Իրանական «Սավա» ընկերությունը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել իր 17 աշխատակիցներին: Բանն այն է, որ նրանք 5 ամիս աշխատել են, բայց այդպես էլ չեն վարձատրվել:
Ինչպես հայտնի է` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-1 եւ Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման եւ բարելավման աշխատանքների կապալառուն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն է: Իսկ ահա իրանական «Սավա»-ն վերոնշյալ ընկերության ենթակապալառուն է, որը պարտավորվել էր նորոգել Երեւան-Թալին ճանապարհի Ագարակ գյուղի 3 կմ ճանապարհահատվածը: Սակայն ընկերությունը ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարել եւ ճանապարհի նորոգման աշխատանքներն էլ ավարտին չի հասցրել, միաժամանակ էլ պարտքեր է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը` տեսնելով, որ «Սավա»-ն չի կատարում պայմանագրով նախատեսված իր աշխատանքային պարտականությունները, դադարեցրել է «Սավա»-ի հետ պայմանագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ընկերության կողմից խաբված թվով 17 աշխատակից. նրանք այս տարվա հունվարից մինչեւ մայիսի վերջ աշխատել են, բայց այդպես էլ այդ ամիսների աշխատավարձը չեն ստացել: Նրանց պատմելով` իրանական այս ընկերությունը ունեցել է երեք բաժնետեր, որից երկուսը աշխատողների համար նախատեսված աշխատավարձերը վերցրել են ու փախուստի դիմել: Իսկ երրորդ բաժնետերը դեռ Հայաստանում է, բայց ոչինչ չունի: «Այսինքն` «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը վճարել է «Սավա»-ին նախատեսված գումարը, բայց երկու բաժնետերերը վերցրել են գումարները ու փախել: Մեր հասանելիք աշխատավարձերով փախել են: Հիմա այդ երրորդ բաժնետերը ոչինչ չունի, անգամ գործն են ձեռքից վերցրել… ոչ մի բան չունի, ինքը մի հատ շալվար ունի, մի սվիտեր, մի հատ էլ բոթաս, վերջ, ուրիշ ոչինչ չունի: Գործի 90 տոկոսն արել էինք, բայց մեզ այնքան խաբեցին` էսօր-վաղը կտանք, մենք էլ մտածեցինք` մարդ է, կտա, ու աշխատեցինք: Հետո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» -ն գործը «Սավա»-ի ձեռքից վերցրեց, եւ մենք էլ մնացինք առանց աշխատանքի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց ընկերությունում որպես վարորդ աշխատած Հայկ Սարգսյանը:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ընկերության կողմից խաբված աշխատողները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բացի այս, նրանք այս խնդրով անգամ դիմել են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, որտեղ իրենց դիմավորել են, լսել խնդիրը, խոստացել են ուսումնասիրել եւ պատասխանել, բայց այդպես էլ չեն արձագանքել:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ ենթակապալառու ընկերությունների մասով իրենք իրավասություն չունեն եւ չեն կարող միջամտել: Դժգոհող աշխատողներից մեկի` Անդրանիկ Հարթենյանի խոսքերով` նախարարությունից իրենց հորդորել են այս հարցը լուծել դատական կարգով:
«Բայց «Սավա»-ի երրորդ բաժնետերը չի հրաժարվում պարտքից. մենք ամեն անգամ երբ գնում ենք իրեն հետ հանդիպման, ասում է` կտամ, համբերեք: Մյուս կողմից էլ` արդեն մի քանի ամիս է` տանում-բերում է, բայց չի վճարում: Մեկին 800 հազար դրամ է պարտք, մի վարորդին` 1 մլն 200 հազար դրամ, մյուսին` 1 մլն 500 հազար դրամ: Աշխատող կա, որին ընկերությունը 700-900 հազար դրամ պարտք ունի»,-նկատեց Ա. Հարթենյանը եւ հիշեց, որ իրեն ընկերությունը 2 մլն դրամ է պարտք: Ապա ավելացրեց, որ հինգ ամիս աշխատելով` ընդամենը 110 հազար դրամ է կարողացել որպես աշխատավարձ ստանալ: Ի դեպ, աշխատողներից մեկն էլ աշխատավարձի դիմաց ընկերությունից դիզվառելիք է վերցրել, որն էլ շուկայական գներով վաճառել է: Ի դեպ, նշենք, որ «Սավա» ընկերությունը պարտք է նաեւ Ուջանի բենզալցակայաններին. դիզվառելիք է վերցրել ու պարտքը չի վճարել:
Աշխատողները հույս ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմիջամտի եւ այս հարցին լուծում կտա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐՆ ԱԿՏՈՒԱԼ ԵՆ
Հանրապետությունում, սեզոնին համահունչ, դիտվող վարակային հիվանդությունները եւ հատկապես աղիքային վարակները շարունակում են ակտուալ մնալ, բայց ոչ վախեցնող, այս մասին ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի` վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Հունիս ամսվա տվյալներով` նկատվել էր աճ 1/1 անգամ` ի հաշիվ դիզենտերիա հիվանդության, որը չորս անգամ ավելի է արձանագրվել, քան նախորդ տարի: Հուլիս ամսին աճող թվերը պահպանվել են, բայց վերջին օրերին նկատվում է թեթեւակի նվազում վարակների մասով: Դիզենտերիային, սննդային թունավորումները կայուն սանդղակում մնում են նույնը, ոչ աճման միտում ունենք, ոչ էլ նվազման, կայուն իրավիճակ է դիտվում վարակիչ հիվանդությունների դեպքում, մասնավորապես աղիքային վարակների մասով եւս»,-ասել է նա:
Թորոսյանը նշեց, որ Երեւանի որոշ համայնքներից ահազանգեր են եղել որոշակի հարցով, բայց նախարարությունն իրականացրել է ջրի մոնիտորինգ, որի արդյունքում շեղումներ չեն արձանագրվել: Մասնագետի խոսքով` լոկալ բռնկում է եղել Արագածոտնի Սարալանջ համայնքում, եւ հիվանդանոց տեղափոխվածներն արդեն առողջացել, դուրս են գրվել: Ի դեպ, Լ. Թորոսյանը նշել է, որ Հայաստանը համաճարակներին արագ արձագանքող 9 լավագույն երկրների ցանկում է, ստացել է 90 միավոր: «Այսինքն` այնպիսի երկիր ենք ճանաչվել, որը հնարավորություն ունի արագ ճանաչելու վիրուսը եւ թույլ չտալու, որ բռնկումը տարածվի»,-շեշտել է նա: Առողջապահության նախարարությունը հորդորում է աղիքային վարակների նվազման հարցերը ուշադրության կենտրոնում պահել` պահպանել անհատական հիգիենան, սնունդը ճիշտ պատրաստել եւ պահպանել, շոգ օրերին խուսափել արեւի ճառագայթներից, ինքնաբուժմամբ չզբաղվել:
ԸՆԴԴԵՄ ՊԼԱՍՏԻԿԻ
Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից: Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին եւ նախարարության ենթակա կազմակերպություններին նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր:
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՍԿԶԲՈՒՆՔ Է
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հանգամանքը մեզանում լայն քննարկումների տեղիք է տվել եւ խնդրի իրավական կողմը չանտեսելու համար կարեւոր ենք համարում ստեղծված իրավիճակը դիտարկել իրավական տեսանկյունից եւ ստորեւ կփորձենք ստեղծված իրավիճակին տալ զուտ իրավական գնահատական՝ շեշտադրելով նախկին նախագահի անձեռնմխելիության հարցը:
Եվ այսպես.
Արդյոք պաշտոնաթող նախագահն
ունի անձեռնմխելիություն
Անձեռնմխելիության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ անձեռնմխելիությունը սահմանադրական սկզբունք է, որը ամրագրված է թե 2005-ի եւ թե 2015-ի սահմանադրության տարբերակների մեջ եւ լինում է երկու տեսակի: Բարդ մասնագիտական բառապաշար չօգտագործելու եւ անմիջապես խնդրի էությունը հասկանալու համար անձեռնմխելիության այդ երկու տեսակները պայմանականորեն կոչենք պաշտոնական եւ անհատական:
Որոնք են այդ անձեռնմխելիության
տեսակները
Պաշտոնական անձեռնմխելիությունը տրվում է պաշտոնատար անձին իր ծառայողական պարտականությունները լիարժեք կատարելու համար: Պաշտոնական անձեռնմխելիության իմաստը նրանում է, որ գործող կամ պաշտոնաթող նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել կամ հետապնդվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Նման իրավիճակում քաղաքացիների մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչպես է պետք տարբերել այն գործողությունները, որոնք կատարվում են կարգավիճակից ելնելով եւ որոնք՝ ոչ:
Չնայած, որ Սահմանադրությունը ամրագրում է նախագահի լիազորությունները, Հայաստանում որեւիցե կերպ տրված չէ այդ գործողությունների իրավական սահմանումը կամ սպառիչ ցանկը եւ ստիպված պետք է անդրադառնանք միջազգային փորձին, որը ընդհանրական կերպով նմանատիպ գործողությունները բնորոշում է որպես «գործողություններ, որոնք ուղղված են պաշտոնատար անձանց կողմից իրենց սահմանադրական պարտականությունների կատարմանը»: Եթե նշված դատողություններին հավելենք նաեւ այն, որ 2005 թվականի Սահմանադրությամբ Նախագահին էր վերապահված արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը, ապա պետք է ընդունենք, որ պաշտոնաթող նախագահը օգտվում է անձեռնմխելիությունից:
Անձեռնմխելիության մյուս տեսակը, որը պայմանավորվեցինք կոչել անձնական, պաշտպանում է նախագահի պարտականությունը կատարող անձին իր կողմից կատարված արարքների կապակցությամբ պատասխանատվությունից:
Հասարակության կողմից նշված պաշտպանության միջոցի էության նկատմամբ հնարավոր թյուր կարծիքի ձեւավորումը կանխելու նպատակով անհրաժեշտ եմ համարում նշել, որ անձեռնմխելիությունը ուղղված չէ որեւէ մեկի համար հանցավոր գործունեություն իրականացնելու արտոնություն սահմանելուն, այլ լուծում է նախագահի կողմից իր պարտականությունների կատարման կայունության ինչպես նաեւ պետական կառավարման հարատեւության հարցը:
Առաջին խնդրի կապակցությամբ անձեռնմխելիությունը անհրաժեշտ է նրա համար, որպեսզի նախագահն անվարան կատարի իր սահմանադրական պարտականությունները եւ չմտահոգվի հետագայում իր գործունեության հետ կապված հնարավոր քաղաքական հետապնդումներից: Երկրորդ դեպքում անձեռմխելիությունը ապահովում է քաղաքական համակարգի կայունությունը, քանի որ պետության ղեկավարների շարունակական դատապարտումը կարող է յուրաքանչյուր մյուս ղեկավարի մոտ խուսափողական մոտեցում առաջացնել իր պարտականությունների կատարման նկատմամբ, ինչպես նաեւ հետ պահել ունակ անհատներին տվյալ պաշտոնը զբաղեցնելուց:
Այսպիսով, Հանրապետության նախագահը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքների համար, որոնք նրա կողմից կատարվել են սահմանադրական լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ շրջանակներում, ինչպես նաեւ չի կարող ձերբակալվել, կալանավորվել, ենթարկվել խուզարկության, հարցաքննության կամ անձնական զննության, եթե այդ գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները իր կողմից կատարելու վերաբերյալ քննվող վարույթների ընթացքում։
Սարգիս Գրիգորյան
GPARTNERS իրավաբանական
գրասենյակ