ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՈՐ ԲԱՆ ՉԻ ԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այս հայտարարության եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:

-Պարո՛ն Մանոյան, վարչապետի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, այս պահին ճի՞շտ քայլ էր:
-1991 թ. ի վեր Հայաստանի իշխանությունները դա են ասել, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանի հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ: Հիմա վարչապետը նոր բան չի ասել:
-Թուրքիայի ԶԼՄ-ներն այս հայտարարությունը որակել են որպես կարեւոր, անգամ պատմական:
-Մի թերթ է գրել, մնացածը մանր-մունր կայքեր են: Բայց ո՛չ պաշտոնական արձագանք կա, ո՛չ հեռուստատեսությունն է անդրադարձել դրան:
-Եվ սա ինչո՞վ եք բացատրում:
-Նոր չէ, որ Հայաստանի արարքներն ու ասածները Թուրքիայում անտեսվում են, որովհետեւ Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար այսօր առաջնային խնդիր չեն: Եվ հիմա մենք մեզ չխաբենք, որ այս հայտարարությունը մեծ արձագանք է գտել:
-ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալը բացատրում էր հայ-թուրքական արձանագրությունների խնդրով: Հիմա կարիք կա՞ նոր արձանագրությունների:
-Ոչ, այս բոլորից հետո Հայաստանի կողմից 3 պարբերությամբ նախագիծ պետք է սեղանի վրա դրվի, որտեղ ասվում է` 2 պետությունները որոշել են դիվանագիտական հարաբերություն հաստատել, իրենց ցամաքային ճանապարհները բացել, տնտեսական հարաբերություններ զարգացնել եւ վերջինը` 2 պետությունները որոշել են իրենց միջեւ առկա բոլոր խնդիրները կարգավորել խաղաղորեն, միջազգային իրավունքի եւ պրակտիկայի համաձայն: Եթե մի օր Թուրքիայում կլինի իշխանություն, որն իսկապես առանց նախապայմանների պատրաստ կլինի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ ցամաքային շրջափակումը հանել, այդ ժամանակ էլ կստորագրենք: Այլապես դրա վրա ժամանակ վատնելու կարիք չկա: Մենք ոչ թե Թուրքիայի հետ հարաբերություններին դեմ ենք, մենք դուրս եկանք կոալիցիայից, որովհետեւ ապրիլի 22-23-ին համատեղ ճանապարհային քարտեզ հրապարակվեց, որից մենք` որպես կոալիցիայի անդամ, տեղյակ չէինք: Եվ ընդհանրապես, մենք արձանագրություններին դեմ էինք, որովհետեւ դրանք բավարարում էին Թուրքիայի 3 նախապայմաններից առնվազն երկուսին: Մենք պահանջում ենք, որ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի, որովհետեւ այս պահվածքը, որ կա, մերժում է հարաբերություններ հաստատել հարեւանի հետ եւ ցամաքային ճանապարհը բացել, փաստորեն, դիվանագիտական տեսանկյունից պատերազմական կեցվածք է: Մենք պահանջում ենք, որ Թուրքիան իր թշնամական կեցվածքը փոխի եւ փորձի առնվազն նորմալացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները: Մենք դրա դիմաց տալու ոչինչ չունենք:
-Նախորդ իշխանության` այս հարցում հիմնական սխալը հենց հայ-թուրքական արձանագրություննե՞րն էին:
-Հիմնական խնդիրը դա էր: Ստորագրությունները հանվեցին, բայց Թուրքիան որոշ չափով այդ արձանագրություններից օգտվեց: Ճիշտ է, Թուրքիայի սխալների պատճառով ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ` 2015- 2017 թթ. ինչ-որ իմաստով ՀՀ-ն էլ կարողացավ օգտագործել այն փաստը, որ Թուրքիան արձանագրությունները չէր վավերացնում:
-Վարչապետն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան կապում է ԼՂ հակամարտության հետ: Ի՞նչ եք կարծում, ներկայիս իշխանությունը կկարողանա՞ երկու երկրների հարաբերություններում առաջընթաց գրանցել առանց արցախյան խնդիրը մեջտեղ բերելու:
-Ոչ, որովհետեւ դա ոչ թե ՀՀ իշխանությունների կեցվածքի պատճառով էր, այլ Թուրքիայի կեցվածքն է եղել: Հիմա մեզ մոտ իշխանությունը փոխվել է, բայց Թուրքիան իր կեցվածքը չի փոխում: Եվ դա պայմանավորում է այլ շահերով, ոչ թե նրանով, թե Հայաստանում ով է իշխանության: Այն օրը, երբ Թուրքիան նման հարց չդնի, արդեն կարելի կլինի հարաբերություններ հաստատել:
-Դա, ըստ Ձեզ, ե՞րբ կլինի:
-Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ նոր տեղի ունեցան, եւ արդեն ճշտում են, թե Հայաստանի հետ ինչպիսի հարաբերություններ կարող են ունենալ: Կարծում եմ` Թուրքիայում տակավին կշարունակվի ավելի ազգայնական, ազգայնամոլ արմատականացման գնալը, եւ դա նաեւ պատճառներից մեկն է, որ Թուրքիայի իշխանությունների համար ՀՀ հետ հարաբերություններն առաջնային խնդիր չեն առնվազն առաջիկա 1, 2 տարիներին:
-Հնարավո՞ր է` ՀՅԴ-ն դեմ գնա վարչապետի հայտարարությանը եւ հայտնի այդ մասին:
-Ոչ: Այնպես չէ, որ Փաշինյանն ասում է` վաղն ինչ-որ գործընթաց է սկսելու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար: Կեցվածք են ցանկացել իմանալ, ինքն էլ հայտնել է:
-Իսկ պատրաստվո՞ւմ եք այս հարցով վարչապետի հետ խոսել:
-Չեմ կարծում, որ վարչապետը չգիտի մեր տեսակետը: Ենթադրում եմ, որ նաեւ այդ տեսակետները հաշվի առնելով է, որ ինքն ի վերջո եզրակացրել է:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱԿ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամներն արդեն ստացել են ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի առաջարկները: Այդ խմբի վերջին նիստի ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչները որոշում էին կայացրել ամփոփել իրենց առաջարկությունները եւ այն ներկայացնել վարչապետին առընթեր խմբին:

Նշենք, որ վերջին նիստի ժամանակ քննարկվել էին նաեւ արտախորհրդարանական ուժերի առաջարկները, եւ նրանց եւ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկներից մեկը վերաբերում էր խորհրդարանում կանանց պատշաճ ներկայացվածության ապահովմանը:
Աշխատանքային խումբը փոքր-ինչ փոփոխված ձեւով ընդունել էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջարկը, որով առաջարկվում է իջեցնել ԱԺ ընտրագրավի չափը: Գործող օրենսդրությամբ այն 10 մլն դրամ է: Քննարկման արդյունքում ընդունելի է համարվել ՀՀ ԱԺ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի առաջարկը՝ իջեցնել ընտրագրավը 7,5 մլն դրամի:
Այս առումով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանից պարզել, թե որքանով են ԱԺ-ի կողմից ներկայացված առաջարկները նրանց համար ընդունելի եւ ինչ է սպասվում: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե կան առաջարկներ, որոնց շուրջ առկա է դրական մոտեցում, առաջարկներ կան, որոնց շուրջ բացասական մոտեցում է, եւ կան առաջարկներ, որոնց շուրջ առհասարակ մոտեցում առկա չէ: Անդրադառնալով առաջարկներին` Իոաննիսյանն ընդգծեց, թե միանշանակ ընդունելի են համարում կանանց ներգրավվածության բարձրացման դրույթը, իսկ ահա ընտրագրավի նվազման մասին դիրքորոշում չունեն, սակայն ընդգծեց, թե դա պահանջված մոտեցում է:
Ամենակարեւորը, սակայն, հետեւյալ հարցն է՝ ի վերջո ինչ ընտրական համակարգով են լինելու առաջիկա ընտրությունները, Իոաննիսյանը նշեց. «Դրա շուրջ որոշում մենք արդեն ունենք, դա հարյուր տոկոս սովորական համամասնական ընտրակարգն է, որը ստացել է փակ անվանումը: Եվ մենք ասել ենք, որ եթե ստանանք հիմքեր, փաստարկներ այլ կերպ ընտրությունների գնալու, պատրաստ ենք քննարկել, սակայն ստացել ենք առաջարկ առանց հիմնավորումների»:
Հավելենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետն էլ ավելի է հստակեցվել, եւ այն տեղի կունենա 2019 թվականի գարնանը` ապրիլ-մայիս ամիսներին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԵՐԿԱՐ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Ինչպես հայտնի է, հուլիսի 26-27-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում, որտեղ մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Նկատենք, որ նիստն անցկացվեց երկու ֆորմատով` նեղ եւ լայն, ընդ որում` նեղ կազմով նիստը, որին մասնակցում էին միայն անդամ երկրների վարչապետերն ու փոխվարչապետերը, նախատեսված ժամանակից բավական երկար տեւեց: Իսկ ահա լայն ֆորմատով քննարկման ժամանակ հայտարարվեց մի շարք պայմանավորվածությունների մասին, որոնց մեջ մտնում էր նաեւ գազի ընդհանուր շուկա ստեղծելու գաղափարը: Եվ հետաքրքիրն այն է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չթաքցրեց, որ նեղ ֆորմատով քննարկման ժամանակ երկրների ներկայացուցիչների միջեւ նաեւ անհամաձայնություններ են եղել: Թե կոնկրետ ի՞նչ թեմայով են եղել անհամաձայնությունները եւ ո՞ւմ մեջ, ՌԴ վարչապետը չէր մանրամասնել:

 

 

ՄԵՐԿԵԼԸ ԿԳԱ
Արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություններ են տարածվում, թե առաջիկայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստան է այցելելու: Սակայն այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը չցանկացավ խոսել այդ մասին` ասելով, թե ո՛չ հայկական, ո՛չ գերմանական կողմից հաստատումներ չեն եղել: «Ժողովուրդ» օրաթերթին այս առումով մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Մերկելն այցելելու է ոչ միայն Հայաստան, այլ նաեւ Վրաստան եւ Ադրբեջան: Հետաքրքիր է, որ Վրաստան այցն արդեն հաստատվել է եւ ժամկետ է նշվում օգոստոսի կեսը: Ասել է թե` այդ օրերին նա տարածաշրջանային այց կկատարի, ընդ որում՝ երեք երկրներ էլ այցը պաշտոնական է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչ տարեվերջ նախատեսվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի այց արդեն Գերմանիա: Մեր զրուցակիցը նաեւ հետաքրքիր հանգամանք ընդգծեց. նախնական պայմանավորվածութան համաձայն` Մերկելը Ադրբեջանում չի գիշերի, փոխարենը պատրաստվում է գիշերել Հայաստանում եւ Վրաստանում:

 

 

ԱՂՑԱՆԻ ԱՓՍԵՆԵՐՈՎ
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը չի դադարում պետական միջոցները ծախսել անկարեւոր գնումների համար: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն սուրճի 6 հատանոց տուփով բաժակի համար ծախսել է 49 հազար 300 դրամ, թեյի բաժակների համար`53 հազար 550 դրամ: Իսկ ահա աղցանի 2 հատ ափսեն գնվել է 11 հազար 900 դրամով, բլյուդի օվալաձեւ մեկ հատ ափսեն`20 հզար 400 դրամով, երկրորդը`13 հազար 600-ով: Բացի այս, ԴԱՀԿ-ն 6 հատ ափսեների համար ծախսել է 45 հազար 50 դրամ: Նաեւ գնվել են երկու տուփ բաժակներ, որոնց համար ծախսվել է ընդհանուր 13 հազար 650 դրամ: Եւ ԴԱՀԿ-ի գնած սպասքը պետական բյուջեի վրա նստել է ավելի քան 207 հազար դրամ:




Լրահոս