ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է երթուղային տաքսու մեջ

Մայրաքաղաքի գրեթե բոլոր երթուղայիններում հանդիպում են նման գրությամբ պաստառներ. թմրամոլներին եւ հարբեցողներին անվճար օգնություն են տրամադրում: Բարեխիղճ աշխատելու դեպքում հուսանք` նախաձեռնողներն արդյունքի կհասնեն:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել:

Գայանե Պողոսյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը`
լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական), անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին, արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր, միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս կարելի է կարդալ Աստվածաշունչը, որ ավելի հասկանալի լինի: Այն սովորական գիրք չէ, որը կարելի է կարդալ եւ հեշտությամբ ընկալել: Ինչպե՞ս ընկալելի դարձնել այն:

Լիլիթ Հունանյան (26 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք հաճախ ենք պատճառներ փնտրում, երբ չենք կարողանում կարդալ Աստվածաշունչը կամ այլ հոգեւոր գրքեր` այդպես էլ չընթերցելով դրանք մինչեւ խոր ծերություն: Պատճառը հիմնականում սխալ պատկերացումն է եւ ծուլությունը: Այսօր Աստվածաշունչը հասանելի է բոլորին: Եթե դարեր առաջ մարդիկ կյանքի գնով էին ձեռք բերում այն, փայփայում եւ երազում գոնե մեկ տող կարդալ այնտեղից, ապա հիմա կարող են հեշտությամբ ձեռք բերել այն: Աստվածաշունչը կարդալիս պետք է գիտակցել, որ Սուրբ Գիրքը պատմական կամ գեղարվեստական գիրք չէ. այն չենք կարդում իմանալու, թե ի՞նչ է կատարվել այսինչ կամ այնինչ մարդկանց հետ, այն կարդում ենք, որպեսզի մեր կյանքը փոխվի: Գեղարվեստական գրքերը կարդալիս մենք երրորդ դեմքով ենք պատկերացնում տվյալ իրավիճակը կամ ավելացնում մեր տարբերակը, որը երբեմն ավելի դյուրին է եւ հեշտ, իսկ Աստվածաշունչը կարդալիս հասկանում ենք, որ չկա այլ տարբերակ. կա մեկը եւ ճշմարիտը, ինչն ընդունելը երբեմն դժվար է: Խնդիրը մեր հավատքը եւ կամքն է: Արդյոք մենք պատրա՞ստ ենք մեզ զրկել երկրային հաճույքներից հանուն երկնայինի. չէ՞ որ ասվում է. «Ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի»:
Աստվածաշունչ կարդալու եւ ընկալելու համար պետք է նախ աղոթել, որ Աստված բացի միտքդ, սիրտդ եւ հոգիդ, որպեսզի կարողանաս հավատով մոտենալ Աստվածաշնչին:

Տեր Եսայի քահանա Արթենյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր ոք իր ուրույն պատկերացումներն ու հավատն ունի Աստծո եւ եկեղեցու հանդեպ: Եվ Աստվածաշունչ ընկալելու գաղափարը նույնպես կարող է անհատական լինել. այս պարագայում կարեւորը հավատն է առ Աստված:




Լրահոս