«ԻՆՁ ՄՈՏ ՀԻՄԱ ԿԱՐՈՏԻ ՃԳՆԱԺԱՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է մի շարք հեռուստասերիալներից եւ հումորային ծրագրերից հայտնի դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանը: Նա խոսել է իր կյանքի ճգնաժամային փուլերի, կյանքից ունեցած ակնկալիքների մասին: Դերասանուհին նշել է, որ գրեթե ոչ ոքից չի նեղանում, պարզապես հիասթափվում է եւ համապատասխան կարծիք կազմում:

-Տիկի՛ն Մարգարիտ, երբ փոքր էիք, Ձեզ թվում էր, որ…
-Արեւից եմ լույս աշխարհ եկել (ծիծաղում է):
-Ձեր մանկության գույնը:
-Հենց արեւագույնը: Ի դեպ, շատ վառ մանկություն եմ ունեցել:
-Ձեզ համար միշտ դժվար է եղել ապացուցել, որ…
-Ապացուցելու գրեթե ոչինչ չեմ ունեցել: Չեմ սիրում մրցակցել, համեմատվել, ինչ-որ մեկի ինչ-որ բան ցույց տալ:
-Կուռք ունե՞ք:
-Ո՛չ, երբեք չեմ ունեցել: Ունեցել եմ մարդիկ, որոնք ինձ ոգեշնչել են, խթանել են, որ ինչ-ինչ բաների հասնեմ:
-Ձեզ սովորաբար չեն ներում այն բանի համար, որ…
-Իրենց ժամանակ քիչ եմ տրամադրում: Մտերիմներս, որոնք իմ կարիքն ունեն, ես էլ իրենց, հաճախ են դժգոհում, բայց ինչ արած:
-Ձեզ հետ գնումներ կատարելը…
-Շատ հեշտ է, քանի որ հստակ գիտեմ՝ ինչ եմ ուզում, որտեղից եւ երբ:
-Դժվարությամբ եք հասկանում այն մարդկանց, որոնք…
-Ստախոս են: Միանգամից գլխի եմ ընկնում, որ դիմացինս ստում է:
-Ձեր կյանքի ճգնաժամային փուլը:
-Կառանձնացնեմ 1990-ականները, որոնք դժվար տարիներ էին բոլորիս համար: Բայց հիմա եւս ինձ մոտ ճգնաժամային փուլ է, կարոտի ճգնաժամ է. որդուս եւ նրա ընտանիքի հեռու լինելը ծանր եմ տանում:
-Երբ թվում է, թե ամեն ինչ անհետ կորած է…
-Ես գիտեմ, որ ոչինչ անհետ չի կորչում: Օրինակ՝ մի շարք հարազատ մարդիկ հիմա այլեւս ինձ հետ չեն, բայց ես չեմ համարում, թե կորցրել եմ նրանց: Գիտեմ, որ հայրս, տատիկս միշտ ինձ հետ են, հետեւում են ինձ, օգնում են…
-Եթե հանգստանալ, ապա…
-Երբեմն պասիվ ձեւով, երբեմն ակտիվ՝ նայած ինչ տրամադրություն ունես, ում հետ ես: Բայց ամենակարեւորն այն է, որ գտնվեմ մի միջավայրում, որտեղ ինձ լիարժեք կզգամ, որտեղ խանգարողներ եւ ավելորդ հարցեր տվողներ չեն լինի, ես էլ ձգված չեմ լինի:
-Ասույթ, որը Ձեզ տպավորել է:
-Պարտականությունն առանց սիրո մարդուն դարձնում է դյուրագրգիռ: Պատասխանատվությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհարգալից: Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք: Այս շարքը կարելի է երկար թվել: Բոլորը պետք է հիշեն, որ առանց սիրո ամեն բան իմաստազրկվում է:
-Գրական ամենահոգեհարազատ կերպարը:
-Վերջերս տպավորվել եմ Կարինե Խոդիկյանի «Հրավիրված եք ծնունդի՞» պիեսով, մասնավորապես տիկին Անահիտի կերպարով: Այն հոգեբանական լուրջ պրպտումների առիթ տվեց ինձ:
-Վախենում եք, որ…
-Ոչ մի բանից չեմ վախենում, երեւի միայն Աստծուց:
-Ափսոսում եք, որ…
-Թոռներս փոքրիկ են, իսկ ես նրանց կողքին չեմ, այդ անուշիկ տարիքը չեմ վայելում:
-Սիրո հարցում հաջողա՞կ եք, թե՞ տանուլ տվող:
-Տանուլ չեմ տվել: Ես հեռանում եմ եւ կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է: Ուշ եմ գալիս այդ որոշման, երբ պահը կուլմինացիոն է լինում:
-Ձեր տրամադրության անկումն ու բարձրացումը հիմնականում կախված է…
-Կարող է կախված լինել նույնիսկ մի անշնորհք ժեստից ու բառից: Բայց ես չեմ նեղանում, պարզապես հիասթափվում եմ եւ կարծիք եմ կազմում՝ հնարավորինս զերծ մնալով տհաճ մարդկանցից:
-Չեք հիշում, թե վերջին անգամ երբ եք…
-Ճամփորդել: Թեպետ հիշում եմ՝ երեք-չորս տարի առաջ էր, բայց վաղուց կրկնելու ժամանակն է:
-Ինքնախարազանվո՞ղ, թե՞ արդարացումներ փնտրող տեսակ եք:
-Սարսափելի ինքնախարազանվող եմ: Իմ առաջին քննադատը ես եմ, հետո` մայրս:
-Ի՞նչ եք ուզում կյանքից:
-Արդարություն եւ խաղաղություն: Ուզում եմ, որ սահմանին կանգնած ամեն զինվոր անվնաս վերադառնա տուն:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

«ԵԹԵ ՈՉԻՆՉ ՉՓՈԽՎԻ, ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԷԼ ԿՓՈԽԵՆՔ»
«Ես հույս ունեմ, որ ամեն բան լավ է լինելու, եւ մենք դառնալու ենք ամենալավ երկիրը։ Շատ ուրախ եմ, որ ամբողջ ազգս ժպտում է. դա բացառիկ բան է մեզ համար։ Ինձ համար կարեւորն այն է, որ արդարություն իշխի, ամեն մեկն իր արածի համար ըստ արժանվույն պատժվի, Հայաստանում օրենք հաստատվի։ Այդ դեպքում ամեն բան կընկնի իր տեղը։ Կարծում եմ՝ այդ ճանապարհին ենք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը։
Նրա խոսքով՝ հիմա արդեն ժողովուրդը գիտի՝ ինչպես երկրում իրավիճակ փոխի, դա սովորեցրեց Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ կաներ մեկ ուրիշը՝ էական չէ. «Մարդիկ երգել-պարելով, իրար սիրելով հեղափոխություն արեցին։ Ժողովուրդը գիտի ճանապարհը, եւ դրա դեմն առնելն անհնար է։ Կապրենք՝ կտեսնենք. եթե ոչինչ չփոխվի, Նիկոլ Փաշինյանին էլ կփոխենք, իսկ եթե հույսերն արդարանան, կդնենք մեր գլխին, ման կտանք։ Բայց ես լավատես եմ, կանխազգացել եմ, որ Հայաստանում ամեն բան լավ է լինելու, մեր երկիրը ոսկե դար է ապրելու»,- մեկնաբանեց դերասանը։
Մենք հարցրինք՝ Նարեկն ունի արդյոք քաղաքապետի նախընտրելի թեկնածու. «Ո՛չ, չունեմ, որովհետեւ նույնիսկ չգիտեմ, թե ովքեր են առաջադրվել։ Ամեն դեպքում, նա պետք է լինի Երեւանի մասին անհանգստացող մեկը։ Գիտե՞ք, երբ վարչապետը քո սրտով է, արդեն միեւնույն է՝ ով կլինի, ասենք, քաղաքապետը։ Կարեւորն այն է, որ երկրի գլուխը լավն է, նրան շրջապատողներն էլ եթե իրենց չարդարացնեն, կփոխվեն»,-պատասխանեց Նարեկը։
Զրույցի ավարտին նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք Նարեկի աստղային ընտանիքը (նրա կինը դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է-հեղ.) առաջիկայում մեկնելու է հանգստի. «Այո՛, Վրաստան ենք գնալու, ծովափնյա հանգստի սիրահար ենք, ջուր ենք սիրում։ Նախընտրում ենք ե՛ւ պասիվ, ե՛ւ ակտիվ հանգիստ. իրավիճակից եւ տրամադրությունից է կախված։ Ի դեպ, անպայման հանգստի մեկնում ենք երեխաների հետ։ Առանց նրանց ի՞նչ հանգիստ»,-եզրափակեց դերասանը։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս