Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեղադրյալի աթոռին հայտնված Քոչարյանի խափանման միջոցի բացակայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարից ճշտել` Քոչարյանը մտադրություն ունի՞ երկրից մեկնելու. «Ոչ, Ռ. Քոչարյանն ինձ չի հայտնել դրա մասին: Ես տեղյակ չեմ»,-նշեց Վիկտոր Սողոմոնյանը: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեղադրյալի աթոռին հայտնված Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի բացակայությունը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց. «Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ եւ կարող է ինչպես Երեւանից մեկնել Ստեփանակերտ, այնպես էլ մեկնել Լոնդոն: Բացի այդ, հաշվի առնելով գործի առանձնահատկությունները` ես ինքս գտնում եմ, որ Քոչարյանը կարող է անօրինական ազդեցություն գործել նշված գործով հետաքրքրություն ներկայացնող սուբյեկտների նկատմամբ, ավելին` իր անձով պայմանավորված` ապօրինի ազդեցություն ունենալ: Բայց իրավասու մարմինների սուրբ պարտականությունն է նման դեպքում արձանագրել եւ այդ փորձը չեզոքացնել: Դա նաեւ հիմք կտա վարույթ իրականացնող մարմնին նրա վարքագծի վերաբերյալ պատշաճ գնահատական տալ»:

Իսկ մինչ այդ նկատենք` ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ պետք է ՀՀ վճռաբեկ դատարանում բողոքարկի Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու ՀՀ վերաքնիչ դատարանի որոշումը: Դատախազությունը դեռ վերջնական չի հայտնել՝ կգնա այդ քայլին, թե ոչ:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս