Ինչպես հայտնի է, հուլիսի 11-ին կալանավորվել էր Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը: Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ չի բացառվում՝ գործն առաջիկայում ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործով անցնող անձանցից մեկը ուշագրավ ցուցմունք է տվել իրավապահներին:
Եւ այսպես, 2007 թվականի ապրիլի 1-ին Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա. Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է` մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը` Դ. Սիմոնյանին: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա. Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով:
11 տարի անց վրեժ է լուծում
Սակայն թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ կան, որ քնից արթնանում են եւ որոշում վրեժխնդիր լինել: Այսպիսով, 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, եւ քրեական գործը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Դավիթ Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Սարգսյանի բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում 2007թ. ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով: Այս ամենի արդյունքում 11 տարի անց Հայկ Սարգսյանը կալանավորվեց եւ այժմ գտնվում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում: Ի դեպ, նշենք, որ Դավիթ Սիմոնյանը այդքան էլ պատահական մարդ չէ: Նա ընտրությունների ժամանակ բազմիցս աչքի է ընկել ընտրախախտումների ու լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջադեպերով: 2009թ.-ին էլ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների վրա հարձակվելու համար Դավիթ Սիմոնյանը վարչական պատասխանատվության էր ենթարկվել:
Նա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ 2015թ.-ի դեկտեմբերին սահմանադրական հանրաքվեի ընթացքում կատարած ընտրախախտումների առնչությամբ, երբ Կենտրոն վարչական շրջանի տեղամասերից մեկում ՀՀԿ վստահված անձ էր:
Դեպքերը նոր ընթացք են ստանում
Եվ ահա այս ամենից հետո իրավապահները սկսել են իրենց հարցաքննությունների շարքը, մասնավորապես ըստ մեզ հասած լուրերի` հարցաքննության են կանչել գործով տուժող Դավիթ Սիմոնյանին: Եւ ահա առաջին հարցերից մեկն էլ լինում է այն, թե ինչու է նա նախկինում այլ ցուցմունք տվել եւ հիմա այլ ցուցմունք տալիս: Մեզ հասած լուրերի համաձայն` տուժող Սիմոնյանը իրավապահներին հայտնել է, թե միջադեպի մասին նախկինում տված ցուցմունքը գրել է իրավապահների ցուցումով: Ասել է թե` իրավապահներն են իրեն ասել գրի, որ չի կրակել Հայկ Սարգսյանը, այլ ընկեր Ա.Ղեւոնդյանն է կրակել, այն էլ պատահական, ինչի հետեւանքով ինքը մարմնական վնասվածք է ստացել:
Տուժողի կողմից այս ամենը հայտարարելուց հետո իրավապահ համակարգում խառնվել են իրար, մասնավորապես գործը քննող քննիչները նշել են, որ իրենք նման բան չեն արել, այլ Դավիթն է գրել այն, ինչ կա: Այսպիսով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժող կողմը նշել է` նախկինում կատարված դեպքի մասով իրեն իրավապահներն են ուղղորդել գրել այն, ինչ չի եղել, ապա, ըստ էության, ՀՀ քննչական կոմիտեին այլ բան չի մնում, եւ չի բացառվում, որ Կոմիտեն վերոնշյալ գործը ուղարկի ՀՀ գլխավոր դատախազություն եւ հայտնի, որ տուժողը պաշտոնատար անձանց անուն է տալիս, որոնք իբր իրեն ուղղորդել են ցուցմունք տալու հարցում: Ուստի չի բացառվում, որ վերոնշյալ գործն ըստ ընթացակարգի պետք է քննվի Հատուկ քննչական ծառայությունում: Ասել է թե` նախկինում չբացահայտված կամ կասեցված քրեական գործերով կծիկը հասնում է իրավապահներին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՈՄԿՈՒՍԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ Է ԴՐՎԵԼ
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը դատի է տվել Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը: Ու հիմա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության եւ Կոմկուսի դատական կռիվը գնալով թեժանում է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը միջնորդություն է ներկայացրել դատարան` պահանջելով, որ կուսակցության գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դրվի, արդյունքում գործը նախագահող դատավոր Նաիրա Հովսեփյանը բավարարել է միջնորդությունը:
Նշենք, որ վարչությունը հունիսի 6-ին դիմել է դատարան եւ կուսակցությունից պահանջում է գումար բռնագանձել` 10 միլիոն 407 հազար 500 դրամի չափով: Հավանաբար, խոսքը Կոմկուսի Զաքյան փողոցում զբաղեցրած տարածքի վարձակալության գումարի մասին է:
Մինչ այդ հիշեցնենք, որ պետգույքի կառավարման վարչությունը ժամանակին գլխավորում էր Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որ Ն.Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո հրաժարականներ տվեց, սակայն դժվար չէ ենթադրել, որ Կոմկուսի դեմ հայցը կազմվել է դեռ Արման Սահակյանի ղեկավարման օրերին:
ՊԱՎԼԻԿ ՄԱՐՈԶՈՎՅԱՆ
«Սասնա ծռերի» գործով աղմկահարույց բացահայտումները կշարունակվեն, քանի որ գործով հիմնական պարագլուխ Պավլիկ Մանուկյանը ներքին կարգով իր թիմակիցների մոտ ասել է, թե «Դեռ սպասեք, կտեսնեք, թե ինչեր եմ ասելու ու հայտարարելու»:
Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո այս գործով կալանավորված մի շարք անձանց նկատմամբ խափանման միջոցը` կալանավորումը, փոխվեց ստորագրությամբ` երկրից չհեռանալու մասին: Սակայն կատարվածը միանշանակ չի ընդունվել գործով դեռեւս կալանքի տակ գտնվող մյուս մեղադրյալների, մասնավորապես, զինված խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանի կողմից: Արդյունքում, «Սասնա ծռերի» գործով նիստում մեղադրյալ Պավել Մանուկյանը աղմկալի հայտարարություն էր արել` նշելով, որ Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ նրանք ոչ մի կապ չունեն.«Այս դահլիճում են գտնվում պատահական կրակոց արձակած անձինք, որոնց կալանքը դուք փոխել եք: Պատահական կրակոցից ձեռքից վիրավորված անձը հետագայում մահացավ արյան վարակից (նկատի ունի վիրավորված ոստիկաններից մեկին): Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»: Օգոստոսի 1-ին «Սասնա Ծռերի» գործով հերթական նիստն է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը Պավել Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե ինչ է սպասվում նշված օրը եւ, առհասարակ, տեղյակ է, թե ներքին կարգով ինչ է ասել Պավել Մանուկյանը իր թիմակիցներին: Ի պատասխան` պաշտպանն ասաց. «Մոտավորապես այսպիսի միտք է ասել` բոլոր հարցերի պատասխանը կտամ ես, այսինքն որեւէ մեկդ մի՛ խառնվեք, ես եմ ասել, ես էլ այդ հարցերի պատասխանը կտամ: Հիմա կդժվարանամ ասել, թե ինչ կսպասվի, սխալ է որեւէ ենթադրություն անել, սպասեք այս երկու օրը, եւ նա կտա այդ հարցերի պատասխանը»:
ՄՐՑՈՒՅԹ ՀՌԱՀ-ՈՒՄ
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշում է ընդունել ձեւավորել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը որոշել է ձեւավորել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողով:
ՄԱՀԱՑԵԼ Է
Երեւանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը, ով մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 հասցեում գործող ապակիների արտադրամասում առաջացած պայթյունի հետեւանքով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 25-ին պայթուն էր տեղի ունեցել Երեւանում, ինչի հետեւանքով խոշոր փլուզում էր առաջացել:
ԵՐԵԽԱՆ ԱՅՐՎԵԼ Է
Երեկ Երեւանի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվել է խոտի դեզ, եղել է տուժած: Դեպքի վայր է մեկնել նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է, հայտնաբերվել է 6-ամյա Գ. Թ.-ի դին:
ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԵՐ
Ռուսաստանյան Սոչի քաղաքի Ադլերի շրջանում հրդեհի հետեւանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում ՀՀ քաղաքացի: Ադլերի Պրոսվեշչենիա փողոցի տանը բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 8, տուժել` 11 մարդ, նախնական տվյալներով` զոհերի մեջ կա ՀՀ քաղաքացի: Զոհվածներից մեկը` ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է (ծնված 1950թ.): Ավելի ուշ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` զոհերի մեծ մասը տանտիրոջը հյուր են եղել` ՀՀ-ից ժամանած: Հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն:
ՀԻՎԱՆԴՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Սրտաբան Մարինա Օրդյանի փոխանցմամբ` շոգի պատճառով էականորեն ավելացել է սրտանոթային համակարգին առնչվող բողոքներով դիմող հիվանդների քանակը: Նա հավելել է, որ մարդկանց մոտ առաջանում է ճնշման անկում, իսկ տարեց մարդկանց մոտ դա կարող է բերել իշեմիկ ինսուլտի եւ մնացած այլ բարդությունների: Ի դեպ, այս շոգ օրերին մեր շտապօգնության կանչերն են շատ ավելացել, եւ հազիվ են հասցնում կանչերին: Սրտաբանը նշել է, որ սրտանոթային հիվանդներին խստիվ հակացուցված է ցերեկային ժամերին` ժամը 12:00-17:00-ի սահմաններում, գտնվել արեւի ուղիղ ճառագայթների տակ, իսկ եթե նման անհրաժեշտություն կա, ապա հորդորվում է կրել գլխարկ, գլխաշոր կամ անձրեւանոց: