Նյու Յորքում, ՄԱԿ-ի հայկական մշտական ներկայացուցչության շենքի առջև, օգոստոսի 16-ի երեկոյան կայացավ «Հայկական վերածնունդ» սփյուռքի կազմակերպության նախաձեռնած հավաքը, ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրյա գործունեության: Ողջունելով մասնակիցներին, միջոցառման նախաձեռնող Սասուն Քոսյանն իր խոսքում նշեց, որ այս շենքի առաջ սովորաբար բողոքի ցույցեր են անցկացրել: Այսօր, սակայն, ուրախությամբ պետք է նշել, որ հանդես են գալիս ի պաշտպանություն ՀՀ իշխանության, քանզի Հայաստանում քաղաքական իրողություն է փոխվել, նպատակ, հանուն որի պայքարել են տարիներ ի վեր: Հավաքի մասնակիցներն իրենց ձայնը միացրեցին, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում վարչապետ Փաշինյանին ժողովրդի կողմից տրվող մանդատին, կոռուպցիայի, հակահեղափոխության դեմ պայքարում նրան լիազորելով դիմելու էլ ավելի վճռական քայլերի:
Հավաքին ներկա էր «Սասնա ծռերի» գործով նախկին քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանը, ով շուրջ քառասուն տարի ապրել է Նյու Յորքում: Բանտից ազատվելուց անմիջապես հետո, եկել է Նյու Յորք, իր 84 ամյա մորն այցելության: Նա նշեց, որ լավատես է Փաշինյանի վարչակարգի ապագայի նկատմամբ, սակայն ելնելով Հայաստանում այսօր ստեղծված շատ բարդ իրավիճակից, երբ ժողովրդավարական պայքարի մեթոդները հակահեղափոխական ուժերի կողմից շահարկվում են որպես թուլություն, վարչապետին հարկավոր է ժողովրդի անվերապահ աջակցությունն իր հետագա գործողություններն իրականացնելու համար: Անհետաձգելի պետք է համարվի այսօր՝ Սահմանադրության, Ազգային ժողովի և ՀՀ դատական համակարգի փոփոխությունները, նշեց Եղնուկյանը:
Հավաքում խոսք հնչեց նաև այսօր ապակառուցողական դիրքորոշմամբ իր հեղինակությունն ու վարկանիշը կորցնող, Հայ հեղափոխական դաշնակցության մասին, որի ազդեցությունը սփյուռքում ավանդաբար եղել է ծանրակշիռ և վճռորոշ: «Դաշնակցությունն ինչպես նախկին ռեժիմի օրոք, այնպես էլ հիմա չի կարողանում կողմնորոշվել՝ իրենք ներկայիս իշխանության, թե՞ ընդդիմության կողմ են: Կողմնորոշվե’ք, թեկուզ Քոչարյանի հետ համագործակցելու որոշում ընդունեք, ավելի լավ է հստակ դիրքորոշում ունենալ քան գտնվել մշտական դեգերումների մեջ», իր խոսքում նշեց Սասուն Քոսյանը:
Նշենք, որ «Հայկական վերածնունդ» սփյուռքի կազմակերպությունը Մ. Նահանգներում ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալեց ապրիլյան պատերազմի և «Սասնա ծռերի» դեպքերից հետո: Մասնաճյուղեր ունի եվրոպական մի շարք երկրներում: Համագործակցում է Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարան» շարժման հետ:
Միջոցառման ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից ոչ մեկն ընդառաջ չեկավ հավաքի մասնակիցներին: Նորանշանակ դեսպան Մհեր Մարգարյանը վաղօրոք հայտնել էր այն մասին, թե հավաքն ունի ներքաղաքական օրակարգ և ՄԱԿ-ում ՀՀ գրասենյակը դրան որևէ կերպ արձագանքելու լիազորություն չունի:
Սառա Գասպարյան, Նյու Յորք