«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղապետարանը հայտնվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության թիրախում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը վերջերս այս գյուղապետարանում մանրակրկիտ ստուգումներ է իրականացրել: Տեղեկացնենք, որ Ավշարի գյուղապետը`Սուրիկ Գրիգորյանը, Արարատի նախկին մարզպետ Արամայիս եւ ներկայիս ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանների եղբայրն է: Ի դեպ, ՀՀԿ-ական Սուրիկ Գրիգորյանը արդեն 18 տարի է, ինչ Արմաշի գյուղապետն է:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Սուրիկ Գրիգորյանի հետ, սակայն վերջինս տեւական ժամանակ է, ինչ չի պատասխանում հեռախոսազանգերին: Իսկ գյուղապետարանում աշխատանքային ժամերին գրեթե անհնար է նրան «բռնացնել»` կամ «տեղում չէ» կամ էլ` «հենց նոր է դուրս եկել»:
Ի վերջո, մեզ հաջողվեց խոսել նրա աշխատակազմի ղեկավար Հովիկ Ղուկասյանի հետ, ով անդրադառնալով գյուղապետարանում իրականացված ստուգումներին` արձագանքեց. «Արդյունքերի վերաբերյալ իրենք կհայտարարեն, մեզ էլ դեռ որեւէ բան չեն ասել: Վերջապես այդ արդյունքների վերաբերյալ պետք է ունենանք չէ՞ որեւէ եզրակացություն: Հիմա սպասում ենք դրան: Եթե խախտումներ արձանագրած լինեին, կասեին»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին`հնարավո՞ր է գյուղապետարանում ստուգումներ անցկացնելու պատճառը պատգամավոր եւ նախկին մարզպետ եղբայրներն են, աշխատակազմի ղեկավարն ասաց. «Այդ մասին չեմ կարող խոսել»: