Լուսանկարն արվել է մայրաքաղաքում
Հավանաբար այս մեքենայի վարորդի մոտ «թավշյա հեղափոխությունից» հետո գաղափարական փոփոխություններ են տեղի ունեցել:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ կարգով է հաշվարկվում գնաճը: Այսինքն` ինչպե՞ս է տեղի ունենում գնաճի ցուցանիշի հաշվարկման պրոցեսը:
Մհեր Կարապետյան (29 տարեկան, ուսանող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը: Սպառողական շուկայի համար գների ինդեքս (ՍԳԻ) Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկում է ամսական պարբերականությամբ` դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները Հայաստանի Հանրապետության 10 մարզերում եւ Երեւանում: 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ սպառողական շուկայում գնաճ երեւույթը չափելիս կիրառվում են մի քանի տեսակի ցուցանիշներ: Դրանք կարող են տարբերվել ժամկետայնությամբ` ամսական, եռամսյակային, տարեկան: Իրենց հերթին այս ցուցանիշները կարող են լինել միջին կամ ժամանակահատվածի վերջի դրությամբ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` եթե աշխատակիցը երեք ամսից ավել գտնվել է անաշխատունակության (հիվանդության) մեջ, ապա այդ դեպքում ի՞նչ կարգով է տրվում աշխատողի նպաստ ստանալու իրավունքը:
Ալիս Հայրապետյան (32 տարեկան, ավագ օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Տեւական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռեւս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչեւ 3 ամիս ժամկետով կամ մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդին եւ ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակահատվածի համար` ընդհանուր հիմունքներով: