Արդյո՞ք Թրամփը կկործանի հանրապետականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ կայացան ԱՄՆ Կոնգրեսի հատուկ ընտրությունները, որոնք, թվում է, բարեհաջող ավարտվեցին իշխող հանրապետականների համար: Սակայն արդյունքներից պարզ դարձավ, որ նախագահ Թրամփի մեկամյա կառավարումը լուրջ խնդիրներ է ստեղծել կուսակցության համար: Վերջինիս ակնհայտորեն լուրջ փորձություններ են սպասվում նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի մասնակի ընտրություններում, որտեղ ԱՄՆ հանրապետականները կարող են կորցնել մեծամասնությունը իրենց հայաստանյան անվանակիցների պես:

ԱՄՆ Կոնգրեսի հատուկ ընտրություններն անցկացվեցին 5 նահանգներում, որտեղ բոլորում հաղթող դարձան ԱՄՆ հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Սա թույլ տվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակավ հայտարարելու, որ այդ հաղթանակներն առաջին հերթին իր հաջողությունն են: Ավելին` նախագահը կոնկրետ դեպքերում շեշտում էր, որ իր մասնակցությունը թեկնածուների քարոզարշավներին վճռական նշանակություն է ունեցել` ապահովելով հանրապետականների հաղթանակները: Ի դեպ, այս հանգամանքը լայն քննարկման առարկա դարձավ ամերիկյան վերլուծաբանների շրջանում, ըստ որոնց` թե՛ անձամբ թեկնածուն, թե՛ կուսակցության ռեսուրսներն ու հնարավորությունները նախագահի կարծիքով, փաստորեն, առ ոչինչ են, եւ հաղթանակի միակ գրավականը եղել է վերջինիս աջակցությունը:

Թեեւ այս պնդումը նույնպես փաստարկված չէ, սակայն քիչ հավանական է թվում` հաշվի առնելով ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունը: ԱՄՆ-ում ձեւավորված է ինստիտուցիոնալ ժողովրդավարություն` խորթ նաեւ ներհայաստանյան ընկալումներին: Օրինակ` Հայաստանում այս օրերին ում էլ պաշտպանի Նիկոլ Փաշինյանը, այդ մարդը կարող է ընտրվել ցանկացած պաշտոնում, ինչը ուղիղ հետեւանք է հեղափոխական էյֆորիայի, սակայն ԱՄՆ-ում դա գրեթե բացառված է` հաշվի առնելով հատկապես Թրամփի հանդեպ համընդհանուր հակասական տրամադրությունները:

Շարունակելով իր դերակատարությունն ընդգծելու մարտավարությունը` Թրամփը հատկանշում էր, որ բոլոր տեղերում արձանագրված հաղթանակն ինքնին նշանակում է, որ ամերիկացիները պաշտպանում են իր քաղաքականությունը` ի հեճուկս թշնաբար տրամադրված զլմ-ների հակաքարոզչության: Անշուշտ, նախագահը կարող է այդպես մեկնաբանել` հաշվի առնելով փաստացի արդյունքը, սակայն միաժամանակ չի կարելի արհամարհել հանգամանքը, որ բոլոր այդ նահանգներում հանրապետական կուսակցության ազդեցությունը պատմականորեն մշտապես տիրակայող է եղել: Այդ նահանգներում խիստ հազվադեպ են հաղթել դեմոկրատները եւ այժմ դա իբրեւ ցնցող հաջողություն ներկայացնելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Ըստ այդմ` Թրամփը օգտագործում է այն նույն տակտիկան, ինչ նրա հակառակորդները` դիմելով փաստերի մանիպուլյացիային: Այս հանգամանքը արձանագրեցին ոչ միայն ամերիկյան վերլուծաբանները, այլեւ հայտնի քաղաքական ու պետական գործիչները:

ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ներկուսակցական պայքարում Թրամփի հիմնական մրցակիցներից մեկը` Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը, հրապարակավ իր մտահոգությունը հայտնեց այս առումով: Արձանագրելով, որ Օհայո նահանգում հիմնականում հաղթել են հանրապետականները` այս ընտրությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Հայտնի է, որ հանրապետականների թեկնածուն ստացել է 50.1, իսկ դեմոկրատներինը` 49.3 տոկոս: Ի համեմատություն ներկայիս պատկերի` նկատի է առնվում, որ նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփն այստեղ Հիլարի Քլինթոնի նկատմամբ ստացել էր 11 տոկոսի առավելություն: Եվ եթե հաշվի առնենք, որ Թրամփը հանրապետականների պատմության լավագույն թեկնածուն չէր, կարելի է պատկերացնել, թե նահանգում ինչ չափով են թուլացել ԱՄՆ իշխող կուսակցության դիրքերը:

Այդ մտահոգությունն էլ բարձրացնում է Քեյսիքը` նկատելով, որ դա հասարակության մեսիջն է կուսակցությանը վերջ տալու տիրող քաոսին ու դադարեցնելու մարդկանց օտարելու քաղաքականությունը: Մեկնաբանելով կուսակցության ներկայիս դրությունը` Քեյսիքն անուղղակիորեն խիստ քննադատության է ենթարկել նախագահ Թրամփին: Նա հայտարարել է, որ կուսակցությունը երբեք չի եղել դաշնակիցների հետ թշնամանալու, ընտանիքներն իրարից բաժանելու եւ այդօրինակ այլ քաղաքականության կողմնակից: Այդպիսով, Քեյսիքը ակնարկել է, որ ընտրողների բացասական վերաբերմունքը պայմանավորված է Թրամփի քաղաքականությամբ, ինչից ուղղակիորեն տուժում է հանրապետական կուսակցությունը: Նա առաջարկել է կուսակցության ղեկավարությանը լուրջ հետեւություններ անել ստեղծված իրավիճակից:

Հետաքրքիր է, որ այդպիսի կոչով Օհայոյի նահանգապետը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս: Նա Թրամփի խիստ քննադատներից էր եւ ժամանակին նույնիսկ հրաժարվել էր փոխնախագահ դառնալու առաջարկից: Քեյսիքը քանիցս չի էլ ժխտել, որ հետաքրքրված է 2020թ. ընտրություններով եւ չի բացառել, որ կարող է հայտ ներկայացնել մասնակցելու դրանց: Եվ ահա, եթե Թրամփը ցանկանա գնալ երկրորդ ժամկետի եւ կուսակցության ներսում միանշանակ չլինի նրա հանդեպ վերաբերմունքը, ապա հանրապետականները ստիպված են լինելու նոր ներկուսակցական քարոզարշավ վարել, որտեղ Թրամփը հարկադրված կլինի կրկին բախվել կուսակիցների աջակցությունը ստանալու բարդագույն գործին:

Այսժամ մեծ է հավանակնությունը, որ Թրամփի քաղաքականությունը սկզբունքորեն ու հետեւողականորեն քննադատող թեւը հաղթանակ տանի` Թրամփին զրկելով հանրապետական կուսակցության թեկնածուի կարգավիճակից: ԱՄՆ նախագահին կմնա կա՛մ չմասնակցել ընտրություններին ընդհանրապես` բավարարվելով մեկ ժամկետով, կա՛մ առաջադրվել «երրորդ կուսակցության» մանդատով: Հաշվի առնելով կուսակցական ռեսուրսների խիստ կարեւորությունը ԱՄՆ ընտրական գործընթացում` այդ պարագայում Թրամփն ակամայից հաղթանակը կշնորհի դեմոկրատական կուսակցությանը, որը, ի դեպ, կարող է հանդես գալ բավականին ուժեղ թեկնածուով` հանձին նախկին փոխնախագահ Ջո Բայդենի:

Ն. Հովսեփյան




Լրահոս