ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքում

ArmLur.am-ի թղթակիցը երեկ նկատել է, որ կառավարության ճաշարանի աշխատակիցները բողոքի ալիք են բարձրացրել: Նրա փոխանցմամբ` ճաշարանի աշխատակիցները ստորագրահավաք են իրականացրել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ճաշարանի աշխատանքներն այսուհետ ստաձնելու է «Արտ-լանչ» ընկերությունը: Սրա արդյունքում 20 աշխատող կմնա անգործ: Աշխատողները պահանջում են ներկայացնել պատճառները, քանի որ ինչպես իրենք են վստահեցնում, իրենց պատրաստած սնունդը գոհացնում է բոլոր հաճախորդներին:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամն ի՞նչ գործունեությամբ է զբաղվում:

Լուսինե Կիրակոսյան (68 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը ՀՀ բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով:
Հիմնադրամի հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է: Միայն դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 10 մլն դրամի, իսկ միայն արտարժութային ավանդի համար` 5 մլն դրամի չափով:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը մինչեւ 10 մլն հայկական դրամով:

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` 5 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

 

 

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է տեղի ունենում ամուսնալուծության գործընթացը: Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Եպրաքսիա Մանուկյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե ամուսինների միջեւ առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում: Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձեւակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության վկայական, ամուսինների համատեղ դիմումը ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար, ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով, ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում: Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10000 ՀՀ դրամ: Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:




Լրահոս