ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: Ըստ այդ ցանկի` առաջին տասնյակում գտնվող բոլոր ընկերությունները այս տարվա առաջին կիսամյակում առաջին եռամսյակի համեմատ զգալի ավելացրել են հարկային վճարումները: Շատերը այս մի քանի ամիսների հարկային վճարումների ավելացումը կապում են թավշյա հեղափոխության հետ:

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե վճարել է 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամի հարկ ու տուրք: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե վճարել է 4 մլրդ 103 մլն 51 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ ահա անցած տարվա առաջին կիսամյակում վճարած հարկերը կազմել են 9 մլրդ 751 մլն 468 հազար դրամ: Ինչպես վկայում են ՊԵԿ տվյալները, 2017 թվականի նույն ժամանակահատվածի եւ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ կոմբինատի հարկային վճարումները բազմապատկվել են: Որպես պատճառ մանագետները նշում են համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնաճը: Իսկ ինչպես հայտնի է, ԶՊՄԿ-ն խոշոր արտահանողներից է: Արդյունքում պղնձի միջազգային գնաճով պայմանավորված` ընկերության հարկերն ավելացել են: Այս ընկերությանը հաջորդել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը զբաղեցնում է հարկատուների ցանկի 2-րդ հորիզոնականը` վճարելով 20 մլրդ 736 մլն 254 հազար դրամ: Բայց այս տարվա առաջին կիսամյակում մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքը եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մոտ 4.5 մլրդ դրամով նվազեցրել հարկային վճարումները: Ընկերության հարկային վճարումների նվազման պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, ձմռան տաք ամիսներն են, երբ մարդիկ գազ շատ քիչ են սպառել: Բայց մյուս կողմից` թավշյա հեղափոխությունից հետո ինչպես պղնձամոլիբդենային կոմբինատը, այնպես էլ «Գազպրոմ Արմենիա»-ն, ավելացրել են հարկային վճարումները: Նույնն է նաեւ «Գրանդ տոբակո» ընկերության դեպքում. ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող այս ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է մոտ 16.7 մլրդ դրամ հարկ ու տուրք: Որպեսզի հասկանալի լինի, նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե կատարել է 8 մլրդ 70 մլն դրամի հարկային վճարումներ: Ստացվում է, որ թավշյա հեղափոխությունից հետո ընկերությունը 8 մլրդ 628 մլն դրամով ավելացրել է հարկերը:
Հանքարդյունաբերության ոլորտի մյուս խոշոր ընկերությունը` «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, պետական բյուջե վճարել է 8 մլրդ 871 մլն 429 հազար դրամ եւ զբաղեցրել ցանկի 4-րդ տեղը: Մինչդեռ այս ընկերությունը հունվար-մարտ ամիսներին գրավել է ցանկի 8-րդ տեղը` վճարելով 2 մլրդ 494 մլն դրամ հարկ ու տուրք: Իսկ ահա անցած տարվա առաջին կիսամյակում այս ընկերությունը զբաղեցրել է 8-րդ տեղը ավելի քան 8.1 մլրդ դրամ հարկով:
Բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունը առաջին կիսամյակում եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի եւ առաջին եռամսյակի համեմատ զգալի ավելացրել է հարկային վճարումները: Եթե հունվար-մարտին պետական բյուջե վճարել է 3 մլրդ 813 մլն դրամ, հունվար-հունիսին` 8 մլրդ 166 մլն դրամ, իսկ ահա անցած տարվա առաջին կիսամյակում` 6 մլրդ 187 մլն դրամ հարկ ու տուրք: Ծխախոտի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը եւս հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցուցակում` զբաղեցնելով 6-րդ տեղը: Այս ընկերությունը 2018-ի առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 8 մլրդ 155 մլն 871 հազար դրամ հարկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 5 մլրդ 126 մլն դրամ: Բայց այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում տեղ չի գտել:
ՊԵԿ-ի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցուցակի 7-րդ տեղում «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն է` վճարած 7 մլրդ 678 մլն դրամ հարկով. առաջին եռամսյակի համեմատ` առաջին կիսամյակում ավելացրել է հարկային վճարումները 4 մլրդ 328 մլն դրամով: Բայց նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ` ավելի քան 3.5 մլրդ դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
«Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը, որը զբաղվում է ծխախոտի ներկրմամբ եւ վաճառքով, այս տարվա առաջին կիսամյակում հայտնվել է ցուցակի 8-րդ տեղը եւ պետական բյուջե վճարել 7 մլրդ 84 մլն դրամ հարկ: Իսկ ահա 2018 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը, գտնվելով ցանկի 43-րդ տեղում, վճարել է 659 մլն 129 հազար դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը եթե այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 2 մլրդ 598 մլն դրամ հարկ ու տուրք` զբաղեցնելով ցանկի 6-րդ տեղը, ապա առաջին կիսամյակում հարկային վճարումները կազմել են 6 մլրդ 518 մլն 982 հազար դրամ, իսկ ընկերությունը հայտնվել է 9-րդ տեղում: Հազար խոշոր հարկատուների ցանկի 10-րդ տեղում հայտնվել է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը վճարած 5 մլրդ 839 մլն 461 հազար դրամ հարկով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆԱՄԱԿ ԲԱՆՏԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում հրապարակել էր օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանի նամակի մի մասը` «Նուրաբաշեն» քրեակատարողական հիմնարկից: Ներկայացնում ենք նամակի շարունակությունը:

«Արդյունքը եղավ այն, որ Ա. Սուքիասյանի նկատմամբ առանց բավարար փաստական տվյալների միջազգային հետախուզում է հայտարարվում, որի պատճառով խնամիների համատեղ ջանքերով վերջինս կորցնում է համատեղ բիզնեսում գումար ներդնելու համար 3 մլն ԱՄՆ դոլար վարկի դիմաց գրավադրված 10 մլն ԱՄՆ դոլարի գույքը:
Շատ լավ հասկանալով, որ Սուքիասյանի նկատմամբ գործ սարքելու եւ ունեզրկելու համար անհրաժեշտ էր սկանդալ սարքել Կիպրոսում բացված նրա ընկերության վերաբերյալ` այն ներկայացնելով որպես օֆշորային` սկսվեցին նման հրապարակումներ:
Բոլորին բնականաբար հետաքրքրել է, թե ինչու ամբողջ գործունեությունը չի կատարվել ՀՀ-ում, որտեղ հատկապես ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտում գրեթե հարկեր չկան:
Սուքիասյանի ստեղծած կազմակերպությունը աշխատել է Կիպրոսի ոչ թե օֆշորային գոտում, այլ հանդիսացել է որպես 10 տոկոս հարկեր վճարող կազմակերպություն: Այդ կազմակերպությունը բացվել է «Ամերիաբանկի» կողմից 2010թ. հունիսի 25-ին 10 տարի ժամկետով վարկ տրամադրելուց հետո մեկ ամսվա ընթացքում, քանի որ բանկը պատճառաբանել է, որ Աֆրիկայի Սերա Լիոնե չեն կարող փոխանցումներ կատարել` որպես ռիսկային գոտում գտնվող երկիր: Ընկերությունը բացվել է հատկապես Կիպրոսում, որովհետեւ գործել են անգլիական օրենքներ, Կիպրոսը շատ ավելի մոտ էր Հայաստանին, եւ օդային ճանապարհով 1 ժամից քիչ ավելի է թռիչքաժամանակը:
Կիպրոսում ընկերություն բացելու պատճառներից մյուսն էլ այն էր, որ պատրաստվել են Լիզինգով տեխնիկա, սարքավորումներ գնել արտասահմանյան երկրներից, որի տեղաբաշխման համար հարկավոր էր միայն ծովային ճանապարհ:
Բացի այդ, համագործակցության պայմանագիր է կնքվել գործընկեր Սերգեյ Տրիկազյուկի հետ, որի ընկերությունը վաղուց գրանցված էր Կիպրոսում եւ պետք է զբաղվեր քանդող եւ փորող ծանր տեխնիկայի ներմուծմամբ, դրա հետ կապված հետագա գործողություններով: Վերջինս զբաղվել է այդ հարցերով, սակայն բանկի կողմից անհրաժեշտ գումարները մեկ կամ երկու մասնաբաժնով փոխանցելու փոխարեն այն մեկ տարի շարունակ 10 մասնաբաժիններով, ուշացումներով փոխանցելը, խոստացված 1,3 մլն ԱՄՆ դոլարը չփոխանցելն էլ պատճառ է դարձել լիզինգային ծրագիրը չիրագործելու, 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից Կիպրոս 14 մասնաբաժիններով փոխանցված 3.333.000 ԱՄՆ դոլարը կրկին նույն մասնաբաժիններով ետ փոխանցելու, 15 տոկոսանոց վարկի վճարումները կատարելու նպատակով Հայաստանում շրջանառության մեջ դնելու համար, որի համար Սուքիասյանը դատապարտվել է նաեւ փողերի լվացման համար:
Դա այն դեպքում, երբ բանկը հսկել է բոլոր փոխանցումները եւ ժամանակ առ ժամանակ մոնիտորինգային ստուգումներ անելով` տրամադրել է վարկի հաջորդ մասնաբաժինը, իսկ բանկին ստուգել է Կենտրոնական բանկը եւ համաշխարհային KPMG աուդիտը:
Եղել ենք 4 փայատերեր, համագործակցության համար բացվել է Կիպրոսյան ABS-GLOBAL ընկերությունը հետեւյալ մասնաբաժիններով`
Աշոտ Սուքիասյան` 66 տոկոս մասնաբաժին
Սերգեյ Տրիկազյուկ` 14 տոկոս մասնաբաժին
Ալեքսանդր Վալչուկովսկի` 10 տոկոս մասնաբաժին
Ռուբեն Մկրտչյան` 10 տոկոս մասնաբաժին:
Ռուբեն Մկրտչյանը հանդիսացել է Փայլակ Հայրապետյանի բարեկամը եւ համագյուղացին, որը հետագայում պարզվեց կեղծ անձնագրով դեռ 2008 թվականից Ինտերպոլի կողմից հետախուզվել է եւ կեղծ անձնագրով ապրել է Աֆրիկայում: Հենց նրա հետ է Փայլակ Հայրապետյանը ծրագրել Աշոտ Սուքիասյանի անունով եւ Հայրապետյանի գույքերով հայաստանյան բանկերից գումար ստանալուց հետո խլել բիզնեսը, վերացնել Աշոտ Սուքիասյանին կամ կազմակերպել երկարատեւ ձերբակալությունը, որի մասին Ռուբեն Մկրտչյանի գրած նամակն առկա է քրեական գործում: Այդ նամակը թե՛ նախաքննական մարմինը, թե՛ ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չեն առել, դրա համար էլ ինքնաբացարկ է հայտնվել դատավոր Վարդան Գրիգորյանին:
Փայլակ Հայրապետյանը, գաղտնի մեկնելով Աֆրիկա, Մկրտչյանի հետ ծրագրել են Սուքիասյանի ձերբակալությունը` շինծու մեղադրանքներ ներկայացնելով: Աֆրիկայում շուրջ 5 ամիս տեղի ունեցած դատավարության ժամանակ պարզվել է, որ Փայլակի համագյուղացի Մկրտչյանը կեղծել էր Աֆրիկայի ընկերության ինձ պատկանող փաստաթղթերը, ինչի համար վերջինին ձերբակալեցին, Սիերա Լիոնեյում գերագույն դատարանը մեղավոր ճանաչեց Ռուբեն Մկրտչյանին Փայլակի հետ խարդախություն կատարելու համար, իսկ Փայլակը կարողացավ փախնել Հայաստան: Փայլակը, ժամերի ընթացքում Հայաստան փախնելով, իր խնամիների միջոցով քաղաքականացնելով իրենց միջեւ ծագած խնդիրները, արդյունքում Աշոտ Սուքիասյանն արդեն 4 տարի 7 ամիս գտնվում է բանտում»:




Լրահոս