Հայաստանյան ներքաղաքական զարգացումների ֆոնին սկսել է հետեւողականորեն տարածվել քաղաքացիական պատերազմի «գույժը»։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մարտի 1-ի գործի շրջանակներում քրեական հետապնդման հարցում (հնարավոր է նման կարգավիճակում հայտնվի նաեւ Սերժ Սարգսյանը) լրջորեն անհանգստացած առանձին շրջանակներ ներկայումս խոսում են քաղաքացիական պատերազմի մասին՝ այն ուղիղ կապելով Արցախյան ճակատի լարվածության ու հողերի հանձնման թեմային։ Ակնհայտ է, որ այդ քարոզը ուղղորդվում է մի կենտրոնից՝ փորձելով մեծացնել ներքաղաքական լարվածությունը։
Հայաստանում քաղաքացիական պատերազմի մասին խոսում են դեռեւս ԽՍՀՄ փլուզման օրերից, երբ Համաժողովրդական շարժումը վերելք էր ապրում եւ կենսական սպառնալիք էր դարձել օրվա իշխանությունների համար։ Այն ժամանակ շեշտվում էր, որ Հայաստանում ներքին ընդվզումներն անընդունելի են՝ Մոսկվային չգրգռելու համար։ Հետաքրքիր է, սակայն, որ այդ «հարմարվողականները» չանսացին անգամ սեփական հորդորներին, երբ պատերազմի ժամանակ ցույցեր ու երթեր էին անցկացնում Երևանի կենտրոնում՝ պահանջելով գերագույն գլխավոր հրամանատարի ու պաշտպանության նախարարի հրաժարականները։ Հոգ չէ, որ այդ շրջանում Հայաստանն արդեն իսկ ներքաշված էր պատերազմի մեջ եւ ներքին ցնցումները ուղղակի սպառնալիք էին ինչպես պետության անվտանգության, այնպես էլ ճակատի հաջողությունների համար։
Պատերազմի ընթացքում բանակի հրամանատարությանը դատելու կոչերով հանդես եկող բողոքի գործողությունները ինքնին քաղաքացիական պատերազմ էին հրահրում, սակայն թե՛ իշխանության զսպվածությունը, թե՛ հանրային լայն շերտերի բնական անտարբերությունը նման գործողությունների նկատմամբ կանխեցին Հայաստանի ներսում ադրբեջանացման վտանգը։ Հիշենք, որ հենց Ադրբեջանի ներպետական քաոսն ու ներքին խժդժությունները լրջագույն ազդեցություն ունեցան պատերազմի ձախողված ելքի վրա։ Հատկանշական է, որ պատերազմի ավարտից հետո Հայաստանում մեկնարկեց ահաբեկչական ակտերի մի լայն շղթա, որը թերեւս հանգուցալուծվեց 1999թ. հոկտեմբերի 27-ով։ Հետահայաց կարելի է փաստել, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմը բացառվեց, եւ դրա փոխարեն ներքին կայունության խաթարումը տեղի ունեցավ ահաբեկչական բնույթի գործողությունների միջոցով՝ հանգելով պետականության ընթացքը շեղած Հոկտեմբերի 27-ին։ Այսօր, փաստորեն, ինչպես 1990-ական թթ. սկզբին, կրկին խոսվում է քաղաքացիական պատերազմի մասին։ Եվ այդ համատեքստում կրկին պատասխանատու է մատնանշվում այնպիսի իշխանությունը, որը ձգտում է օտարերկրյա գործընկերների հետ խոսել «հավասարը` հավասարի» մակարդակով։
Քաղաքացիական պատերազմի անխուսափելիության քարոզը այսօր հատկապես ակտիվացել է նախկին իշխանությունների նկատմամբ մարտի 1-ի գործով քրեական հետապնդումների ֆոնին՝ փորձելով իշխանությանը դրդել ետ կանգնելու այդ ուղղությամբ կատարվող քայլերից։ Այստեղ ոչ այնքան խնդիրը հնարված քաղաքացիական պատերազմից խուսափելն է, որքան նախկին նախագահի նկատմամբ գործողությունների կասեցումը։ Եվ այս տրամաբանության շրջանակներում էլ հարցը կրկին ու կրկին շաղկապվում է Արցախի հետ։ Չգիտես` ինչու, Քոչարյանի կալանավորումը պիտի ազդի Արցախյան հակամարտության վրա եւ դեռ ավելին՝ հանգեցնի հողերի հանձնմանը։ Այս տեսակի քարոզը, որ տարվում է համացանցում եւ էլեկտրոնային մամուլում, լուրջ քաղաքական քննադատության չի կարող դիմանալ։ Նախ, Քոչարյանը երբեք էլ անզիջում դիրքորոշում չի ունեցել Արցախի հարցում, ինչի վկան առաջին հերթին նրա պաշտոնական հայտարարություններն էին՝ բացի Լաչինի միջանցքից մնացած տարածքները վերադարձնելու մասին։
Այնպես որ Քոչարյանին այսօր քաղհալածյալի պատմուճանով ներկայացնելը ներքին լսարանի առաջ լուծում է բացառապես քարոզչական հարցեր եւ ուրիշ ոչինչ։ Սակայն հայտնի շրջանակների կողմից քաղաքացիական պատերազմի հավանականության բարբառումը, ապա դա արցախյան ճակատում ռազմական գործողությունների վերաճելու եւ ի հետեւանս տարածքների կորստի հետ փոխկապակցումը արդեն իսկ լուրջ է։ Որքան էլ ներհայաստանյան շրջանակներում լուրջ ազդեցություն այդ քարոզը չի ունենալու, սակայն վտանգավոր է հատկապես երրորդ (արտաքին) ուժերի ներգրավման տեսնակյունից։ Այստեղ ակնհայտորեն ակնարկվում է, որ ներհայաստանյան ցնցումները կարող են վտանգել տարածաշրջանի կայունությունը՝ հանգեցնելով Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսմանը։
Հիմա մեկ կաթսայի մեջ փորձ է արվում շաղախել «քաղաքացիական պատերազմ», «հողերի հանձնում», «տեռոր» (առայժմ՝ մտքի), «խունտա» եւ նմանօրինակ այլ ձեւակերպումներ։ Եթե այս ամենը մայիսի սկզբին արվում էր զուտ ակնարկային մակարդակով, ապա ներկայումս դա էլեկտրոնային հարթակներում կրում է սիստեմատիկ բնույթ։
Ն.Հովսեփյան