ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր երեկոյան թողարկվելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Տեղեկությունը ArmLur.am-ին հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Այո, Երկիր մեդիա հեռուստաընկերությանն այսօր հարցազրույց է տվել պարոն Քոչարյանը: Երեկոյան, կարծում եմ, կհեռարձակվի»: Հարցին` Ռոբերտ Քոչարյանը չի՞ պատրաստվում այլեւս ասուլիսով հանդես գալ, քանի որ նախորդը տապալվեց, Սողոմոնյանը պատասխանեց. «Արտահայտվելու տարբեր ձևեր կան: Այս անգամ այս մեկն էր, մյուս անգամ մյուսը կլինի: Ես խնդիր չեմ տեսնում»:
Թե ինչու է Ռ. Քոչարյանն արդեն երկրորդ անգամ նույն հեռուստաընկերությանը հարցազրույց տալիս, գրասենյակի ղեկավարը նշեց, թե տարբեր առաջարկներ են եղել` այդ թվում Երկիր մեդիայի կողմից, եւ իրենք որոշել են հենց այս հեռուստաընկերության առաջարկն ընդունել: «Մենք փորձում էինք ասուլիս անցկացնել, որպեսզի բոլոր լրատվամիջոցները ներկա լինեին, բայց ինչպես տեսնում եք` դա այնքան էլ իշխանություններին դուր չեկավ»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: