ԿՐԿԵՍԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը գնալով ավելի անլուրջ, ավելի զավեշտալի է դառնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ առողջապահության նախարարը որոշել էր Սեւանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին: Ընդ որում` ոչ թե մենակ, այլ Գեղարքունիքի մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ:
Ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 25-ին, ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ եւ անդրադառնալով Սեւանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետեւանքով ջրի կանաչ գույն ստանալուն` հորդորել էր զերծ մնալ նման վայրերում լողալուց: Նախարարությունը նաեւ մանրամասն տեղեկացրել էր, թե այդ վայրերում լողալն ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության վրա, ինչ ախտանշաններ կարող են առաջանալ: Բայց դրանից չորս օր անց նախարարը հատուկ լողում էր Սեւանում ապացուցելու, որ ջուրը մաքուր է եւ որեւէ վտանգ չի ներկայացնում:
Ասել է թե` Թորոսյանը պարզապես որոշել էր իր գործողություններով հերքել իր իսկ ղեկավարած կառույցի հայտարարություն-նախազգուշացումը:
Կմտածեք՝ մի քանի օրվա ընթացքում Սեւանա լճի ջուրը մաքրվել է, եւ վտանգը չեզոքացվել: Պարզվում է՝ ոչ: Բնապահպան Կարինե Դանիելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, երեկ ասել է. «Չորս օրում հնարավոր չէ` ջուրը մաքրվեր, ուղղակի ափեր կան, որտեղ ջրիմուռներ չկան, եւ մաքուր է։ Հավանաբար նախարարը այդ մաքուր ափերից մեկում է լող տվել։ Ափերը մաքրելու համար լուրջ աշխատանք է պետք անել, հավանաբար մինչեւ օգոստոսի կեսերը ջրիմուռները անցնեն ջրի հատակը, այնտեղ քայքայվեն։ Բայց բոլոր դեպքերում դա ցուցանիշ է, որ լճի վիճակը շատ վատ է»։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները հնարավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին: Կառավարությունը հենց այդ կիրակիներից որեւէ մեկն է դիտարկում, որպեսզի արդեն սեպտեմբերի 29-ին` Երեւանի 2800 ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենա: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապետի թեկնածուների մեջ էր: «Ես նման տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ` Երեւանի տոնին կլինի քաղաքապետ»,- ասել է նա: Ստացվում է` կուսակցությունները բավական կարճ ժամանակ ունեն ընտրություններին պատրաստվելու եւ պատշաճ ձեւով ներկայանալու համար: Հիշեցնենք` հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հայտարարեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, որից հետո ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները նոր քաղաքապետ չընտրեցին, անգամ ավագանու նիստը բոյկոտեցին` այդպես իրավական հիմքեր ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վերջերս սառել են, եւ նրանք տեւական ժամանակ է՝ չեն շփվում միմյանց հետ: Սա այն բանից հետո, երբ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով կալանավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Հիմա, չնայած ԲՀԿ-ական պատգամավորները նշում են, որ Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, բայց ԲՀԿ-ն այդ դեպքից հետո էլ շարունակում է կառավարության մաս կազմել: Մասնավոր զրույցներում էլ ԲՀԿ-ականները չեն թաքցնում դժգոհությունները, որ, օրինակ, «Սասնա ծռերի» անդամները, որոնց արարքներին բոլորս ենք ականատես եղել, մեկ պատգամավորի (գերազանցապես հենց ԲՀԿ-ականների) երաշխավորությամբ ազատ են արձակվում, իսկ Բաբայանի դեպքում, ընդհակառակը, 70-ից ավելի պատգամավոր է երաշխավորագրի տակ ստորագրել, բայց խափանման միջոցը չեն փոխում այն դեպքում, երբ նրա արարքի մասին վկայող փաստեր չկան:

 

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկի առաջին տասնյակում գտնվող բոլոր ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակում, առաջին եռամսյակի համեմատ, զգալի ավելացրել են հարկային վճարումները: Առաջին տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը պետական բյուջե վճարել է 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամի հարկ ու տուրք: Իսկ ահա անցած տարվա առաջին կիսամյակում վճարած հարկերը կազմել են 9 մլրդ 751 մլն 468 հազար դրամ: Այս ընկերությանը հաջորդել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը զբաղեցնում է հարկատուների ցանկի 2-րդ հորիզոնականը` վճարելով 20 մլրդ 736 մլն 254 հազար դրամ: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այս տարի մոտ 4.5 մլրդ դրամով նվազեցրել է հարկային վճարումները:

 

 

ԽՈՍՈՒՆ ՎԿԱՆ
Եւ այսպես, արձանագրենք, որ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով կալանավորելու դեմ բողոքի ակցիաներ այդպես էլ չեղան ո՛չ դատարանի մոտ, երբ գրեթե մի ամբողջ օր քննարկվում էր նրա խափանման միջոցի ընտրության հարցը, ո՛չ էլ դատարանի որոշումը հրապարակելուց հետո: Միայն Քոչարյանի փաստաբաններն ու գրասենյակի ղեկավարն ասուլիս արեցին: Սա միանգամայն սպասելի էր` հաշվի առնելով, թե ինչ գործի շրջանակներում է Քոչարյանը կալանավորվել:
Միաժամանակ սպասելի էր կատարվածին քաղաքական դաշտի արձագանքը: Քոչարյանին անվերապահորեն պաշտպանել է միայն ՀՀԿ-ն: Հօգուտ Քոչարյանի հայտարարություն է արել նաեւ Վազգեն Մանուկյանն իր ԱԺՄ-ով: Բայց այդ հայտարարությունում ավելի շատ քննադատություն էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ` իրենց հին սովորության համաձայն:
Քոչարյանի նախագահության օրոք իշխանության մաս կազմած ՀՅԴ-ն, որ այսօր էլ Փաշինյանի կառավարության կազմում է, փորձել է պաշտպանել երկրորդ նախագահին, բայց կիսատ-պռատ` խուսափելով միանշանակ քննադատություն հնչեցնել ներկա իշխանության գործողությունների վերաբերյալ: Հիշեցնենք, ՀՅԴ-ն նախաքննական մարմնի կողմից «սահմանադրական կարգի տապալում» որակված իրադարձություններից հետո կոալիցիայի կազմում էր: Այն ժամանակվա կոալիցիայի մյուս անդամը՝ ԲՀԿ-ն, կուսակցության անունից առանձին հայտարարություն այդպես էլ չի տարածել: ԲՀԿ-ից եղել են տարբեր գործիչների մեկնաբանություններ, բայց այդպես էլ չեն փորձել պաշտպանել երկրորդ նախագահին` փոխարենը խոսելով օրենքի առաջ բոլորի հավասար լինելու մասին: Կոալիցիայի անդամներից ՕԵԿ-ի ծպտունը դուրս չի գալիս: Եթե անկեղծ, ապա ՕԵԿ-ը քաղաքական դաշտում վաղուց կորցրել է դերակատարումը, ու հազիվ թե նրանց խոսքը լսելի լինի:
Բայց ամենաուշագրավը ՀՀ-ում քսան տարի շարունակ իշխանության ղեկին եղած ՀՀԿ-ի պահվածքն էր. նրանք ոչ թե հայտարարություն արեցին, այլ հայտարարությունների շարան` ՀՀԿ ԳՄ-ն իր հերթին, ԱԺ ՀՀԿ խմբակցությունն իր հերթին` չհաշված տարբեր ՀՀԿ-ական գործիչների հարցազրույցները: ՀՀԿ-ականների այս պահվածքը պատահական չէ: Պաշտպանելով Քոչարյանին` նրանք իրականում պաշտպանում են Սերժ Սարգսյանին ու իրենք իրենց: Ի վերջո, մարտի 1-ի գլխավոր պատասխանատուներից մեկն էլ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանն է, որ հետո նախագահի աթոռին հայտնվեց: Ասել է թե` սահմանադրական կարգը տապալվեց նրա համար: Սերժ Սարգսյանի մասին հիշում եք` կալանավորվելուց առաջ տված հարցազրույցում ինչ ակնարկներ արեց Քոչարյանը: Այնպես որ, կատարվածը շատ խոսուն է, եւ սպասվելիք իրադարձությունները` շատ կանխատեսելի:




Լրահոս