Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է: «Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Սինգմեյը նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով:
«Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում `որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականաին տարածված էին Չինաստանի շուկաներում, հայկական առևտրային նավերն էլ հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներին: Մեր հրատարակչական աշխատանքը հասել է Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրների մեծ մասիին, Հայաստանն էլ մի կարևոր կայարան է»,- նշեց Սինգմեյը:
Հանրային կապերի ղեկավարի խոսքով` իրենց հատկապես հետաքրքրել է Հայաստանի կառավարության վարած բաց քաղաքականությունն ու ենթակառուցվածքների զարգացման ներուժը, որոնք կարող են գրավիչ լինել չինացի ներդրողների համար:
«Հայաստանի կառավարությունը բաց դռների քաղաքականություն է վարում` ներդրումներ կատարելիս գրեթե չկիրառելով սահմանափակումներ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը բարձր են գնահատում նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունները: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը գրավիչ նախագիծ է, որը կարող է հետաքրքրել չինական ընկերություններին և ներդրողներին՝ շաղկապվելով նաև«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը: Ներկայումս Հայաստանի կառավարության բաց քաղաքականությունը կարող է ներգրավել որոշ չինական ընկերություններին հատկապես շինարարական նախագծերում, ինչը ավելի մեծ օգուտ կբերի երկու կողմերին»,- ասաց Վանգ Սինգմեյը:
Թողարկուման ստեղծման համար Հայաստանի մասին անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու գործում «Փիսրչեր»-ին օգնել է դիվանագետ, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը:
«Մենք համագործակցեցինք խմբագրման աշխատանքներում` ընդհուպ հարմար լուսանկարներ ընտրելը, բովանդակությունը փոխելը, քերականական սխալների ուղղումը, և այլն: Բավականին ծավալուն աշխատանք է կատարվել: Հավատացած ենք, որ մեր բոլոր ընթերցողները, մասնավորապես, ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատակիցները, կբացահայտեն Հայաստանը որպես դարպաս դեպի խոշոր շուկաներ: