11 տարի անց բացահայտվում են. սուտ ցուցմունք տվողները հայտնվել են տխուր իրավիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը սկսեց վերաբացել նախկինում չբացահայտված, կարճված դեպքերով հարուցված քրեական գործերը: Եվ ահա այս ամենի արդյունքում իրավապահները նոր հանգամանքներ են ի հայտ բերում, որտեղ պարզում են, թե ինչպես են նախկինում մարդիկ սուտ ցուցմունքներ տվել՝ խոչընդոտելով, որ իրավապահներն արդար եւ օբյեկտիվ նախաքննությոն իրականացնեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ դեռեւս 2007 թվականին տեղի ունեցած միջադեպերի գործով անցնող անձինք, ովքեր սուտ ցուցմունք են տվել իրավապահներին, 11 տարի անց հայտնվել են տխուր իրավիճակում:

Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Գառնիկ Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թիվ 2010-1207 քրեական գործով կատարած նախաքննության ընթացքում որպես տուժող հարցաքննվելիս, ինչպես նաեւ դատաքննության ընթացքում որպես տուժող հարցաքննվելիս տվել է առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունքներ:

Գառնիկ Սողոմոնյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում որպես տուժող հարցաքննվելիս գրավոր ձեւով նախազգուշացված լինելով սուտ ցուցմունքներ տալու համար ՀՀ քրեական օրենսգքրի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, տվել է իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ այն մասին, որ 2007 թվականի հունվարի 31-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում տեղի ունեցած վիճաբանությանը չի մասնակցել, իրեն որեւէ մեկը չի հարվածել, իսկ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը հորեղբոր տանից վերդարձի ճանապարհին երկաթների վրա վայր ընկնելու հետեւանքով, իսկ 2007 թվականի մարտի 2-ին քննիչի մոտ կեղծ ցուցմունք է տվել մահացած ընկերոջ հոր` Վահան Գեւորգյանի, խնդրանքով:

Ըստ նախաքննությունը իրականացող մարմնի` Գառնիկ Սողոմոնյանը իր տված ցուցմունքներով ակտիվորեն խանգարել է արդարադատության իրականացմանը, լիովին խեղաթյուրել է իրականությունը, ընդհուպ մինչեւ դատարանի կողմից դատավճիռ կայացնելը, կամովին չի հայտնել իր տված սուտ ցուցմունքների մասին եւ դա այն պայմաններոմ, երբ իր ցուցմունքներն էական նշանակություն են ունեցել գործի լուծման համար:

Ի դեպ, օրերս ArmLur.am կայքը հրապարակել էր, որ այս օրերին իրավապահներին «հաղորդում հանցագործության մասին» հայտարարությամբ դիմած այն անձինք, որոնք այլ քաղաքացիներին անհիմն մեղադրել են ծանր հանցագործությունների մեջ, սուտ մատնության համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին:

Այս առումով պատահական չէ, որ 11 տարի անց Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տվեց Դավիթ Սիմոնյանը` նշելով, որ իրեն տարիներ առաջ կրակել է Հայկ Սարգսյանը: Եվ երբ քննիչները նրան վերջերս հարցաքննել են, թե ինչու է նախկինում այլ ցուցմունք տվել, վերջինս ողջ մեղքը գցել է իրավապահների վրա: Ուստի չի բացառվում, որ հետագայում այս քրեական գործով պարզվի, որ Դավիթ Սիմոնյանին իրավապահները որեւէ բան չեն ասել, եւ նրան սուտ մատնության մեղադրանք առաջադրվի:

Քնար Մանուկյան




Լրահոս