Փաստորեն թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոն ստացած անձանց ցանկում եւս կան այնպիսիք, որ ժամկետում չեն ներկայացրել իրենց գույքի եւ ունեցվածքի հայտարարագրերը: Միայն թե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնք փորձում էին թաքցնել իրենց ահռելի ունեցվածքը, նոր կառավարության անդամների թերացումն օրենքի չիմացության հետեւանք է:
Մասնավորապես, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ամփոփել է արդյունքները եւ պարզել, որ հուլիսի 24-ի դրությամբ օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չեն ներկայացրել 19 պաշտոնատար անձինք: Այդ առնչությամբ հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը նախատեսված առերեւույթ իրավախախտման հատկանիշներով:
Այդ հոդվածում սահմանված են նաեւ հայտարարագիրը չներկայացնելու հետեւանքները: Մասնավորապես այդ վարչական տույժի կիրառումից հետո` 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Իսկ վարչական տույժի կիրառումից հետո` 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ուսումնասիրելով այն պաշտոնյաների ցանկը, ովքեր չեն ներկայացրել հայտարարագրերը, պարզեցինք, որ խոսքը նաեւ հեղափոխությունից հետո պաշտոն ստացածների մասին է: Նրանց թվում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Զարեհ Սարգսյանը, ՔՊՀ պաշտոնյաներ, քննիչներ:
«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը խոստովանեց, թե ժամկետը չի իմացել ներկայացնելու, դա է խնդիր եղել, եւ արդեն ներկայացրել է: Եվ, իսկապես, երեկվա դրությամբ կայքում արդեն տեղադրված էր նրա հայտարարագիրը: Ուսումնասիրելով այն` պարզ դարձավ, որ Խառատյանն ունի 1 մլն դրամ, 5 հազար դոլար, իսկ մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է 4 հազար լարի: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սարգիս Գինոյանի հայտարարագիրը եւս արդեն հրապարակված է: Նա ունի բնակելի տուն, VAZ 21213 մակնիշի ավտոմեքենա, 1 մլն 800 հազար դրամ , իսկ մեկ տարվա եկամուտն էլ կրկին 1 մլն դրամից ավելի է եղել:
Միաժամանակ սույն թվականի հուլիսի 24-ի դրությամբ 2017 թվականի տարեկան հայտարարագրերը դեռեւս հանձնաժողովին չեն ներկայացրել 8 պաշտոնատար անձինք, թե ովքեր, հանձնաժողովը չի նշել: Եթե չներկայացվի, ապա «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիման վրա վարույթի նյութերը կուղարկվեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերեւույթ հատկանիշներով: Նշենք, որ սույն թվականի մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի հայտարարագիրը չէին ներկայացրել 51 պաշտոնատար անձինք: Այսինքն` երկու ամսվա ընթացքում 51 պաշտոնյայից 43-ն արդեն ներկայացրել են իրենց հայտարարագրերը:
Ինչպես հայտնի է` ՀՀ պաշտոնյաները ժամկետներում պետք է ներկայացնեն գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիր: Ընդ որում, այս անգամ ներկայացվելիք հայտարարագրերն ավելի հետաքրքիր եւ կարեւոր էին 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համատեքստում, որի հետեւանքով քրեականացվել էր ապօրինի հարստացումը: Եվ արդեն պետք է ուսումնասիրվեն պաշտոնյաների հայտարարագրերը` պարզելու համար՝ արդյո՞ք նրանք ապօրինի են հարստացել, թե՞ ոչ: Ընդ որում, քանի որ օրենքը չունի հետադարձ ուժ, ապա այդ որոշումն անդրադառնալու է միայն 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստացողներին: Ասել է, թե մինչ այդ միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ
Հուլիսի 27-ին` մինչեւ կալանավորումը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշել էր, թե 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելուց առաջ խորհրդակցել է ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, ինչպես պահանջում է Սահմանադրությունը: 2008 թվականին ԱԺ նախագահը Տիգրան Թորոսյանն էր, վարչապետը՝ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է Տիգրան Թորոսյանին: «Դա սահմանադրական նորմ է, վերջ»,- ասաց նա: Դիտարկմանը, թե Քոչարյանը սլաքները նաեւ իր կողմ է ուղղել, Թորոսյանն ասաց. «Դա սխալ տպավորություն է: Ոմանք դա փորձում են շահարկել, ոմանք էլ սխալ տպավորություն են ստացել: Եվ նման բան ընդհանրապես անհնար է»:
ՇԱՏ ՓՈՂ
Այս տարվա հունիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների ներհոսքը կազմել է 164 մլն 200 հազար դոլար: Նկատենք, որ անցած տարվա հունիսի համեմատ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների ներհոսքը ավելացել է 16 մլն 611 հազար դրամով: Իսկ ահա մայիսի համեմատ տրանսֆերտների ներհոսքը 24 մլն 527 հազար դոլարով է ավելացել: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ ավելանալ: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հունիսին, մայիսի համեմատ, ավելացել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտների ներհոսքը, որը կազմել է 105 մլն 104 հազար դոլար: Նկատենք, որ ՌԴ-ից տրանսֆերտների ներհոսքը Հայաստան այս հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 9 մլն 855 հազար դոլարով: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Շուտով կլրանա «Թուֆենկյանի» կրակոցների գործով քննության մեկ տարին, սակայն իրավապահ համակարգին չի հաջողվում Վրաստանից բերել տալ սպանությունը կազմակերպողներին: Ինչպես հայտնի է` 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կրակոցներ հնչեցին, ինչի արդյունքում սպանվեց մեկ անձ: Ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը մեղադրվեցին ալավերդցի մեկ այլ քրեական հեղինակության` Վահագն Աբգարյանի ընկերոջ սպանության եւ Վահագնի սպանության փորձի մեջ, սակայն սպանությունը իրականացնելուց հետո փախել էին Վրաստան: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկություններով` քրեական այս երկու հեղինակությունները բավական լուրջ կապեր ունեն այդ երկրի իշխանական վերնախավում, ու հիմա նրանք գործին խառնել են մերձավորներին, որպեսզի հնարավորինս երկարաձգվի նրանց վերադարձնելը, իսկ եթե հնարավոր է` ընդհանրապես ձախողվի այդ գործընթացը, եւ խուսափեն պատժից:
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով պարգեւատրել է ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներին` Վազգեն Հարությունյանին եւ Էդգար Գեւորգյանին:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերով հայտնել է, որ oգոստոսի 17-ին` ժամը 18.30-ին, մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում: Նա խոսելու է այս ընթացքում կատարած աշխատանքի մասին:
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Սահմանադրական դատարանը եւ Վճռաբեկ դատարանը կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանությանը կամ կիրառմանը: Համաձայն Եվրոպական դատարանի հաղորդագրության` դա հնարավոր է դարձել տասը անդամ երկրների կողմից ստորագրված եւ վավերացված՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից թիվ 16 արձանագրության ուժի մեջ մտնելով: Հայաստանը փաստաթուղթը վավերացրել է անցած տարվա հունվարին: Նշենք, որ Եվրադատարանը կարող է իր հայեցողությամբ բավարարել կարծիքի համար դիմումները կամ ոչ:
ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Երեւանում հանդիպել է Իտալիայի արտգործնախարար Էնցո Միլանեզիի հետ: Նրանք անդրադարձել են տարածաշրջանային մի շարք խնդիրների: Զ. Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը: Նախարար Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի կողմից շարունակաբար հնչող ռազմական հռետորաբանությունը եւ հայատյացության սերմանումն ուղղված են խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի տապալմանը: Հայաստանի եւ Իտալիայի ԱԳՆ ղեկավարները կարեւորել են բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը:
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարար Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղավիացիայի խնդիրների շուրջ քննարկում` քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի, ոլորտի մասնագետների եւ շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ: Հայաստանյան ավիաընկերությունների ներկայացուցիչներն ու մասնագետները ներկայացրել են իրենց առանձնացրած խնդիրներն ու հանդես եկել առաջարկություններով: Քննարկման առանցքային թեման ազգային ավիափոխադրող ունենալու հարցն էր, որն, ըստ ներկաների, ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ ոլորտի առաջընթացի նախապայման: Հայաստանում գրանցված ընկերություններն այս պահին 6-ն են, բայց փաստացի դրանցից միայն մեկն է չվերթեր իրականացնում:
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում քաղաքացիներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար գումար են պահանջել, ինչի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` հաղորդում է ներկայացրել 12 քաղաքացի, որից 10-ի հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 312 հոդվածի 2-րդ մասով: Ըստ քաղաքացիների բողոքի` տարվա մեջ մի քանի անգամ գումար են պահանջել իրենցից նպաստառուների ցուցակում ընդգրկված թողնելու համար: Պահանջված գումարը կազմել է 2 միլիոն 350 հազար դրամ: Նախաքննությունը իրականացնելու է քննչական կոմիտեն: