Ազգային ժողովում դեռեւս արձակուրդային տրամադրություն է: Օրերս խորհրդարանի բակում տեղի ունեցավ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ»-ի եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից պատրաստված «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» տեղեկագրի շնորհանդեսը: Սակայն գործող խորհրդարանի պատգամավորներից շատ քչերն էին ներկա` պայմանավորված հենց արձակուրդային շրջանով: Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոոսի 10-ին, եւ այդ օրերին նախատեսված են մի շարք նախագծերի քննարկումներ եւ քվեարկություններ: Նախ խորհրդարանը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի նախագահ, թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է:
Բացի այդ, նախատեսված է նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն: Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը: Այս երկու քվեարկություններն էլ տեղի կունենա փակ, գաղտնի: Նշենք, որ սա Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու երրորդ փորձն է: Ընդ որում` մինչեւ հիմա ՍԴ երկու անդամների տեղերը թափուր են` հակառակ սահմանադրության պահանջի. չի ընտրվել նաեւ ՀՀ ՍԴ փոխնախագահը: Ասել է թե` ՍԴ-ում հակասահմանադրական վիճակ է: