ՀՀԿ-ական պատգամավորի եղբայրը հարկային տեռո՞ր է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արտաշատի խանութները չեն բացվել. մի խումբ առեւտրականներ փակել են խանութները եւ բողոքի ակցիա անցկացրել: Նրանք հավաքվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի մասնաճյուղի դիմաց, պահանջել են հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը: Ի դեպ, Ռաշիդ Մախմուդյանը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբայրն է: Արտաշատի առեւտրականների պատմելով` նրանք արդեն երկու տարի է, ինչ այս վիճակում են:

«Մենք այլեւս ի վիճակի չենք հանդուրժել: Իրենց ՀԴՄ-ի իտոգը չի հետաքրքրում, ասում են` ամեն ամսվա վերջ բերեք այսքան կամ այնքան մուծեք: Նայած տրամադրության` եթե տրամադրությունը լավ չլինի, ասում են`1 մլն կմուծես, եթե լավ լինի` 200 հազար դրամ: Ամեն ամսվա վերջին հարկային տեսուչները զանգահարում են ու ասում են` այսքան կտանեք, կմուծեք: Անկախ նրանից` առեւտուր ունեցել ենք, թե ոչ: Հանձնաժողով են կազմում, 13 հոգով մտնում են խանութները ու առանց ակցիզի ապրանք են ման գալիս: Խանութում կարող է լինել 300 հազար դրամի ապրանք, բայց ինքը 500 հազար դրամի է տուգանում»,- ներկայացրեցին առեւտրականները: Նրանց խոսքերով` շատերի մոտ անգամ հասունացել է «Մախմուդյանին ծեծելու ցանկությունը»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքող առեւտրականներին հանդիպել է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով նրանց առաջարկել է խումբ կազմել, բարձրանալ ՊԵԿ մարզային վարչության պետի մոտ եւ փորձել լուծումներ գտնել: «Մեր գալու նպատակն այն է, որ մենք գանք, տեսնենք` մեր կոլեգաները իրենց լիազորությունների շրջանակը գերազանցել են, թե ոչ: Եթե կտեսնենք, որ ինքը իր լիազորությունների շրջանակը գերազանցել է, ինքը կպատժվի: Այդ փաստերով դեռ ծառայողական քննություն պետք է իրականացվի»,- առեւտրականներին խոստացել է ՊԵԿ նախագահը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս