ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԵՋ ՉԻ ՄՏՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված է: Տեղի ունեցածը Հայաստանի համար եզակի դեպք է, երբ երկրի պաշտոնաթող ղեկավարը հայտնվում է մեղադրյալի աթոռին: Ու տրամաբանական է, որ այս իրադարձությանը որեւէ կերպ պետք է անմիջապես արձագանքեր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Սահմանադրությամբ համարվում է, որ նախագահը պետության գլուխն է, Սահմանադրության պահպանման երաշխավորը: Այնպես որ, կարող էր որեւէ կերպ կարծիք հայտնել: Այնինչ` Քոչարյանի կալանավորումից անցել է մոտ մեկ շաբաթ, բայց Արմեն Սարգսյանը լուռ է: «Ժողովուրդ» օրաթերթը նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց թեմայի վերաբերյալ պարզել Սարգսյանի վերաբերմունքը կատարվածին: «Տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում: Դրանցով զբաղվում են համապատասխան մարմինները, որոնք ունեն սահմանադրական ինքնուրույնություն, օրենքով սահմանված լիազորություններ եւ գործառույթներ: «Սահմանադրությունը հստակ սահմանում է իշխանության ճյուղերի, այդ թվում` հանրապետության նախագահի գործառույթներն ու լիազորությունները, որոնց շրջանակը չի նախատեսում խնդրո առարկա հարցի վերաբերյալ որեւէ գնահատական տալը»,-նախագահի պատասխանն են փոխանցել նրա աշխատակազմից: Հարցին` որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, Արմեն Սարգսյանն ինչ է կարծում` 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգի տապալում կամ խախտում տեղի է ունեցել, նշել են. «Սահմանադրության պահպանման գործառույթը եւս չի նախատեսում գնահատական տալ` 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի խախտում տեղի ունեցել է, թե ոչ»:
Համաձայնեք, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանին չէր խանգարի որպես ՀՀ քաղաքացի կարծիք հայտնել այդ գործընթացների մասին` խոսքերը ձեւակերպելով այնպես, որ չդիտվի ուղղորդում: Չնայած, եթե հաշվի առնենք նախագահի արարողակարգային լիազորությունները, Սարգսյանը չի էլ կարող ուղղորդել իրավապահներին:
Հ.Գ. Արդյո՞ք Արմեն Սարգսյանի կաշկանդվածությունը պայմանավորված է ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանքով, որը տեսել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

Ըստ շրջանառվող լուրերի` Երեւանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Զոհրաբյանին հարցրեց՝ հնարավո՞ր է Փաշինյանի կառավարությունը ստիպի ԲՀԿ-ին չմասնակցել ավագանու ընտրություններին: Ի վերջո, ՔՊ ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը, եւ հավանական է, որ նա հասարակության կողմից չընդունվի որպես քաղաքապետի թեկնածու, այդպես հնարավորություն ստեղծվի, որ ԲՀԿ-ն հաղթի ավագանու ընտրություններում՝ շնորհիվ ֆինանսական ու մարդկային ռեսուրսների: «Ինչպես կարող է որեւէ մեկը, ինչ պաշտոնյա էլ ինքը լինի, որեւէ քաղաքական ուժին արգելել մասնակցել ընտրությունների: ԲՀԿ-ն ունի այլեւս կայացրած քաղաքական որոշում, որ անպայման մասնակցելու է այդ ընտրություններին»,- ասել է Զոհրաբյանը:

 

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քոչարյանը պահվում է «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ: Ուշագրավն այն է, որ մինչ օրս կալանավորված հայտնի պաշտոնյաները եւս տարվել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դեպքում իրավիճակը այլ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Քոչարյանը խնդրել է, որ եթե իրեն կալանավորեն, ապա տեղափոխեն այնպիսի խուց, որտեղ որեւէ այլ անձ չլինի, եւ նա ցանկանում է այդ խցում մենակ մնալ: Ըստ էության նրա՝ նախկին նախագահ լինելու գործոնն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները բավարարել են խնդրանքը: Մինչ այդ, Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, թե նա հարմարվել է այնտեղի պայմաններին, զբաղվում է սպորտով, նաեւ շարունակում է գիրք գրելը:

 

 

 

Իրանական «Սավա» ընկերությունը, որ իրականացնում էր «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատվածներից մեկի կառուցումը, լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել իր 17 աշխատակիցներին. մարդիկ 5 ամիս աշխատել են, բայց այդպես էլ չեն վարձատրվել: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-1 եւ Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման եւ բարելավման աշխատանքների կապալառուն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն է: Իսկ ահա «Սավա»-ն վերոնշյալ ընկերության ենթակապալառուն է, որը պարտավորվել էր նորոգել Երեւան-Թալին ճանապարհի Ագարակ գյուղի 3 կմ ճանապարհահատվածը: Սակայն ընկերությունը ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարել եւ ճանապարհի նորոգման աշխատանքներն էլ ավարտին չի հասցրել, միաժամանակ պարտքեր կուտակել: Հիմա այդ ընկերության հետ պայմանագիրը դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Սավա» ընկերության աշխատակիցները՝ պատմելով, որ իրանական այս ընկերությունը ունեցել է երեք բաժնետեր, որից երկուսը աշխատողների համար նախատեսված աշխատավարձերը վերցրել է ու փախուստի դիմել: Իսկ երրորդ բաժնետերը ՀՀ-ում է, բայց ոչինչ չունի:

 

 

 

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով արձանագրենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ՀՀ իշխանությունների արձագանքը բավական հաջողված էր, սա առանց չափազանցնելու: Հիշում եք` Լավրովը անդրադառնալով մարտի 1-ի գործով ՀՀ նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուն` ասել էր. «Իրադարձությունները ակնհայտորեն խախտում են այդ դրական մթնոլորտը, հակասում են ՀՀ նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ քաղաքական հետապնդումներ չեն լինում,- եւ հավելել,-այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաեւ ԱՊՀ տարածքի կազմակերպությունների բնականոն աշխատանքի մասով»:
Մինչ գիշերվա ընթացքում շատերը փորձում էին վերլուծել Լավրովի խոսքերը, վաղ առավոտյան եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը: Ճիշտ է` Փաշինյանն ուղղակիորեն չանդրադարձավ Լավրովի խոսքերին, չմեկնաբանեց դրանք, չհակադարձեց: Նա պարզապես ՀՀ քաղաքացիներին օգոստոսի 17-ին իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրեց Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին՝ ասելով, որ խոսելու են Հայաստանի հնարավորություններից ու մարտահրավերներից, նաեւ ինչպես ենք կարողանալու հնարավորություններն օգտագործել, մարտահրավերները՝ կառավարել: Այդ հանրահավաքով Փաշինյանը ՌԴ-ին ու, ընդհանրապես, բոլորին նպատակ ունի ցույց տալու, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների` ինքը վայելում է հասարակության լիակատար աջակցությունը: Հետեւաբար մարտի 1-ի բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իր գործողությունները պատվիրակված են հասարակության կողմից: Ու այդ ամենի դեմ ցանկացած ոտնձգություն առաջին հերթին ոտնձգություն է հայ հասարակության հանդեպ:
Ավելի ուշ Լավրովի հայտարարություններին արձագանքեց արդեն ԱԳՆ-ն՝ խոսնակ Տիգրան Բալայանի միջոցով: Ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացները պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններով, Բալայանը շեշտել է, որ դրանք «փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ եւ չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան»: Միաժամանակ, ԱԳՆ խոսնակը վերահաստատել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը:
Ասել է, թե ՀՀ-ն շատ նրբորեն հասկացրել է ՌԴ-ին, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, որի խնդիրներին պետք չէ միջամտել, եւ որ ներքին հարցերի լուծումն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, կապ չունի արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետ:




Լրահոս