Մշակույթի նախարարության չարաշահումների հետքերով. ովքեր կպատժվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 Մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով ՀՀ մշակույթի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին:

Մասնավորապես, ՀՀ մշակույթի եւ ֆինանսների նախարարություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Բացի այդ` նշված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած անձինք, ինչպես նաեւ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները աշխատանքների կատարման ակտերում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ եւ փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները նշել են որպես կատարված: Արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի` պաշտոնեական անփութության, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի` փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ 2003-2016թ. սեպտեմբերը ՀՀ մշակույթի նախարարը եղել է Հասմիկ Պողոսյանը, որն 2018թ. նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական: Ասել է թե` բացահայտված չարաշահումները տեղի են ունեցել հենց նրա օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:

-Տիկի՛ն Մակունց, մինչ Ձեր պաշտոնը ստանձնելը հայտնի դարձավ, որ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կառավարման օրոք հուշարձանների վերանորոգման մասով չարաշահումներ էին հայտնաբերվել, շուրջ 60 միլիոնի չարաշահման մասին էր խոսքը, հետաքրքրվե՞լ եք` ինչ փուլում է գործը:

-Այո՛, հետաքրքրվել ենք, որ չարաշահումների հետ կապված բոլոր գործերը գտնվում են ՀՀ գլխավոր դատախազությունում է, մի մասի հետ կապված կան որոշումներ կայացված, որոնց ընթացք է տրվում: Մասնավորապես, «Գիրք» ՊՈԱԿ-ի հետ կապված գիտեք, որ այն լուծարվում է, որոշ դեպքերում քրեական գործեր են հարուցված եւ ընթացքի մեջ են: Մենք հետաքրքվել ենք, եթե այդ կտրվածքով մշակույթի նախարարությունը ինչ-որ գործառույթ ունի կատարելու, որպեսզի այն իրականացնենք, բայց այս պահի դրությամբ գործը գտնվում է իրավապահ մարմիների վերահսկողության տակ:

Դուք պատրաստվո՞ւմ եք որպես նախարար պատասխանատվության կանչել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասիկ Պողոսյանին կամ Արեւ Սամուելյանին, քանի որ, ի վերջո, ոլորտի պատասխանատուները նրանք են եղել, տեսնո՞ւմ ենք նրանց պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը:

-Իրավապահ մարմինները քննության ընթացքում իրենք են սահմանում, թե որ չափով որ այրն է պատասխանատու, եւ վստահ եմ, կասկած չունեմ, որ այն անձինք, որոնք ներգրավված ենմ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն, իսկ թե ով ինչ չափով, դա արդեն իրավապահ մարմիները գիտեն:

-Իսկ հիմա ովքե՞ր են ներգրավված այս չարաշահումների գործով:

-Բնականաբար, եթե ընթացքի մեջ է, ապա կան մարդիկ, որոնք ներգրավված են, մանրամասներին չեմ տիրապետում. ինձ իրավապահ մարմիները չեն տեղեկացրել:

Քնար Մանուկյան




Լրահոս