իր արտաքինով։ Իհարկե, ես միշտ ասել եմ, որ գեղեցկությունը ճաշակի հարց է։ Հնարավոր է՝ Դուք ունեք գեղեցիկի այլ չափանիշներ, ես այլ։ Բայց ժողովուրդն, առհասարակ, սիրում եւ գնահատում է գեղեցիկներին, ուստի վերջիններիս ձայնը նրանց համար ավելի լսելի է։ Սա նպաստում է, որ գեղեցկուհին զբաղվի բարեգործությամբ, կատարի սոցիալական աշխատանք եւ լավ արդյունք ունենա, կարողանա լուծել մի շարք խնդիրներ, լինի համերաշխության ջատագով։ Որպեսզի մրցույթում ունենաս հաջողություն, հարկավոր է, որ գեղեցիկ լինես ոչ միայն արտաքուստ, այլեւ ներքուստ։ Ինքս արդեն սկսել եմ բարեգործական գործունեություն ծավալել, երեք ամսից կմեկնեմ Չինաստան եւ արդյունքները կներկայացնեմ այնտեղ։ Առհասարակ, այն համոզման եմ, որ գեղեցկությունը պետք է ունենա մարդկային բարձր տեսակ, որպեսզի աշխարհն ավելի լավը դարձնի։
-Գիտենք, որ «Միսս աշխարհ» մրցույթն անցնում է բավական լարված եւ թեժ մթնոլորտում։ Արդեն ծանո՞թ եք Ձեր մրցակիցներին, ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին։
-Այո՛, ծանոթ եմ, բայց որոշիչ է ոչ միայն արտաքինը, ներքինը, այլեւ երկրի՝ գեղեցկուհուն աջակից լինելու գործոնը։ Երկիրը պետք է սատար կանգնի, հովանավորի իր մասնակցին, ներդրումներ անի, վերջինս էլ իր հերթին պետք է կարողանա դրական փոփոխություններ իրականացնել իր երկրում, որպեսզի կարողանա արժանի լինել թագին։ Այսինքն՝ ամեն բան փոխադարձ է։ Գեղեցկուհին չպետք է լինի ծույլ եւ մտածի, որ ինքը թագուհի է։ Չմոռանանք՝ ես այնտեղ ներկայանալու եմ ոչ թե որպես Արենա Զեյնալյան, այլ որպես Հայաստան։
-Իսկ մոդելային կարիերա, այնուամենայնիվ, կանե՞ք, թե՞ նման պլաններ չունեք։ Սովորաբար, գեղեցկուհիները նման մրցույթների մանակցում են հենց այդ հեռանկարով։
-Ֆոտոսեսիաներում, օրինակ, հանդես եկել եմ, բայց կոնկրետ հիմա զբաղվում եմ բարեգործական աշխատանքով, մարզվում եմ, սովորում եմ, կարդում եմ, որպեսզի կարողանամ լավ ներկայացնել Հայաստանը։ Հուսով եմ՝ հաջողությունն ինձ չի լքի։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ` ՕԶԻԼԻԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր ակումբակից Մեսութ Օզիլին, որը Ռուսաստանում այս ամռանը կայացած ԱԱ-2018-ից առաջ հայրենիքում քննադատության թիրախում էր հայտնվել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ լուսանկար հրապարակելու համար: Վերջերս Օզիլը հայտարարել էր նաեւ Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին: «Մի կողմից` տխուր էր լսել այդ մասին, բայց մյուս կողմից` կարծում եմ, որ այդ որոշումից հետո պետք է աջակցենք ու հարգենք Օզիլին: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, որը շատ լավ գիտի, թե ինչ է անում ու ինչ է ցանկանում անել: Չեմ ցանկանում քննադատել որեւէ մեկին եւ չեմ հասկանում այն մարդկանց, որոնք քննադատում են նրան, քանի որ ֆուտբոլ խաղում է ոչ թե մեկ խաղացող, այլ 11: Դա թիմային աշխատանք է` սկսած մարզիչներից մինչեւ բժշկական շտաբը: Կարծում եմ` ոչ ոք իրավունք չունի քննադատել Օզիլին: Մենք կաջակցենք նրան»,-ասել է Մխիթարյանը:
Ավելացնենք, որ այս օրերին «Արսենալ»-ը հավաք է անցկացնում Սինգապուրում, որտեղ հուլիսի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Աթլետիկո»-ի հետ, իսկ հուլիսի 28-ին կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

 

 

ՀԵՌԱՑԵԼ Է ԱՍՈՒԼԻՍԻՑ
Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՄՆ-ում ընթացող Չեմպիոնների միջազգային գավաթում «Լիվերպուլ»-ից կրած պարտությունից հետո ժամանակից շուտ է ավարտել հետխաղյա ասուլիսը: Հարցերից մեկին պատասխանելու ընթացքում ասուլիսների սրահ է մտել «Լիվերպուլ»-ը գլխավորող Յուրգեն Կլոպը: Գվարդիոլան ողջունել է իր կոլեգային եւ նրան զիջելով խոսափողը` հեռացել ասուլիսների սրահից:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Լիվերպուլ»-ը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել եգիպտացի Մոհամեդ Սալահի ու սենեգալցի Սադիո Մանեի գոլերի շնորհիվ:

 

 

5 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ֆրանսիական «Բորդո»-ից տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Մալկոմն ԱՄՆ-ի Պորտլենդ քաղաքում միացել է «Բարսելոնա»-ին: 21-ամյա ֆուտբոլիստը հանդիպել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի, թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ու ակումբակիցների հետ: Մալկոմը «Բարսելոնա»-ի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը կազմել է 42 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին իտալական «Ռոմա»-ն պաշտոնապես հայտարարել էր բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերի հարցում «Բորդո»-ի հետ փոխհամաձայնության գալու մասին, սակայն նա վերջին պահին տեղափոխվեց «Բարսելոնա»:




Լրահոս