ԵԹԵ ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ, ԹՈՂ ԳԱՆ, ԻՆՁ ՀԱՃՈՅԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր է դնում: Ավելի ուշ «Ծառուկյան» խմբակցությունից հայտարարեցին, թե գործընկերոջ քայլն ունի բացառապես անձնական պատճառ. պայմանավորված է առողջական պատճառներով: Սակայն տարօրինակ զուգադիպությամբ այս որոշումը համընկավ Բոստանջյանի` մեկ օր առաջ արած հայտարարությունների հետ, երբ խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին` նշել էր, որ դա կարելի է որակել որպես քաղաքական հետապնդում:

Հատկանշական է, որ «Ծառուկյան» խմբակցությունն այս թեմայով որեւէ հայտարարություն չէր տարածել: Եվ պատգամավորի` հաջորդ օրը մանդատը վայր դնելու որոշումը լուրջ կասկածներ է հարուցում առ այն, որ նրա արտահայտած կարծիքը դուր չի եկել կուսակցությանը: Պետք է նշել, որ նախկինում խորհրդարանական մյուս խմբակցությունների պարագայում եւս նման դեպքեր եղել են: Հիշում եք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, երբ մայիսի 1-ին, չնայած խմբակցության որոշմանը, հրաժարվեց կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ հայտարարեց, որ պատրաստ է վայր դնել պատգամավորական մանդատը: Ավելի ուշ Վարդանյանը հեռացվեց ՀՅԴ շարքերից: Այլակարծության, կուսակցության դիրքորոշմանը դեմ գնալու կապակցությամբ խնդիրներ են ունեցել նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները: Դարձյալ վարչապետի ընտրության ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը, նախապես խմբակցության հետ չհամաձայնեցնելով, կողմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանին: Եւ մինչ ՀՀԿ-ն քննարկում էր նրանց հեռացնելու հարցը, իրենք հայտարարությամբ դուրս եկան ՀՀԿ խմբակցությունից: Հիմա էլ կարծես թե նույն բախտին արժանացավ Վարդան Բոստանջյանը, բայց «Ծառուկյան» խմբակցությունում բարձրաձայն չեն ընդունում, որ մանդատը պատգամավորը վայր է դնում տարբերվող կարծիք հայտնելու համար: Թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Բոստանջյանի հետ:
-Պարո՛ն Բոստանջյան, Դուք վերջնականապես մանդատը վայր դրեցի՞ք, թե՞ հնարավոր է` հետ վերցնեք:
-Այո, իսկ ի՞նչ խնդիր կա:
-Ձեզ հորդորել են, որ հիվա՞նդ ձեւանաք, թե՞ իսկապես առողջական խնդիրներ կան:
-Ո՛չ, ես պետք է գնամ: Գերմանիա եմ գնալու օգոստոսի 5-ին:
-Բուժմա՞ն համար:
-Այո՛:
-Հետաքրքիր է, որ սա համընկավ այն փաստի հետ, որ Դուք մանդատը վայր դնելուց մեկ օր առաջ հարցազրույց էիք տվել Քոչարյանի կալանավորման վերաբերյալ եւ ասել, որ դա քաղաքական հետապնդում կարելի է համարել: Դուք այդ տեսակետը հայտնելուց համաձայնեցրե՞լ էիք կուսակցության ղեկավար կազմի հետ:
-Բացարձակապես: Ինչի՞ ես առաջին անգամ եմ հանդես եկել: Որեւէ մի անգամ այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել:
-Դուք Ձեր կարծիքն եք հայտնել` ելնելով ինչի՞ց:
-Ելնելով իրավիճակից, գործընթացից, ընթացքից, զարգացումներից:
-Կարծիք կա, որ Դուք պարբերաբար Հանրապետական կուսակցությանը հաճոյանալու փորձեր եք անում:
-Բոստանջյանն իր էությամբ այնպիսին է, որ ով որ այդ կարծիքը հայտնում է` այդ կարծիքը թող մտցնի իր քամակը: Բոստանջյանը 70 տարեկան մարդ է, ու ոչ մեկն իրավունք չի ունեցել այդպիսի բան ասելու: Եթե որոշները կարող են, թող գան, ինձ հաճոյանան: Ու ես իրենց կպատասխանեմ: Այդ կարծիքները զիբիլ են: Մեր երկիրը փչացնելու համար է, որ այսպիսի կարծիքները գեներացվում են: Դրանք ստահոդ, հիմքից զուրկ բաներ են: Այ, դա մենք իրավունք չունենք դարձնենք խոսակցության առարկա: Դրանով մենք փչացնում ենք բոլորին:
-Իսկ Քոչարյանին վերաբերող կարծիքը հայտնելուց հետո արդյո՞ք կուսակցության ներսում քննարկվել են Ձեր արտահայտած մտքերը:
-Ոչ: Ինչո՞ւ պիտի քննարկենք: Հո ամեն բառ արտաբերելուց հետո քննարկում չպետք է լինի: Դա որեւէ մի տեղ գրվա՞ծ է, լսվա՞ծ է նման բան: Ես որ ծանոթ չեմ այդպիսի բանի:
-Դուք շարունակո՞ւմ եք Քոչարյանի առնչությամբ նույն կարծիքին մնալ:
-Այո՛: Ես վատ կարծիք չեմ հայտնել, պարզապես գնահատական եմ տվել պրոցեսին: Եվ այդպես մի բարդ կարծիք չի, որ ասենք` գիտեք, շուտափույթ ձեւով ես փոշմանեցի:
-Այսինքն` այն, ինչ Քոչարյանի հետ կապված կատարվում է` ճիշտ չէ՞:
-Էլ արդեն հերիք է..:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԿԼԻՆԵՆ

Չնայած դեռեւս պաշտոնապես հայտնի չէ Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման օրը, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերն արդեն վաղուց սկսել են իրենց քարոզարշավը: Եվ հետաքրքիրն այն է, որ բոլոր դեպքերում քաղաքական ուժրի ներկայացուցիչներն անդրադառնում են աղբահանության հարցին` այն դարձնելով իրենց արշավի անկյունաքարը:

Նախ օրեր առաջ Սիլիկյան թաղամասում աղբավայրի հրդեհի վայր է այցելում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով այս պահին համարվում է այդ կուսակցության քաղաքապետի թեկնածուներից մեկը: Երեկ էլ «Սանիթեք» ընկերության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ավագանու «Ելք» խմբակցության անդամները, ընդ որում՝ ոչ թե վարչապետ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, այլ «Ելք»-ի անդամ «Լուսավոր Հայաստանի» ավագանիները: Ավելի վաղ նաեւ «Ելք»-ի անդամ «Հանրապետություն» կուսակցության ավագանիներից Թեհմինա Վարդանյանն էր հանդիպել «Սանիթեք»-ի ղեկավարներին` բարձրացնելով նույն թեման: Գաղտնիք չէ, որ աղբահանությունն ամենախնդրահարույց հարցերից է, եւ դրանից էլ փորձում են օգտվել ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը:
Սակայն հետաքրքիրն այն է, որ ակտիվ են այն ուժերը, ովքեր դեռ պաշտոնապես չեն ներկայացրել իրենց թեկնածուին: Այս պահի դրությամբ դեռեւս հայտնի է, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, ԵԾ-ինն էլ` Զարուհի Փոստանջյանը: Մյուս ուժերի թեկնածուների շուրջ միայն տեղեկություններ են շրջանառվում: Դեռեւս վերջնական չի որոշվել, թե ինչպես են ընտրություններին մասնակցելու «Ելք» դաշինքի մաս կազմող ուժերը: Չի բացառվում, որ դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ընտրություններին միասին մասնակցեն` կրկին «Ելք» անվամբ: Իսկ նրանց թեկնածուն կարող է լինել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Երեկ այդ մասին հայտարարել է ԼՀԿ-ական Դավիթ Խաժականը: Ակնհայտ է, որ ԼՀԿ-ի ու Հանրապետության համար առանց ՔՊ-ի` առանձին-առանձին ընտրություններին մասնակցելը դժվար կլինի, եւ փորձում են համատեղել ուժերը:
Ակնհայտ է, որ Զարուհի Փոստանջյանն իր «Երկիր ծիրանիով» ՔՊ-ի համար լուրջ մրցակից չէ. նրանք ավագանիում հայտնվեցին միայն այն բանի շնորհիվ, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները 2017թ. չէին մասնակցում ավագանու ընտրություններին:
Սակայն ինչ հայտնի է դարձել, որ ՔՊ-ի թեկնածուն Հայկ Մարությանն է, նաեւ քննադատություններ են առկա, եւ նշվում է, որ ամենալավ ընտրությունը չէ, որ կարող էր լինել: Ըստ այդմ, չի բացառվում՝ ՔՊ-ն խնդիրներ ունենա, երբ հասարակությունը դերասանին չընդունի որպես քաղաքապետ, լուրջ չվերաբերվի հումորային ֆիլմերի գլխավոր դերակատարին: Ու որքան էլ փորձ արվի համոզելու, թե ընտրությունները պետք է ընթանան ծրագրերի մեջ, միեւնույն է` հատկապես ՏԻՄ ընտրությունները ՀՀ-ում անձնավորված են ընկալվում: Եվ այս պարագայում իսկապես կարեւոր է, թե ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերից որն ինչ թեկնածուով է մասնակցելու, ովքե՞ր են լինելու մրցակիցները: Այդ առումով ՔՊ-ի համար դժվար մրցակից կարող է լինել նաեւ ԲՀԿ-ն, որն ունի ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ, այս իշխանության մաս է, իսկ հավանական թեկնածուներն էլ ճանաչված մարդիկ են, ովքեր կարող են իրենց համար ձայներ ապահովել: Իսկ հնարավո՞ր է Փաշինյանի իշխանությունն անի այնպես, որ ԲՀԿ-ին ստիպի չմասնակցել ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ինչպես կարող է որեւէ մեկը, ինչ պաշտոնյա էլ ինքը լինի, որեւէ քաղաքական ուժին արգելել մասնակցել ընտրությունների: ԲՀԿ-ն ունի այլեւս կայացրած քաղաքական որոշում. առաջիկա Երեւանի ավագանու ընտրությանը, որը կարծես թե հստակ է, որ տեղի կունենա սեպտեմբեր ամսին, անպայման մասնակցելու է», – նշեց նա: Միեւնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, թե առաջիկա օրերին կհստակեցվի նաեւ թեկնածուի հարցը:
Ամեն դեպքում ավագանու ընտրություններին հետաքրքիր մրցակցություն եւ դիմակայություն է սպասվում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՐՏՈՆՅԱԼ ԵՆ ԵՂԵԼ, ՉԵՆ ԻՄԱՑԵԼ
Հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը: Հետաքրքիրն այն է, որ խոսքը վերաբերել է նաեւ բարձրաստիճան հոգեւորականներին, որոնց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեռեւս հուլիսի 25-ին հրահանգ է եղել վերադարձնել դիվանագիտական անձնագրերը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւս այդպիսի հրահանգ է տրվել Մայր Աթոռից, սակայն չի մեկնաբանվել, թե ինչու: «Մայր Աթոռից են ասել, որ արտգործնախարարությունը պահանջում է մեր անձնագրերը: Հուլիսի 25-ին եմ այդ մասին տեղեկացել, իսկ չեղարկման մասին էլ` երեկ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա: Մեր դիտարկմանը` ինչպես են վերաբերվում այդ որոշմանը, Աջապահյանն ասաց. «Թող սպասեին, 8 ամիս հետո կավարտվեր դիվանագիտական անձնագրի ժամկետը, չէինք տա, կասեին` չեն տալիս, այլեւս արտոնյալ չպետք է լինեք: Պարզվում է` մենք արտոնյալ ենք եղել, չենք իմացել»:
Ընդգծենք, որ դիվանագիտական անձնագրեր շնորհելը սահմանված է օրենքով, եւ հստակ ամրագրված է, թե որ պաշտոնյաները եւ նրանց հետ փոխկապակցված որ անձանց է տրվում: Սակայն գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը դիվանագիտական անձնագրեր շռայլել է շատերին: Նախկին պաշտոնյաներից շատերը մինչ այժմ էլ ունեն այդ անձնագրից: Ընդ որում, համառ տեսակետ կա, որ նոր կառավարությունը նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերն անվավեր է ճանաչել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան անարգել լքել երկիրը՝ կոռուպցիոն բացահայտումների, մարտի 1-ի գործի վերաբացման ֆոնին ճողոպրելով պատասխանատվությունից:

 

 

ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ, ՉԻ ՎՃԱՐՈՒՄ
Հայաստանի հանքարդյունահանող խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը շահագործում էր Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից պարզեց, որ «Թեղուտ»-ը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 3 մլրդ 730 մլն 209 հազար դրամ հարկ ու տուրք: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 6 մլրդ 21 մլն 431 հազար դրամ: Ստացվում է, որ ընկերությունը վերջին մեկ տարում ավելի քան 2 մլրդ 291 մլն դրամով կրճատել է հարկային վճարումները: Նշենք, որ «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ընկերությունը շահագործում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը: Նշենք, որ այս տարվա հունվարի 24-ին «Թեղուտ ՓԲԸ»-ն հայտարարեց, որ անորոշ ժամանակով դադարեցնում է հանքավայրի շահագործումը, ապա մոտ 1200 աշխատակիցների աշխատանքից ազատեց: Հենց սա էլ ընկերության` հարկային վճարումների կրճատման պատճառն է դարձել:




Լրահոս