Մեքսիկայի ոստիկանությունը և բանակը հաջող գործողության արդյունքում ձերբակալել են «Խալիսկո-Նոր սերունդ» թմրակարտելի մոտ 50 անդամների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Excelsior լրատվական հարթակը:
Excelsior-ի համաձայն՝ բոլոր կասկածյալները ձերբակալվել են Գվատեմալային սահմանակից Չյապաս նահանգում: 38 կասկածյալ ձերբակալվել է Ֆրոնտերա Կոմալապա քաղաքի հյուրանոցում, ևս տասին ձերբակալել են Տուտսլա Գուտյերեսում:
«Խալիսկո-Նոր սերունդ» կարտելը համարվում է ամենախոշորը Մեքսիկայում: Այն հայտնի է ոստիկանության և բանակի ստորաբաժանումների վրա խոշոր հարձակումներով:
Նախօրեին Մեքսիկայի գլխավոր դատախազությունը 30 մլն պեսո (1,5 մլն դոլար) պարգև է հայտարարել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Խալիսկո»-ի պարագլուխ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի ձերբակալությանը: